• ՀՐԱՎԵՐ՝ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ և պատրաստության. թղթակից, լրագրող  

    Եկե՛ք միասին աշխարհին հաղորդենք Տիրոջ Սուրբ Ավետարանը և Եկեղեցին


     Սիրելի՛ երիտասարդներ, Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հաղորդամիջոցների աշխատանքային խումբը, ելնելով 2019թ. նոյեմբերի 7-8-ը Երևանում գումարված ժողովի ընթացքում քննարկված հարցերից և առաջարկներից, սկսել է իրականացնել եկեղեցական հաղորդամիջոցների զարգացման նոր քայլեր, որոնցից մեկն է կամավոր թղթակիցների, լրագրողների, վերլուծաբանների հավաքագրումը, համախմբումը և պատրաստությունը և նրանց հետ շարունակական համագործակցությունը: Ըստ այդմ, ձեզ հրավիրում ենք միասին աշխատել՝ հայ կաթողիկէ եկեղեցական հաղորդամիջոցների (զանգվածային լրավտության միջոցներ) զարգացման, բովանդակության ապահովման, հարստացման և ժամանակակից մեթոդներով զարգացման համար՝ կամավոր սկզբունքներով:

     

    Ի՞նչ է ենթադրում՝ կատարել կամավորական աշխատանք՝ հայ կաթողիկէ հաղորդամիջոցի համար

     

     1.Կապ հաստատել ձեր համայնքներում, առաջնորդության մեջ կամ թեմերում գործող եկեղեցական լրատվամիջոցների պատասխանատուների հետ և խոսել համագործակցության կոնկրետ միջոցների, ծրագրերի վերաբերյալ, առաջարկել նոր գաղափարներ, սեփական ծրագրեր, որոնք կարող են վերաբերվել թե բուն լրատվամիջոցի (համացանցային կայք, սոցիալական ցանցի էջ, հեռուստատեսություն, հաղորդում, ռադիո): Հաղորդամիջոցների պատասխանատուների հետ կապ հաստատել ձեր համայնքերի ժողովրդապետ հոգևոր հովիվների միջոցով և համագործակցությունը սկսել ու իրականացնել միշտ նրանց հետ խորհրդակցելով և նրանց օրհնությամբ:

     

     2. Կապ հաստատելուց և որոշակի պայմանավորվածություններ ձեռք բերելու, առաջարկները երկուստեք ընդունվելու դեպքում, կարելի է աշխատել հետևյալ կերպերով.

     

     a) եթե ունեք լրագրողական կամ շարադրելու հմտություններ, գրել լուրեր՝ համայնքում տեղի ունեցող հոգևոր իրադարձությունների, ժողովրդապետի և եկեղեցական միությունների, Հայկական Կարիտասի կամ այլ եկեղեցաստեղծ հաստատությունների կազմակերպած հոգևոր, սոցիալական, կրթական, մշակութային իրադարձությունների մասին, կամ գրել հոդվածներ, նկարահանել նյութեր՝ համայնքների հոգևոր պատմության, հավատացյալների հոգևոր նկարագրի մասին, վերլուծություններ, կարծիքներ, տպավորություններ՝ հոգևոր անցուդարձի մասին, երիտասարդական հավաքների մասին և այդ ամենը ժամանակին տրամադրել հաղորդամիջոցների պատասխանատուներին կամ լրագողներին,

     

     b) եթե չունեք գրելու հմտություններ, լինել ուշադիր՝ տեղի ունեցող վերը նշած բնույթի իրադարձություններին և հավաքել որոշակի տեղեկություններ՝ գրառումներ, նշումներ, լուսանկարներ, տեսանյութեր և դրանք փոխանցել հաղորդամիջոցների պատասխանատուներին կամ լրագրողներին (տեղեկությունները կամ պատրաստի նյութերը հաղորդամիջոցների աշխատակիցներին տրամադրելուց առաջ նախապես չտեղադրել սոցցանցերի սեփական անվանական էջերին, այլ՝ սպասել, մինչև տեղադրվի հաղորդամիջոցի կայքում կամ սոցցանցի էջին, հետո միայն տարածել սեփական անվանական էջին. որոշ դեպքերում հնարավոր կլինի ինքնուրույն տեղադրել նյութերը հաղորդամիջոցի կայքում կամ սոցցանցի էջում՝ հաղորդամիջոցի հետ համաձայնեցնելուց հետո):

     

    Սրանք հիմնական երկու կերպերն են, բայց մենք միշտ բաց ենք՝ լսելու և քննարկելու ցանկացած համագործակցության առաջարկ, որը կնպաստի հայ կաթողիկէ հաղորդամիջոցների զարգացմանը և միասնական աշխատանքին, որի նպատակն է Ավետարանը և Եկեղեցին հաղորդել աշխարհին՝ ժամանակակից հաղորդամիջոցների հնարավորություններով:

     

    Կամավորականների համար կկազմակերպվեն միասնական դասընթացներ, հոգևոր կրթության օրեր, խրախուսական միջոցառումներ՝ այդ թվում ճանաչողական այցելություններ հայ կաթողիկէ և այլ միջազգային հաղորդամիջոցների աշխատանքային կենտրոններ, առանձին մասնակցություններ միջազգային լրագրողական դասընթացների:

     

     

    Ցանկացողներին խնդրում ենք կապվել իրենց համայնքների ժողովրդապետների հետ, խորհրդակցել նրանց հետ և, անմիջապես կապ հաստատել այս հայտարարությամ ստորին մասում տեղադրված էլ. փոստի հասցեի միջոցով ( բուհերի լրագրության բաժնի ուսանողներին խնդրում ենք անմիջապես գրել էլ. փոստի հասցեին):

     

    Համայնքների ժողովրդապետ հոգևոր հովիվներին ևս խնդրում ենք տարածել այս հայտարարությունը իրենց հովվության ենթակա համայնքներում և, պատրաստակամություն հայտնող անձանց առկայության դեպքում, կապ հաստատել մեզ հետ կամ ուղղորդել նրանց՝ կապվել մեզ հետ անմիջապես՝ ուղարկելով կենսագրական (ներառյալ՝ հեռախոսահամարը, համայնքը) և դրդապատճառի մասին նամակ (որտեղ գրել նաև, թե հատկապես ինչ կերպ կարող եք կամ կուզեիք համագործակցել և որ եկեղեցական լրատվամիջոցի հետ)՝ Հայ Կաթողիկէ հաղորդամիջոցների աշխատանքային խմբի միասնական էլեկտրոնային փոստի հասցեին.

     

     [email protected]

     

    Հայ Կաթողիկէ հաղորդամիջոցների աշխատանքային խումբ

     

    Նախագահ՝ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյան

    Անդամներ՝ Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյան     

    Հ. Սեպուհ Վրդ. Կարապետյան

    Տեր Հովսեփ Քհն. Գալստյան   

    Ռոբեր Աթթարյան 

    Հրանուշ Սարգսյան

     

Օրացույց

Օրացույց


Recent Comments