«Եթե դեռ ունակ ենք դիմակայել, եթե, չնայած ամեն ինչին, մենք վստահորեն առաջ ենք գնում, ապա, հավանաբար, դա ոչ այնքան մեր վաստակն է, արժանիքը, որքան բազմաթիվ սրբերի բարեխոսության պտուղները, որոնց մի մասը երկնքում է, իսկ մյուս մասն էլ երկրի վրա է»
«Աղոթել սրբերի հետ հաղորդությամբ». այս թեմային էր վերաբերում Ն. Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի առաջին ընդհանուր ունկնդրությունը Զատկից հետո: «Աղոթելիս մենք երբեք միայնակ չենք աղոթում, քանզի, նույնիսկ, առանց դրա մասին մտածելու, մենք ընկղմվում ենք աղերսանքների վիթխարի հոսքի մեջ, որոնք նախորդում են մեզ և որոնք շարունակվում են մեզանից հետո», – պարզաբանեց Նորին Սրբությունը:
Ամեն անգամ, երբ աղոթում ենք և մեր սիրտը բացում ենք Աստծու առջև, «մենք հայտնվում ենք անհայտ և հայտնի սրբերի մեջ, ովքեր աղոթում են մեզ հետ միասին, բարեխոսում են մեզ համար՝ որպես ավագ եղբայրներ և քույրեր, ովքեր ևս անցել են այս մարդկային արկածախնդրության միջով, – ընդգծեց Սրբազան Քահանայապետը: – Եկեղեցում չկա սուգ, որը միայնակ ապրես, զգաս, չկա զուր լաց, քանզի ամեն ինչ ձեռք է բերում շունչ, շնչավորվում է ընդհանուր շնորհի միջոցով: Պատահական չէ, որ հին եկեղեցիներում գերեզմանները գտնվում են սրբազան կառույցը շրջապատող այգում, կարծես ցանկանալով ասել, որ մեր նախորդները ևս մասնակցում են ամեն մի Պատարագին»:
Սրբերը վկաներ են, որոնց մենք մեծարում ենք (մենք չենք երկրպագում սրբերին, բայց հարգում ենք նրանց, ընդգծեց Նորին Սրբությունը) և ովքեր բազմաթիվ եղանակներով մեզ ուղղորդում են դեպի Հիսուս Քրիստոսը՝ Աստծո ու մարդու միջև միակ Միջնորդը և Տերը:
Ավետարանում առաջին «սրբադասված» սուրբը խոհեմ ավազակն է, որին սրբադասեց ոչ թե Քահանայապետը, այլ՝ հենց Տեր Հիսուսը:
Սրբությունը կյանքի ճանապարհ է, որը տանում է Քրիստոսի հետ հանդիպմանը, և այդ ճանապարհը կարող է լինել կարճ կամ երկար, կարող է լինել մեկ ակնթարթ երկարության, սակայն այն միշտ վկայություն է: «Երբեք ուշ չէ դարձի գալ, դառնալ դեպի Տերը», – ընդգծեց Նորին Սրբությունը:
Վարդապետությունը մեզ հիշեցնում է, որ սրբերը «նայում են Աստծուն, փառաբանում են Նրան և չեն դադարում հոգ տանել նրանց մասին, ովքեր մնացել են երկրի վրա: Նրանց բարեխոսությունը իրենց բարձրագույն ծառայությունն է Աստծո ծրագրին: Մենք կարող ենք և պետք է աղոթենք նրանց, որպեսզի բարեխոսեն մեզ և համայն աշխարհի համար»: Քրիստոսի մեջ կա խորհրդավոր համերաշխություն՝ ննջեցյալների և մեր միջև, որ հանդիսանում ենք այս կյանքի ուխտավորները. մեր սիրելի ննջեցյալները Երկնքից շարունակում են հոգ տանել մեր մասին: Նրանք աղոթում են մեզ համար, իսկ մենք՝ նրանց, և մենք աղոթում ենք նրանց հետ միասին:
Այս աղոթական կապը մեր և սրբերի միջև, ովքեր արդեն հասել են կյանքի լրիվության, մենք արդեն զգում ենք այս երկրի վրա. մենք աղոթում ենք միմյանց համար, մենք խնդրում ենք աղոթք և աղոթում ենք ուրիշների խնդրանքով: Աղոթքի առաջին ձևը զրույցն է Աստծո հետ՝ մեկ այլ անձի մասին: Եթե մենք այդպես ենք անում ամեն օր, ապա մեր սիրտը բաց է մնում եղբայրների համար: Աղոթքը սիրո առաջին ձևն է, և այն խրախուսում է մտերմություն: Մարդկանց հետ հակամարտությունների լուծման ուղիներից մեկը հենց աղոթքն է. աղոթքը, որը անում ենք մեզ հետ հակամարտության մեջ գտնվող մարդու համար, առաջին հերթին փոխում է մեր սեփական սիրտը, մեր վարքը: Տերը փոխակերպում է այն, որպեսզի հանդիպումը հնարավոր դառնա:
Փորձություններին դիմակայելու առաջին եղանակը աղոթքի խնդրանքն է: Մենք խնդրում ենք եղբայրներին և սրբերին աղոթել մեզ համար: Մկրտության ժամանակ տրված անունը ուղղակի պիտակ չէ, որպես կանոն, դա որևէ սրբի անուն է, ով սպասում է, որպեսզի մեզ մեկնի աղոթական ձեռքի օգնությունը և խնդրի Աստծուց ողորմածություն, որի կարիքը մենք ունենք:
«Եթե մեր կյանքում փորձությունները դեռ ծայրաստիճան շատ չեն, եթե մենք դեռ ունակ ենք դիմակայել, եթե, չնայած ամեն ինչին, մենք վստահորեն առաջ ենք գնում, ապա, հավանաբար, դա ոչ այնքան մեր վաստակն է, արժանիքը, որքան բազմաթիվ սրբերի բարեխոսության պտուղները, որոնց մի մասը երկնքում է, իսկ մյուս մասն էլ երկրի վրա է»:
Վատիկան Նյուզ, ռուսական բաժին
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան