• Օգոստոս ամսին Նորին Սրբությունը կոչ է անում աղոթել Լիսաբոնում կայանալիք ԵՀՕ պտուղների համար

    «Մենք պատերազմի մեջ ենք, և մեզ լրիվ այլ աշխարհ է պետք. մի աշխարհ, որը չի վախենում վկայել Ավետարանի մասին և լի է ուրախությամբ»:


    Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի աղոթքի համաշխարհային ցանցը հրապարակել է 2023թ. օգոստոս ամսվա աղոթական դիտավորության ամենամսյա տեսաուղերձը, որում կոչ է անում աղոթել Լիսաբոնում կայանալիք ԵՀՕ պտուղների համար:

     

    Այս ամսվա տեսաուղերձը ձայնագրվել է անսովոր ձևաչափով. Նորին Սրբությունը պատասխանում է երիտասարդների հարցերին, ովքեր աշխարհի տարբեր ծայրամասերից և տարբեր լեզուներով հարցեր են ուղղում են իրեն: Ֆիլիպիններից, Բրազիլիայից և Փղոսկրի Ափից երիտասարդները հարցնում են Սրբազան Քահանայապետին. արդյո՞ք Եկեղեցին չի վերածվում է «թոշակառուների ակումբի»։ Ինչու՞ է ԵՀՕ թեմա ընտրվել Սուրբ Աստվածածնի վճռականությունն ու հաստատակամությունը: Եվ վերջապես, ի՞նչ է ակնկալում հենց Նորին Սրբությունը Պորտուգալիայի միջազգային ֆորումից։

     

    Սրբազան Քահանայապետը հերթականությամբ պատասխանում է բոլոր հարցերին.

     

    «Եկեղեցին ո՛չ թոշակառուների, ո՛չ էլ երիտասարդների ակումբ չէ: Եթե այն վերածվի տարեցների ակումբի, ապա կդատապարտվի մահվան: Սուրբ Հովհաննես Պողոս II ասում էր, որ երիտասարդների հետ ապրելով՝ դու ինքդ էլ երիտասարդանում ես, իսկ որպեսզի Եկեղեցին չծերանա, նրան պետք են երիտասարդներ»։

     

    Մեկնաբանելով Լիսաբոնի հանդիպման կարգախոսը. «Մարիամը վեր կացավ և շտապ գնաց», Նորին Սրբությունը ընդգծում է.

     

    «Դեռ չիմացած, որ Աստվածամայր է դառնալու, Մարիամը տեղում կանգ չի առնում՝ սելֆի անելու կամ իրեն ցուցադրելու համար: Ամենից առաջ նա շտապում է ծառայելու և օգնելու: Դուք նույնպես պետք է սովորեք նրանից և օգնեք ուրիշներին»։

     

    Այնուհետև Սրբազան Քահանայապետը խոսեց 2023թ. ԵՀՕ իր սպասումների մասին.

     

    «Ես կցանկանայի Լիսաբոնում տեսնել ապագա աշխարհի սաղմերը: Աշխարհ, որտեղ սերն է ուշադրության կենտրոնում և որտեղ բոլորս քույրեր ու եղբայրներ ենք։ Մենք պատերազմի մեջ ենք, և մեզ լրիվ այլ աշխարհ է պետք. մի աշխարհ, որը չի վախենում վկայել Ավետարանի մասին և լի է ուրախությամբ: Որովհետև եթե մենք՝ քրիստոնյաներս, ուրախություն չունենք, ապա արժանի չենք վստահության և մեզ ոչ ոք չի հավատա»։

     

    Տեսաուղերձի ավարտին հարցեր տվող երիտասարդներն աղոթում են.

     

    «Եկե՛ք աղոթենք, որ Երիտասարդության Համաշխարհային Օրերը Լիսաբոնում օգնեն մեզ՝ երիտասարդներիս, ճանապարհ ընկնել՝ սեփական կյանքով վկայելով Ավետրանի մասին»:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նարիա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց