• Տարեցների և երեխաների միությունը կփրկի մարդկությունը

    «Այնտեղ, որտեղ կա հաղորդակցություն, շփում ծերերի և երեխաների միջև, կա ապագա»:


    Օգոստոսի 17-ին Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը շարունակեց իր խորհրդածությունները ծերության մասին և մեկնաբանեց մի հատված «Դանիելի Մարգարեությունը» Գրքից:

     

    «Դանիելի խոսքերը իր մարգարեական երազի մասին փոխանցում են խորհրդավոր և լուսավոր Աստծո տեսիլքը» – հիշեցրեց Նորին Սրբությունը: Այս տեսիլքը, որը ներկայացվում է Հայտնության Գրքի սկզբում, վերաբերում է հարություն առած Հիսուսին, որը մարգարեի առջև հայտնվում է որպես Մեսիա, Քահանա և Թագավոր՝ հավերժական, ամենագետ և անփոփոխ (Հայտ. 1.12-15): Նա աջը դնում է մարգարեի ուսին և հանգստացնում նրան. «Մի՛ վախեցիր, Ես եմ Սկիզբը և Վախճանը, Ես եմ կյանքը, Ես եմ, որ մեռա, և ահա՛վասիկ կենդանի եմ հավիտյանս հավիտենից» (Հայտ. 1. 17-18): Այսպիսով, պարզաբանեց Սրբազան Քահանայապետը, անհետանում է վախի և տագնապի վերջին պատնեշը, որը միշտ առաջացնում էր Աստվածահայտնություն. Ողջը, Կենդանին հանգստացնում է մեզ։ Նա մահացավ, սակայն այժմ զբաղեցնում է իր նախասահմանված Առաջին և Վերջին տեղը։

     

    Խորհրդանիշների այս միահյուսման մեջ կա մի ասպեկտ, որն օգնում է ավելի լավ հասկանալ այս Աստվածահայտնության կապը կյանքի շրջանի, պատմության ժամանակի, արարված աշխարհում Աստծո իշխանության հետ: Եվ այս ասպեկտն ուղղակիորեն կապված է ծերության հետ, ընդգծեց Նորին Սրբությունը:

     

    Դանիելի տեսլիքը թողնում է խանդավառության և զորության, ազնվության, գեղեցկության և հմայքի տպավորություն. Նրա հագուստը «Մարդու Որդու նման», Նրա աչքերը, ձայնը, ոտքերը. ամեն ինչ հիանալի է։ Նրա մազերը սպիտակ են, ինչպես ձյունը, բուրդը: Կարծես ծերունի լինի: Ամենատարածված աստվածաշնչյան տերմինը ծերունուն բնութագրելու համար «զաքեն» է, որը նշանակում է «մորուք», – շարունակեց Սրբազան Քահանայապետը. «Ձյունաճերմակ մազերը երկար ժամանակների, վաղեմի անցյալի, հավերժական գոյության հնագույն խորհրդանիշ են: Ձյունաճերմակ մազերով ծեր Աստծո կերպարը ոչ թե հեքիաթային կերպարանք է, այլ՝ աստվածաշնչյան վեհ ու քնքուշ կերպար: Հայտնության Գրքում ոսկե մոմակալների միջև կանգնած պատկերը համընկնում է Դանիելի մարգարեության «Հինավուրց» կերպարի հետ. նա նույնքան հին է, որքան ողջ մարդկությունը, և նույնիսկ ավելին: Նա հին ու նոր է, ինչպես Աստծո հավերժությունը»:

     

    Արևելյան Եկեղեցիներում Տիրոջ Ընծայման տոնը (փետրվարի 2) ծիսական տարվա 12 կարևոր տոներից մեկն է։ Այս տոնը լուսաբանում է մարդկության հանդիպումը Քրիստոս Տիրոջ՝ Աստծո հավիտենական Որդու հետ, ով մարդ դարձավ, որը մեզ են ներկայացրել Սիմեոն ծերունին ու Աննա մարգարեուհին:

