Մենք կյանքի աշակերտներ ենք. հազարավոր դժվարությունների միջոցով մենք սովորում ենք գնահատել Աստծո պարգևը:
2022թ. օգոստոսի 10-ին Պողոս VI սրահում տեղի ունեցած ընդհանուր ունկնդրության ժամանակ Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետն ավարտեց ծերության մասին քրիստոնեական ուսուցումների շարքը: Նորին Սրբությունը մեկնաբանեց մի հատված Հովհաննեսի Ավետարանից, որտեղ Հիսուս հրաժեշտ էր տալիս Իր աշակերտներին:
Հրաժեշտ տալիս Տերը մխիթարում է ընկերներին. «Թող ձեր սրտերը չխռովվեն» (Հովհ. 14,1) և խոստանում է. «Եթե գնամ և ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձյալ կգամ և ձեզ կվերցնեմ Ինձ մոտ, որպեսզի, ուր Ես լինեմ, դուք ևս այնտեղ լինեք» (Հովհ. 14,3): Ավելի վաղ Նա ասել էր Պետրոսին. «դու հետո կգաս Իմ հետևից» (Հովհ. 13,36): Երկրում առաքյալների համար նախատեսված ժամանակը, ըստ Սրբազան Քահանայապետի, անխուսափելիորեն փոխկապակցված է «վկայության փխրունության և եղբայրության դժվարությունների», ինչպես նաև հավատքի զարմանալի օրհնության հետ. «Ով հավատում է Ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ Ես եմ անում, և դրանցից ավելի մեծերը կանի» (Հովհ. 14,12), – վստահեցնում է Հիսուս: Սա մի վեհ խոստում է, որին լիովին հավատալն այդքան էլ հեշտ բան չէ, ընդգծեց Նորին Սրբությունը:
«Ծերությունը լավագույն ժամանակն է այս սպասումի հուզիչ և ուրախ վկայության համար։ Ծերության ժամանակ հավատքի գործերը, որոնք մեզ և ուրիշներին ավելի են մոտեցնում Աստծո Արքայությանը, այլևս չեն ենթարկվում երիտասարդության ու հասունության ուժերին, խոսքերին և մղումներին: Սակայն հենց նրանք են, որ ավելի թափանցիկ են դարձնում կյանքի իրական նպատակի խոստումը. Ճաշել Աստծո հետ, Աստծո աշխարհում»:
Սրբազան Քահանայապետը խորհուրդ տվեց տեղական Եկեղեցիներին սկսել և զարգացնել կոնկրետ նախաձեռնություններ՝ «Տիրոջը սպասելու այս հատուկ ծառայությունը վերակենդանացնելու, տարեցների անհատական հմտություններն ու սոցիալական որակները խրախուսելու համար»։ Ծերությունը, որը բաց թողնված հնարավորությունների պատճառով վերածվում է հուսահատության, հուսահատություն է բերում և՛ ինքն իրեն և՛ շրջապատի մարդկանց: Սակայն իրական կյանքի հանդեպ հարգանքով ապրած ծերությունը վերջնականապես ոչնչացնում է մարդկային ուժի, զորության մոլորությունը: Երբ մենք ազատվում ենք ինքնավստահությունից, ծերանալու պարգևն ինքնին դառնում է այն «մեծ» բաներից մեկը, որի մասին խոսում է Հիսուսը: Ժամանակը գերազանցում է տարածությանը, և մեր կյանքը նախատեսված չէ «երևակայական երկրային կատարելության» մեջ մեկուսացված ապրելու համար. պետք է դուրս գալ սահմաններից, անցնել մահվան միջով: «Մեր վերջնակետն այստեղ չէ, այլ Տիրոջ մոտ, որտեղ Նա ապրում է հավիտյան», – ընդգծեց Նորին Սրբությունը.
«Այստեղ՝ երկրում է սկսվում մեր «նորընծայության» գործընթացը: Մենք կյանքի աշակերտներ ենք. հազարավոր դժվարությունների միջոցով մենք սովորում ենք գնահատել Աստծո պարգևը՝ այն պատվով ու պատասխանատվությամբ բաժանելով և դրա պտուղները մշակելով բոլորի համար: Երկրի վրա կյանքի ժամանակն այս անցման շնորհքն է: Կանգնեցնել ժամանակը՝ ցանկանալով հավերժ երիտասարդություն, անսահմանափակ հարստություն, բացարձակ իշխանություն ոչ միայն անհնար է, այլև անհեթեթություն է»:
Երկրի վրա մեր գոյությունը «կյանքի հետ հաղորդակցության ժամանակահատվածն է, որն իր մարմնավորումն է գտնում միայն Աստծու մեջ»։ Իմաստուն ծերությունն ավելի է մոտեցնում Աստծո խոստման կատարման հույսը. «Աստծո տարածությունը, որ Հիսուս խնամքով պատրաստում է մեզ համար, ավելի մեծ է, քան մեր երկրային կյանքի ժամանակը», ուստի Տերը կոչ է անում ուրախանալ, որ ժամանակն անցնում է. «Սա սպառնալիք չէ, սա խոստում է», քանի որ Աստծո աշխարհն անսահման տարածություն է, որի վրա իշխանություն չունի ժամանակի ընթացքը: Սրբազան Քահանայապետն ընդգծեց, որ դրախտը իրավամբ են անվանում երանության և լույսի լիություն, սակայն Աստծո Թագավորության առակներում Հիսուսն «ավելի շատ կյանք, ուրախություն և տոն էր ներդնում դրա մեջ»: Տիրոջ սպասումով ապրած ծերությունը կարող է դառնալ հավատքի կատարյալ «ջատագովություն», որը հույս է տալիս բոլորին, ընդգծեց Նորին Սրբությունը.
«Ծերությունը պարզաբանում է Հիսուս Քրիստոսի խոստումը, որի մասին խոսվում է Հայտնության Գրքում (21-22): Ծերությունը կյանքի լավագույն փուլն է ուրախ լուրը հռչակելու համար, որ կյանքը վերջնական իրագործման սկիզբն է, և որ ծերերն այս խոստման վկաներն են: Լավագույնը դեռ առջևում է. սա է ծերերի ուղերձը։ Թո՛ղ Աստված մեզ շնորհի սրան ընդունակ ծերություն»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը