«Աղոթի՛ր և աշխատի՛ր». լատինական ասացվածք
2018թ. հոկտեմբերի 6-7-ը Աղաջանյան կենտրոնում կազմակերպվեց երկօրյա երիտասարդական հանդիպում՝ Հայաստանի և Վրաստանի կաթողիկէ համայնքների մոտ 30 երիատասարդների համար: Հանդիպման թեման աշխատանքն էր և աշխատանք գտնելու համար համապատասխան հմտությունների զարգացումը, որոնք ուղեկցվում էին հոգևոր կրթությամբ:
Առաջին օրը երիտասարդներին իր ողջույնի խոսքն ուղղեց Երիտասարդաց խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը: Ողջույնի խոսքից նրա առաջարկով երիտասարդները 1 րոպե լռությամբ հարգեցին աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի հիշատակը: Ապա Հ. Գառնիկը երիտասարդներին պատմեց այս օրերին Հռոմում Եպիսկոպոսաց Սինոդոսի՝ երիտասարդության հիմնախնդիրներին նվիրված XV համագումարի մասին, թե ինչ հարցեր են քննարկում սինոդական հայրերը և ինչ կարևորություն ունի այդ համագումարը Կաթողիկէ Եկեղեցու կյանքում: Հ. Գառնիկը մեկնաբանեց «սինոդոս» բառը, որը սերում է հունարեն syn-hodos բառից, որ նշանակում է՝ քայլել համընթաց: Նրա խոսքով, սինոդոսը հանդիպման վայր է՝ փոխանակելու մտքերը, փորձառությունները՝ ի նպաստ համաշխարհային հասարակության բարօրության: Հ. Գառնիկը շեշտեց, որ Եկեղեցին պետք է լինի ընկերության մի լայն ցանց՝ երիտասարդների միջև: Հարկ է, որ Եկեղեցին ճանաչի երիտասարդներին, հասկանա նրանց, որպեսզի ի վերջո երիտասարդը Եկեղեցին համարի իր տունը:
Աղաջանյան կենտրոնում երիտասարդական այս փոքրիկ հանդիպումն, համընկնելով Սինոդոսի համագումարի օրերին, առավել մեծ նշանակություն է ստանում՝ ի նկատի ունենալով, որ սինոդական հայրերը խրախուսում են երիտասարդների զուգահեռ քննարկումները և մշտապես տարբեր ուսումնասիրությունների միջոցով հաշվի են առնում նրանց դիրքորոշումները: Սինոդոսի համագումարում այս օրերին ընդգծվեց, թե հարկավոր է խոսել երիտասարդների հետ և ոչ թե միայն երիտասարդների մասին:
Միմյանց հետ ծանոթանալուց հետո Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը բանախոսեց «Հայր մեր» տերունական աղոթքի վերաբերյալ, մասնավորապես, «տու՛ր մեզ այսօր զհաց մեր հանապազորդ» խնդրանքի շուրջ:
«Տերունական աղոթքը ամենակատարյալ աղոթքն է, որ մենք ունենք, որովհետև Տերն է այն մեզ տվել: Այս աղոթքի մեջ խտացված է մի ամբողջ քրիստոնեական վարդապետություն, մեր խնդրանքը, շնորհակալությունը, փափագները Աստծուց: Քրիստոս ուզում է, որ մենք այս աղոթքով սովորենք ապրել ճիշտ քրիստոնեական կյանքով, որպեսզի մենք սովորենք, որ Աստված բոլորի՛ս Հայրն է: Երբ մենք ասում ենք «Հայր մեր», այդ բառերի մեջ կա որդիական զգացում, ջերմություն, մենք արտահայտում ենք մեր իղձը՝ Հայր Աստծո հետ միության, իղձը, որ Հայրը մեր մեջ լինի: Երբ ընդունում ենք Սուրբ Հոգին, մեր մեջ ենք ընդունում նաև Հայր Աստծուն և Քրիստոսին, որ Իր կյանքը տվեց մեզ համար»:
Աստծո սիրույն հարկավոր է պատասխանել մեր սիրով և նվիրումով, Աստծո սրբությանը՝ սուրբ կենսակերպով: Մեր աղոթքի մեջ այս ամենը պետք է արտահայտված լինի ճշմարտապես և անկեղծորեն, ասաց Տեր Գրիգորը և կոչ արեց աղոթելիս լինել զգոն և հոգի դնել ամեն մի բառի մեջ, ասել ոչ թե մեխանիկորեն այլ իրապես զգալով, զղջման և ապաշխարության ոգով, ոչ թե պարզապես երկարացնելով մեր աղոթքները կամ ցուցամոլություն անելով, ինչի դեմ որ զգուշացնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսը:
Այս առաջին բանախոսությունից հետո երիտասարդները կատարեցին թիմային աշխատանք, որից հետո կազմակերպվեց աշխատանքային հարցազրույց, որի ընթացքում մասնակիցները վերլուծեցին իրենց հնարավորությունները՝ աշխատաշուկայում մրցունակ լինելու համար, վերհանեցին սեփական թերությունները և ծրագրեցին հետագա անելիքները, որպեսզի կարողանան հասնել առավելագույն մրցունակության: Այս թեմայով խոսեց և օգտակար խորհուրդներ տվեց Սիրանուշ Մինասյանը:
Հաջորդ օրը մասնակիցները լսեցին դասախոսություն, թե ինչպես կարելի է կազմել ինքնակենսագրականներ՝ աշխատանքի դիմելու համար, ինչին են ուշադրություն դարձնում գործատուները, ինչպես կարելի է լավագույնս ներկայանալ ինքնակենսագրականով: Ցույց տրվեցին ինքնակենսագրականների մի քանի լավ օրինակներ: Այս դասախոսությունը վարեց Քրիստինե Մխիթարյանը: Հաջորդ կարևոր կետը, որ ներկայացրեց Քրիստինեն, վերաբերում էր շարժառիթային նամակ և ուղեկցող նամակ կազմելուն, որոնք ևս, թափուր աշխատատեղի զբաղեցման մրցույթ հայտարարելիս, պահանջում են շատ կազմակերպություններ:
Հոգևոր թեմայով երկրորդ զրույցի ընթացքում Տ. Գրիգոր ավ. քհն. Մկրտչյանը շարունակեց մեկնաբանություններ տալ Տերունական աղոթքի վերաբերյալ՝ պատասխանելով երիտասարդների հարցերին: Նա շեշտեց, որ «Հայր մեր»-ը պահանջում է ապրում, զգացում և ոչ թե պարզապես շուրթերով արտասանել աղոթքի բառերը:
Վերջում Հ. Գառնիկը կոչ արեց երիտասարդներին լինել աղոթասեր և, հատկապես, ամեն օր ընթերցել Աստվածաշունչ, չմոռանալ նաև աղոթել Աստվածամոր Վարդարանը:
Երիտասարդների հետ այս հանդիպումն ավարտվեց ամփոփիչ Սբ. Պատարագով: