• ՀՀ Սփյուռքի նախարարի ցավակցագիրը՝ Հոգևոր Տիրոջ մահվան կապակցությամբ

    Հայ Կաթողիկե Եկեղեցու հոգեվոր հայրեր

    Հավատացյալ հայրենակիցներ


     

     

    Ցավով տեղեկացանք Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ-ի մահվան մասին, որը առանձնակի ցավ ու կսկիծ պատճառեց բոլորիս:

    Անժամանակ էր մահը հայ մեծ հոգևորականի, ազնվագույն անձնավորության, ով Աստծուն հավատարիմ իր ողջ կյանքը նվիրեց հայ ժողովրդին, կաթողիկե համայնքին:

    Պատրիարքական աթոռի գահակալության երկարաձիք տարիների քրտնաջան գործի բարեբերությունը շատ ակնառու էր: Վերջին շրջանում սրբազան Պատրիարքը ամբողջությամբ նվիրվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկների, համաժողովների, գիտաժողովների կազմակերպմանը, և աչքի էր ընկնում իր բացառիկ նախաձեռնություններով: Համազգային հպարտությունը պարուրեց բոլորիս հոգին, երբ Հռոմի Ֆրանցիսկոս պապի ձեռամբ լուսապսակ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական վարդապետ:

    Հոգևոր տիրոջ աշխատանքը միշտ բարձր է գնահատվել Հայոց պետության կողմից: Մեր գործակցությունը Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարքի հետ եղել է բովանդակալից  և արդյունավետ:

    Նրա իմաստուն ու շրջահայաց գործունեությամբ ամրապնդվեց Հայոց Եկեղեցու և Կաթոլիկ Եկեղեցու բարեկամությունը:

    Հոգևոր Տերն այն երջանիկներից էր, ով աշխարհ եկավ հատուկ առաքելությամբ և կյանքից հեռացավ` թողնելով պայծառ հիշատակ` վկայելով սրբազնագույն վարքին և առաքինությանը իր նվիրումի մասին:

    Նրա բարությունը, ոգու տոկունությունը, մարդկային վսեմ նկարագիրն առանձնակի պատկառանք էին ներշնչում հոգևորականի նրա տեսակի հանդեպ: Պատրիարք կաթողիկոսը միշտ մնալու է մեր մտքերում ու մեր սրտերում: ՀՀ սփյուռքի նախարարության և իմ անունից ցավակցում եմ ողջ հոգևոր դասին, Կաթողիկե համայնքին, նրա հարազատներին: Մխիթարվենք այն գիտակցությամբ,որ Պատրիարք Տիրոջ անմահ հոգին երկնքի անդաստանում միշտ կգտնվի  լույսերի մեջ:

     

    Սրտի խորը կսկիծով՝

    Հրանուշ Հակոբյան

    ՀՀ սփյուռքի նախարար

     

    25 հունիսի, 2015թ.

Օրացույց

Օրացույց