Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների՝ 1991-2005թթ.
Գերաշնորհ Տ. Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսեսյանը, մկրտության անունով Արտաշեսը, ծնվել է Բեռլինում, 1920թ. նոյեմբերի 16-ին: Մանկությունը անցկացրել է Բուխարեստում, որտեղ աշակերտել է Լևոն Պալճյանին (հետագայում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Ա):
1933թ. մտել է Մխիթարյան Մայրավանք, Վենետիկի Սբ. Ղազար կղզում: 1946թ. սեպտեմբերի 8-ին ձեռնադրվել է կուսակրոն աբեղա, իսկ 1960թ.՝ ստացել Ծայրագույն Վարդապետի աստիճան:
Երկար տարիներ Սբ. Ղազարում վարել է պատասխանատու պաշտոններ՝ ուսուցիչ, դաստիարակ, խմբագիր «Բազմավեպ» և «Մխիթարյան Ընտանիք» հանդեսների, քարտուղար, գրադարանավար, Ձեռագրաց Մատենադարանի տնօրեն: Միաժամանակ Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում 1952-1967թթ. դասավանդել է փիլիսոփայության պատմություն: Եղել է Սբ. Ղազարի Ակադեմիայի քարտուղար և նախագահ, 1986-1991թթ.՝ ընդհանուր առաջնորդ Մխիթարյան Միաբանության:
1991թ. Հռոմի Հովհաննես Պողոս Բ Սրբազան Քահանայապետի կողմից անվանվել է Առաջնորդ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների, Սեբաստիո Հայոց Արքեպիսկոպոսի տիտղոսով: Արքեպիսկոպոս ձեռնադրվել է Սրբազան Քահանայապետի ձեռամբ՝ Հռոմի Ս. Պետրոսի տաճարում, 1992թ. նոյեմբերի 17-ին, հայկական ծեսով և մեծահանդես արարողությամբ:
1994թ. հունիսի 22-ին Երևանի Ազգային Գրադարանի կողմից պարգևատրվել է «Հակոբ Մեղապարտ» շքանշանով: Նույն թվականի սեպտեմբերին իր առաջնորդական աթոռը հաստատել է Գյումրիում և թեմն առաջնորդել մինչև 2005թ. ապրիլը: Վախճանվել է 2006թ. դեկտեմբերի 24-ին:
Հայր Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսեսյանը թողել գրական մեծ ժառանգություն, հոգևոր վերազարթոնք ապրող ու աճող թեմ և Տիրոջ բարի ու հավատարիմ սպասավորի համբավ: