
Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի
2025թ. օգոստոսի 17-ին՝ Աստվածամոր Վերափոխման տոնին, Մեծ Սեպասար գյուղում նախ մատուցվեց հանդիսավոր Սուրբ Պատարագ՝ Աշոցքի հայ կաթողիկէների ժողովրդապետ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի ձեռամբ՝ համայնքի հավատքի ամրության, երկրի խաղաղության և սահմանների անվտանգության դիտավորություններով: Սբ. Պատարագի ավարտին կատարվեց Խաղողօրհնեքի արարողությունը, որի ընթացքում ժամանեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը: Սա Սրբազան Հոր առաջին հովվական այցելությունն էր Մեծ Սեպասար:
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը օրհնեց և օծեց Սուրբ Փրկիչ եկեղեցուն կից նոր տեղադրված մի խաչքար՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին, մասնավորապես, ծնունդով նույն գյուղից Ջիվան Գրիգորյանի և Սամվել Մկրտչյանի անունների հիշատակությամբ՝ առանձին հուշատախտակի վրա: Խաչքարը տեղադրվեց մեկ այլ՝ ավելի վաղ տեղադրված խաչքարի կողքին, որը ևս նվիրված է հայ նահատակներին: Նոր խաչքարը նվիրել է ծնունդով նույն գյուղից զինվորական Սիմավոն Հովհաննիսյանը, իսկ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները կատարվել են դարձյալ ծնունդով նույն գյուղից ռուսաստանաբնակ Գևորգ, Ահարոն և Մարտիրոս Պողոսյաննների միջոցներով և աշխատանքով: Սրբազան Հայրը խաչքարի օծման արարողությունը կատարեց առընթերակայությամբ տեղի ժողովրդապետի և մասնակցությամբ հավատացյալների բազմության, համայնքային և զինվորական իշխանությունների ներկայացուցիչների:
Սրբազան Հայրն իր քարոզում ասաց հետևյալը.
«Նրանք զոհվեցին ո՛չ իզուր, այլ՝ սուրբ և նվիրական դատի համար, հայրենիքը պաշտպանելու համար: Փորձե՛ք միշտ այս պատվի զգացումով հաղթահարել ձեր սրտնեղությունը: Նրանք այլևս այս խաչով ամեն օր ներկա են ձեր կյանքում: Ամեն անգամ որ այստեղից անցնեք, նրանց պետք է հիշեք և խաչակնքվեք: Հիսուսի կյանքը չավարտվեց Խաչի վրա, այլ շարունակվեց Նրա հարությամբ, այսօր նաև ուրիշ օրինակ ունենք՝ մեր երկնավոր Մոր օրինակը: Մարիամը մինչև իր կյանքի վերջին րոպեն կիսեց իր Որդու ամբողջ առաքելությունը, որի համար արժանացավ հոգով և մարմնով Երկինք Վերափոխման պարգևին: Այս իմաստով մտածում եմ նաև մեր նահատակ զինվորների մասին: Նրանց համար ևս նահատակությունը ոչ թե վերջակետ, այլ ստորակետ է, որից հետո հայտնվեցին բոլորվին այլ կարգավիճակում: Նրանց հիշատակը թող անթառամ մնա, և այս համայնքը երբեք թող չզլանա նաև այլ զավակներ ուղարկել հայրենիքի և հավատքի պաշտպանության համար: Եվ այսպիսով ենք մեր և մեր հայրենիքը սրբանում. Ամեն»:
Սրբազան Հոր խոսքից հետո ներկաներին դիմեց նաև Տ. Հովսեփը՝ իր շնորհակալությունը հայտնելով Սրբազանին ի կատար ածելու համար խաչքարի օծման արարողությունը և կիսելու համայնքի հիշողությունները և հոգևոր ապրումը, հուզումը և ապագայի հանդեպ հույսը: Նաև կոչ արեց չբավարարվել միայն հուշակոթողներ տեղադրելու արտաքին գործողություններով, այլ նահատակ հերոսների հիշատակը գործանակում պահել Սուրբ Պատարագներին մշտապես աղոթելով նրանց համար: Նա գոհունակությամբ ընդգծեց, որ տարածքի բարեկարգողները 19-րդ դարասկզբին Արևմտյան Հայաստանից գաղթած և գյուղը հիմնած առաջին քահանա Տեր Պողոսի ընտանիքի շառավիղներն են, ովքեր մշտապես հանձնառու են հոգ տանելու եկեղեցու և հոգևոր կյանքի մասին:
Խաչքարի օծման համար ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց նաև նույն ընտանիքի զավակ Սայաթ Պողոսյանը՝ հույժ կարևորելով խաչքարի և հարակից տարածքի բարեկարգումը գյուղի համար՝ որպես նահատակ զինվորների հիշատակության, հանդիպման և ժամանցի վայր, նաև ընդգծելով, որ գյուղի համար պատմականորեն շատ կարևոր է եղել հոգևոր և հայրենասիրական ինքնության պահպանությունը, որի արտահայտությունն են այդ երկու խաչքարները և 19-րդ դարում կառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցին:
Ելույթներից հետո տեղի ունեցավ համերգային փոքրիկ միջոցառում, որի ընթացքում բանաստեղծություններ արտասանեցին դպրոցականները և ելույթ ունեցան Աշոցքի մշակույթի տան վոկալ բաժնի սաները՝ իրենց ուսուցչի՝ Արթուր Սահակյանի հետ միասին, ով երգում է նաև Սուրբ Փրկիչ եկեղեցում:
Վերջում Եկեղեցուն կից սրահում Սրբազանը սուրճի և կարդկանդակի սեղանի շուրջ ծանոթության մտերմիկ զրույց ունեցավ հավատացյալների հետ:
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
18 օգոստոսի, 2025թ.





