• Հունգարիայի հյուպատոսի այցը Գյումրիի Առաջնորդարան

    Դիվանագիտական հարաբերությունների զարգացման համատեքստում


    2026թ. հուլիսի 22-ին Գյումրիի Առաջնորդարանում Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը հյուրընկալեց Հայաստանում Հունգարիայի հյուպատոս Պետեր Տարչաիին և դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրա Չիզմադիային:

     

    Հունգարիայի դիվանագիտական առաքելության ներկայացուցիչները նախ նշեցին, որ Հայաստանի և Վրաստանի համար նախկինում գործող մեկ ընդհանուր դեսպանության փոխարեն Հունգարիան այժմ ունի առանձին դիվանագիտական ներկայացուցչություններ և´ Հայաստանում, և´ Վրաստանում: Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի դեսպանությունը գործում է 2025թ. հոկտեմբերից:

     

    Հյուրերը տեղեկացրեցին նույն օրը Շիրակի պետական համալսարան կատարած այցի մասին՝ ներկայացնելով և կարևորելով դեսպանության կրթական, լեզվամշակութային ծրագրերը և համագործակցության հեռանկարները թե´ բուհի, թե´ Հայաստանի Հայ Կաթողիկէ Եկեղեցու հետ: Հյուպատոսն ընդգծեց Հունգարիայի ընդլայնվող և զարգացող հայ կաթողիկէ համայնքի հետ համագործակցության կարևորությունը և համայնքին ցուցաբերվող աջակցությունը: Հյուրերը նաև շնորհավորեցին Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանին «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի Նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ այդ կարևոր առաքելության մեջ: Համառոտ քննարկվեց նաև «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի հետ հետագա համագործակցությունը:

     

    Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին այցի և համագործակցության ծրագրերը ներկայացնելու համար՝ շեշտելով իր մշտական պատրաստակամությունը փոխադարձ կապերի ընդլայնման և զարգացման հարցում: Ջերմ մթնոլորտում կայացած հանդիպումն ավարտվեց գեղեցիկ հուշանվերների հանձնմամբ:

     

    Գոհար Սողոմոնյան

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    23 հուլիսի 2026թ.

Օրացույց

Օրացույց