• Լույս տեսավ Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության պարբերաթերթը

    «Մենք ուզում ենք օգնել երիտասարդներին՝ հույս ունենալու այնտեղ, ուր թվում է, թե ամեն ինչ անհույս է, սիրո գործեր ծավալելու, բարիք ստեղծելու այնտեղ, ուր թվում է, թե անիմաստ է աշխատելը»


    2019թ. նոյեմբերի վերջին Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միությունը լույս ընծայեց իր պարբերաթերթը, որ կոչվում է «Կանթեղ»: Թերթը ներկայացնում է հիմնականում Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միության գործունեությունը, ինչպես նաեւ՝ Հայ Կաթողիկէ և Ընդհանրական Եկեղեցու վերաբերյալ հոգեւոր նյութեր, քարոզներ:

     

    Թերթ ունենալու գաղափարն առաջարկվեց գյուղի հոգևոր հովիվ Տ. Հովսեփ Քհն.Գալստյանի կողմից և մեծ ուրախությամբ ընդունվեց երիտասարդների կողմից: Այն պտուղն է միասնական ջանքերի և կոչված է կարևոր փոփոխություններ բերելու համայնքի կյանքում:

    Տ. Հովսեփ Գալստյանը, թերթի խմբագրականում գրում է հետևյալը.

     

    «Սիրելի հավատացյալնե՛ր,

    այս փոքրիկ թերթի ստեղծման նպատակները երկուսն են.

    1.Նախ մեզ համար կարևոր է մեր երիտասարդների և պատանիների գործունեության մասին ձեզ տեղեկացնելը, որովհետև ձեզանից շատերը չգիտեն կամ քաջատեղյակ չեն, թե ինչ են անում ձեր երիտասարդներն ու պատանիները, երբ ամեն կիրակի՝ Սուրբ Պատարագից առաջ, երկու ժամով հավաքվում են համայնքային կենտրոնի շենքում և, հաճախ, հազիվ տանելի ցրտի պայմաններում, որ ջանում ենք փոքր-ինչ մեղմել, ճիշտ ինչպես եկեղեցում: Բայց մեր սրտե՛րն են ջերմ և վառված՝ Աստծո հանդեպ անսպառ սիրով և երախտագիտությամբ, վճռական՝ աշխատելու միասին՝ հանուն համայնքի երիտասարների համակողմանի զարգացման, ձեր բոլորի բարեկեցության, երջանկության և, ի վերջո, սրբության: Թե ինչ ենք մենք արել և պատրաստվում ենք անելու, ուզում ենք ներկայացնել այս թերթում, որ հուսով ենք՝ կկարդաք: Ուզում եմ, որ ավելի ուշադիր հետևեք ձեր զավակների հավատքի նկարագրին, գործերին, աստվածատուր կարողություններին և ինձ հետ ու բոլոր շահագրգիռ կառույցների հետ միասին ամեն ինչ անեք՝ նրանց խրախուսելու, աջակցելու, զարգացման հնարավորություններ ստեղծելու համար և ոչ երբեք կտրելու նրանց հույսերի, երազանքների, խանդավառության թևերը՝ սահմանափակելով նրանց՝ որպես լիարժեք անհատներ կայանալու հնարավորությունները: Այդ հնարավորություները ինքնին չեն ստեղծվում, միշտ հարկավոր են մարդիկ, ովքեր դրանք միասնաբար ջանում են ստեղծել, թեկուզ ոչնչից՝ կատարյալ հուսահատության մեջ: Այդպիսի ստեղծարար անհատներ են ձե՛ր զավակները՝ մե՛ր երիտասարդները և մեր բոլորիս ապագան: Իսկ մենք կոչված ենք նրանց ծառայելու և օգնելու: Ձեր վախերը, հաճախ անհիմն մտահոգությունները, հույսի պակասը ձեր մեջ, երիտասարդական ավյունի պակասը ձեր մեջ չպետք է խոչընդոտ դառնան ձեր զավակների առաջընթացի համար: Մենք ուզում ենք օգնել երիտասարդներին՝ հույս ունենալու այնտեղ, ուր թվում է, թե ամեն ինչ անհույս է, սիրո գործեր ծավալելու, բարիք ստեղծելու այնտեղ, ուր թվում է, թե անիմաստ է աշխատելը: Ուզում եմ, որ իրենք, որ այդքա՜ն լավն են, լինեն ավելի լավ զավակներ՝ ձեզ համար և ավելի լավ զավակներ՝ Եկեղեցու համար և ավելի լավ քաղաքացիներ՝ իրենց երկրի և մարդկային հասարակության համար: Չեմ կարծում, որ չկիսեք իմ այս ցանկությունը:

     

    Բայց ժամանա՛կն է ավելի ակտիվ խրախուսելու ձեր երիտասարդներին, որպեսզի մասնակցեն երիտասարդական միության ձեռնարկներին: Բոլոր խնդիրները կհաղթահարենք միասին, ինչպես արդեն, երևի, համոզվել եք, թե որքա՛ն թանկ է ինձ համար յուրաքանչյուր երիտասարդի ներկայությունը:

     

    Սիրելի՛ երիտասարդներ և պատանիներ՝ նրանք, ովքեր դեռ չեն մասնակցում մեր ձեռնարկներին, հրավիրում ենք ձեզ ևս միանալու մեր միությանը, ձեր բոլոր խնդիրները կհաղթահարենք միասին, համոզված եղե՛ք:

    2.Թերթի ստեղծման երկրորդ նպատակն է ձեզ օգնելը, որպեսզի ավելի հստակ նկատեք Աստծո ներկայության և աստվածային սիրո նշանները ձեր ընտանիքներում և ձեր համայնքներում: Այդ նշանները ձեր երիտասարդներն իրե՛նք են՝ փաստը Սուրբ Հոգու շարունակական, լուռ ներգործության՝ նրանց խանդավառ սրտերում, նրանց հավատքը, միասնականությունը, ավելին անելու, իմանալու, աղոթելու ցանկությունը: Նրանք ունեն առաքելություն՝ այդ ամենը փոխանցելու նաև ձեզ, որ հաճախ, կենցաղային հոգսերով տարված, մոռանում եք կամ չեք կարևորում Քրիստոսի ներկայությունը, մասնակից չեք լինում Սուրբ Պատարագին: Նրանց առաքելությունն է՝ իրենց գործերով ձեզ հիշեցնել ձեր հոգևոր արմատները, ինքնությունը և Հիսուսի հրավերը՝ առավել մոտենալու Իրեն և սիրելու Ձեր Տեր Աստծուն ամբողջ հոգով, մտքով և սրտով, սիրել այնպես՝ ինչպես Ինքն է սիրում յուրաքանչյուրիդ. Ամեն»:

     

    Պարբերաթերթի ստեղծման ամբողջ աշխատանքը կատարվում է կամավոր հիմունքներով՝ Տ. Հովսեփի, Նիկոլ Մարգարյանի և մյուս երիտասարդների ջանքերով:

     

    Տպագրության հովանավորներն են Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանը և «Հայկական Կարիտասը»:

     

    Բավրայի հայ կաթողիկէ երիտասարդական միությունը

     

    Երիտասարդական միությունը, որպես կանոնավոր գործունեություն իրականացնող խումբ, կազմավորվել է 2018թ. եւ արդյունքն է գյուղի հայ կաթողիկէ հոգեւոր հովիվների եւ երիտասարդների միասնական ջանքերի. նրանց նպատակն է՝ ծառայել Տեր Հիսուս Քրիստոսի Կաթողիկէ՝ Ընդհանրական Սուրբ Եկեղեցուն եւ տեղի համայնքին, հայ հասարակությանը:

     

    Տեսլականը

     

    Բավրայի Երիտասարդական միության տեսլականն է՝ համայնքի երիտասարդներին առաջնորդել դեպի մի ապագա, երբ երիտասարդներն ինքնուրույն եւ միասին կարող են իրենց զարգացման համար ապահովել առավելագույն նպաստավոր պայմաններ եւ կայանալ որպես Տեր Հիսուս Քրիստոսին եւ մարդկության լավագույն արժեքներին նվիրված ստեղծարար եւ առաջնորդող երիտասարդներ:

     

    Առաքելությունը

     

    Բավրայի Հայ Կաթողիկէ Երիտասարդական միությունն ունի հետեւյալ առաքելությունը.

    1.ապրել Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանի եւ Սուրբ Եկեղեցու ուսուցումների համաձայն, քարոզել Ավետարանը կյանքով, խոսքով եւ գործունեությամբ, միասին ընթանալ դեպի սրբություն,

    2.զարգանալ (եւ օգնել համայնքի մյուս երիտասարդներին եւս զարգանալ) համակողմանիորեն՝ հոգևորապես, հասարակական հարաբերություններում, զանազան հմտություններով եւ միասին ստեղծել ինքնազարգացման նպաստավոր պայմաններ՝ ավելի աստվածահաճո, առողջ եւ բարեկեցիկ անհատական եւ համայնքային կյանք ունենալու նպատակով:

     

    Գործունեությունը

     

    Միության գործունեությունը ընթանում է երկու հիմնական ուղղություններով.

    1.ինքնազարգացում և

    2.համայնքի զարգացում:

     

    1.Ինքնազարգացման գործողություններ

     

    Ա. Աստվածաշնչի և այլ օգտակար գրականությեան հատվածների ընթերցում և քննարկում, հոգևոր ապրումի կիսում,

    Բ. Կազմակերպել զրույցներ, սեմինարներ՝ հոգևոր և սոցիալական թեմաներով՝ հատկապես ուսումնասիրելով Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքը, նաեւ հասարակագիտության ձեռքբերումները, որոնք կարող են զարգացնել հաղորդակցական, աշխատանքային, լեզվական հմտությունները, հրավիրել մասնագետներ և մեկնել մասնակցելու այլ վայրերում կազմակերպվող սեմինարների:

     

    2.Համայնքի զարգացման գործողութիւններ

     

    Ա. Մշակել և իրականացնել պատանիների և երիտասարդների կրթական, զարգացողական ծրագրեր՝ խմբակների, դասընթացների, զրույցների, վարժանքների, սեմինարների, ճանաչողական այցերի միջոցով՝ նրանց փոխանցելով ամբողջական՝ հոգևոր և սոցիալական, ինքնազարգացման համար անհրաժեշտ միջոցների հնարավորինս լայն ընտրություն, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ջանքերով հասնել բարձունքների:

    Բ. Բարեգործական ձեռնարկներ՝ աղքատներին, ծերերին, հիվանդներին նյութական և այլ աջակցություն տրամադրելու նպատակով:

    Գ. Մշակել և իրականացնել համայնքի տնտեսական և սոցիալական զարգացման ծրագրեր՝ փնտրելով և գտնելով շահագրգիռ հովանավոր կառույցների և անձանց (ֆոնդհայթայթում):

    Դ. Համայնքը դարձնել երիտասարդների համար գրավիչ՝ ապրելու և աշխատելու համար՝ ցույց տալով, քարոզելով սեփական ծրագրերի արդյունավետությունը, այլ ստեղծարար գաղափարներ իրականացնելու հնարավորութիւնը:

    Ե. Իրականացնել բնապահպանական միջոցառումներ և ծրագրեր:

    Զ. Իրականութիւն դարձնել Եկեղեցուն կից երիտասարդական կենտրոնի կառուցման երազանքը:

     

    Թերթի բովանդակությանը կարող եք ծանոթանալ PDF տարբերակով՝ Կանթեղ-Թերթ #1 

Օրացույց

Օրացույց