     

    Բյուզանդական պատարագում եպիսկոպոսը Սիմեոնի հետ միասին աղոթում է. «Սա է Կույսից ծնվածը, Սա է Խոսքը, Աստված Աստծուց՝ մեզ համար մարմնավորած և մարդուն փրկած»: Եպիսկոպոսը շարունակում է. «Թո՛ղ երկնքի դուռը բացվի այսօր, քանզի Հոր Անսկիզբ Խոսքը, որը սկիզբ առավ ժամանակի մեջ, չկորցնելով Իր Աստվածությունը, Կույս Մոր կողմից կամովին բերվում է Տաճար՝ որպես քառասուն օրեկան Մանուկ, և երեցն ընդունում է Նրան իր գրկում», – հիշեցրեց Նորին Սրբությունը.

     

    «Այս խոսքերն արտահայտում են առաջին չորս Տիեզերական Ժողովների հավատքի խոստովանությունը, որոնք սուրբ են բոլոր Եկեղեցիների համար։ Սակայն Սիմեոնի ժեստը, արարքը նաև ամենագեղեցիկ սրբապատկերն է ծերության հատուկ կոչման համար. ներկայացնել երեխաներին, ովքեր աշխարհ են գալիս որպես Աստծո շարունակական պարգև, իմանալով, որ նրանցից մեկը Որդին է, Ով ծնվել է Աստծո գրկում, բոլոր դարերից առաջ»:

     

    Ծերերը, ըստ Սրբազան Քահանայապետի, պետք է կատարեն Սիմեոնի և Աննայի այս նույն ժեստը. «Ծերությունը պետք է վկայի երեխաներին իրենց օրհնության մասին»:

     

    Տարեց մարդկանց վկայությունը միավորում է կյանքի տարբեր ժամանակաշրջանները և բուն ժամանակը՝ անցյալը, ներկան և ապագան, ընդգծեց Նորին Սրբությունը: Ցավալի է, երբ տարբեր սերունդներն ընկալվում են որպես առանձին, մրցակից աշխարհներ, որոնցից յուրաքանչյուրը փորձում է ապրել մյուսի հաշվին։ Մարդկությունը շատ հին է, եթե ժամանակին նայենք ժամացույցով, սակայն Աստծո Որդին, Ով ծնվեց կնոջից, Առաջինն ու Վերջինն է բոլոր ժամանակներում: Սա նշանակում է, որ ոչ ոք դուրս չի մնում Նրա հավիտենական սերնդից, Նրա հրաշագործ զորությունից, Նրա սիրառատ մտերմությունից, ընդգծեց Սրբազան Քահանայապետը:

     

    Տարեցների և երեխաների միությունը փրկում է մարդկությունը, ասաց Նորին Սրբությունը՝ իր խորհրդածության ավարտին. «Այնտեղ, որտեղ կա հաղորդակցություն, շփում ծերերի և երեխաների միջև, կա ապագա»: Մենք չպետք է զրկենք երեխաներին տարեցների վկայությունից, ովքեր հասկացել են մահվան իմաստությունը: Մահն, անշուշտ, կյանքի դժվար պահերից է, սակայն մահով ավարտվում է անորոշության ժամանակը և մի կողմ են շպրտվում ժամացույցները, որոնց կարիքը այլևս երբեք չեն ունենա: Չէ որ հենց այդ ժամանակ է սկսվում կյանքի գեղեցկությունը, որն այլևս ավարտ չունի. այն սկսվում է տարեցների իմաստությամբ, որը փոխանցում են երիտասարդներին իրենց վկայությամբ: Եկե՛ք այնպես անեք, որ սերունդների միջև այդ կապը երբեք չընդհատվի, կոչ արեց Սրբազան Քահանայապետը:

     

    Վատիկան Նյուզ, ռուսական բաժին

    Թարգմանեց՝ Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց