
Գնալ դեպի սրբություն և ուղեկցել դեպի սրբություն
Երկար տարիների թարգմանչական աշխատանքից հետո վերջապես լույս տեսավ Մարիամի Լեգեոն առաքելագործ շարժման պաշտոնական ձեռնարկը` արտոնությամբ Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի Կաթողիկէ Հայոց Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի: Պաշտոնական ձեռնարկի հեղինակը Մարիամի Լեգեոն աշխարհական աշխարհասփյուռ շարժման հիմնադիր Աստծո Ծառա Ֆրանկ Դաֆֆն է: Արդեն հայերենով ևս լույս տեսած այս ձեռնարկը ոչ միայն մանրակրկիտ մշակված և 105 տարվա առաքելության համաշխարհային փորձառությամբ հղկված ու լրամշակված աշխատանքային ուղեցույց և գործնական դասագիրք է, այլև աստվածաբանական մի եզակի աշխատություն` մարեմաբանության, Սուրբ Կույսի Մարիամի հանդեպ Սբ. Լուի Մարի դե Մոնֆորի ոգով և գործով փաստված խորագույն նվիրումի, Մարիամի առաջնորդությամբ դեպի Քրիստոս ընթանալու, սրբության հասնելու և Ավետարանը հռչակելու աշխարհականների առաքելության վերաբերյալ` հիմնավորված Սուրբ Գրքով, աստվածաբան հայրերի գրվածքներով և Կաթողիկէ Եկեղեցու Վարդապետական փաստաթղթերով: Այս իմաստով, ձեռնարկը հովվական աստվածաբանության և մարեմաբանության գործնական կիրառության մի գլուխգործոց է, որն արժանի է ընթերցանության ոչ միայն Մարիամի լեգեոնականների, այլև` որևէ հավատացյալի համար: Ձեռնարկը թարգամանվել է լեգեոնականների կամավոր ջանքերով և տպագրվել է Հայաստանում գործող Մարիամի լեգեոնականների նվիրատվություններով:
Հիշեցնեմ, որ Մարիամի Լեգեոնը Հայաստանում ունի գործող յոթ առաքելագործ խումբ` պրեզիդիում, որոնք առաքելություն են իրականացնում Աշոցքի համայնքներում, Սպիտակում և Երևանում` մեկ միավորող խորհրդի մեջ, որ կոչվում է «Կովկասի Մայր Իմաստության Կուրիա»: Հոգևոր առաջնորդն է` Տ. Հովսեփ Քհն. Գալստյանը, Նախագահը` պրն. Կիմ Վահանյանը: Մարիամի Լեգեոնի առաքելությունն է` զարգացնել աշխարհականների առաքելական գործունեությունը համայնքներում տարաբնույթ հոգևոր ձեռնարկներով`
օգնել քահանային` մարդկանց մոտեցնելու Եկեղեցու Սուրբ Խորհուրդներին` նրանց հետ աշխատելով անհատապես` բացատրելով քրիստոնեական վարդապետությունը, սովորեցնելով աղոթել, առաջնորդելով դեպի խոստովանություն և Սուրբ Հաղորդություն,
աղոթել հիվանդների համար, մխիթարել վշտացյալներին, ծերերին, միայնակներին, ուղեկցել ընտանիքներին` հոգևոր կյանքում և այլ տարաբնույթ առաքելություններ` ըստ տեղի կարիքի:
Լեգեոնը բացառում է նյութական աջակցությունը:
Նոր հրատարակաված ձեռնարկի PDF-ը` Մարիամի Լեգեոնի ձեռնարկը
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
4 հուլիսի, 2026թ.
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց





