«Կառուցել խաղաղության ու ապագայի պատմութուններ»
2020թ. մայիսի 24-ին հրապարակվեց Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի ուղերձը՝ Հասարակական հաղորդակցման միջոցների համաշխարհային 54-րդ օրվա առիթով, որը կրում է «Որպեսզի դու պատմես քո որդուն (Ելք 10, 2). կյանքը պատմություն է կերտում» ենթավերնագիրը: Ուղերձում Սրբազան Քահանայապետը խորհրդածում է պատմության կամ պատմվածքի հարատև արժեքների մասին: Նորին Սրբությունը դիմում է կոչով, որն, առավել քան երբևէ, արդիական է նաև կաթողիկէ աշխարհի համար. հաղթահարել «կործանարար պատմություններ» ստեղծելու գայթակղությունը:
Պատմությունները կամ պատմվածքները «կարող են օգնել մեզ հասկանալ և պատմել, թե ով ենք մենք», քանի որ «մարդը պատմող էակ է», և նա պետք է «իրեն պարուրի պատմություններով՝ իր կյանքը պաշտպանելու համար», ընդգծում է Սրբազան Քահանայապետն իր 2020թ. Հասարակական հաղորդակցման միջոցների համաշխարհային 54-րդ օրվա մասին ուղերձում, որը հրապարակվեց լրագրողների երկնային հովանավոր Սբ. Ֆրանցիսկոս դե Սալի ծիսական հիշատակի օրը: Սակայն ուղերձն ընդգրկում է ավելի լայն հորիզոն, քան լրագրողի մասնագիտությունն է. նման մոտեցումը սովորական է դարձել Նորին Սրբության համար՝ Հասարակական հաղորդակցության միջոցների օրվա մասին իր առաջին ուղերձից հետո (2014թ-ին), երբ նա կատարյալ մի կապ տեսավ Ավետարանի բարի սամարացու և ներկայիս «բարի հաղորդակցություն տարածողների (communicator)» առաքելության միջև: Այժմ, երբ խոսքն օգտագործվում է` սեփական շահերին հասնելու և խոչընդոտներ ստեղծելու համար (իսկ այդ «հիվանդությունից», ցավոք սրտի, ապահովագրված չէ նաև կաթողիկէ աշխարհը), Նորին Սրբությունը հիշեցնում է, որ հաղորդակցությունը ճշմարիտ է, եթե այն կառուցում է, և ոչ թե՝ կործանում, եթե խոնարհ է, եթե ճշմարտությունն է փնտրում: Ի դեմս «կեղծ ու չար» պատմությունների տարածմանը, ընդհուպ մինչև հնարամիտ սուտը, Սրբազան Քահանայապետը կոչ է անում, որ գրվածքը պատմի «մեր մասին և մեր ներքին գեղեցկության մասին», որպեսզի այն օգնի «վերագտնելու արմատները և ուժը համատեղ առաջընթացի համար»: Մենք պետք է «շնչենք բարի պատմությունների ճշմարտությամբ», ընդգծեց Նորին Սրբությունը:
Սուրբ Գիրքը՝ «Պատմությունների պատմությունը»
Ուղերձում հիշատակվում է պատմություններ անելը՝ storytelling, մի ճարտարվեստ, որը լայնորեն տարածում է ստանում տարբեր ոլորտներում՝ սկսած գովազդից մինչև քաղաքականություն, սակայն պատմությունը, որը ի նկատի ունի Սրբազան Քահանայապետը, չի հետևում աշխարհիկ տրամաբանությանը: Այն ավելի խորիմաստ է և վերականգնում է «հիշողությունն այն մասին, թե ով ենք մենք Աստծո աչքերում»: Բացի այդ, Նորին Սրբությունը մատնանշում է մի ազդու պատմվածք՝ հիմք ընդունելով ուղերձի թեման. «Որպեսզի դու պատմես քո որդուն (Ելք 10,2): Կյանքը պատմություն է կերտում», քանզի հենց Սուրբ Գիրքն է հանդիսանում «պատմությունների պատմությունը», ընդգծում է Սրբազան Քահանայապետն ու հավելում, որ Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս «Աստծուն, Ով միաժամանակ հանդիսանում է և՛ Արարիչ, և՛ Պատմիչ»: «Իր խոսքով Աստված կյանքի է կոչում նյութը՝ մատերիան, հյուլեն, և ստեղծում տղամարդուն ու կնոջը՝ որպես Իր ազատ զրուցակիցներ»: Նորին Սրբությունը հրավիրում է մտերիմ լինել Սուրբ Գրքին, որպեսզի այն ամբողջությամբ ընդունենք. «Աստվածաշունչը սիրո մեծ պատմություն է՝ Աստծո և մարդկության միջև»: Բացի այդ, համաձայն «Ելք» Գրքի, որտեղից վերցված է ուղերձի թեման, մենք հասկանում ենք, որ «Աստվածճանաչությունը փոխանցվում է սերնդեսերունդ՝ նախևառաջ այն պատմության միջոցով, թե ինչպես է Տերը շարունակում հայտնել Ինքն Իրեն»:
Կեղծ ու չար պատմությունների գայթակղությունը
Փաստաթղթում կարևոր տեղ է հատկացված «կործանարար պատմություններին», որոնց նկարագրությունը հիշեցնում է Վատիկանի Սուրբ Մարթայի մատուռում Սրբազան Քահանայապետի հնչեցրած քարոզները: Հերթական անգամ, ինչպես դա արդեն եղել է 2018թ. Հասարակական հաղորդակցության միջոցների օրվա ուղերձում, որը նվիրված էր «կեղծ լուրերի» երևույթին, – Սրբազան Քահանայապետը նախազգուշացնում է օձի գայթակղությունից, որի մասին կարդում ենք Գիրք Ծննդոցում. խորամանկը «պատմության սյուժեում այնպիսի հանգույց է կապում, որը շատ դժվար է հանգուցալուծել»: Նորին Սրբությունը դատապարտում է այն պատմությունները, որոնք «մեզ բթացնում են՝ համոզելով, որ երջանկության համար անհրաժեշտ է միշտ ունենալ, տիրել, օգտագործել»: Հերթական անգամ Սրբազան Քահանայապետը դատապարտում է անհագուրդ բամբասանքն ու դատարկաբանությունը, որոնք «մենք հազիվ ենք նկատում», ինչպես նաև հսկայական քանակությամբ «բռնությունն ու սուտը, որոնք մենք գործածում ենք»: Այս ամենի վերջնական արդյունքն է «կործանարար ու սադրիչ պատմությունների տարածումը, որոնք քայքայում և պոկում են համակեցության փխրուն թելերը»: Վտանգված է մարդկային արժանապատվությունը և այն արժեզրկվում է, քանի որ համադրվում է «չստուգված տեղեկատվությամբ» և «տափակ, կեղծ, քծնող արտահայտությունների» կրկնությամբ, որոնք բերում են «ատելության կոչերի»: Այս սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ են համարձակ պատասխաններ: Նորին Սրբությունը հուսով է, որ մեծաթիվ պառակտումներից տառապող աշխարհում, մենք կկարողանանք «պատմել ճշմարտությունն՝ այն մասին, թե ովքեր ենք մենք, նույնիսկ առօրյա կյանքի աննկատ հերոսության մեջ»:
Յուրաքանչյուր մարդկային պատմություն կարևոր է Աստծո աչքերում
Սրբազան Քահանայապետը հատուկ ուշադրություն է դարձնում Տեր Հիսուսի պատմությանը. սա ցույց է տալիս, որ Աստված մարդուն ընդունել է Իր սրտում և, որ Նրա համար «չկան երկրորդական ու անկարևոր մարդկային պատմություններ»: «Շնորհիվ Սուրբ Հոգու, – ընդգծում է Նորին Սրբությունը, – յուրաքանչյուր պատմություն, նույնիսկ ամենամոռացվածը, կարող է վերածվել գլուխգործոցի, Ավետարանի մաս կազմել»: Սրբազան Քահանայապետը մեջբերում է մի քանի պատմություններ, որոնք «հիանալիորեն նկարագրում են Աստծո և մարդկային ազատության հանդիպումը»՝ «Սուրբ Օգոստինոս Երանելիի «Խոստովանանք»-ից մինչև «Կարամազով եղբայրներ» վեպը:
Նորին Սրբությունը կոչ է անում քրիստոնյաներին կարդալ սրբերի պատմությունը և կիսվել այն «պատմություններով, որոնք Ավետարանի բուրմունք ունեն», որոնց մասին գիտի մեզանից յուրաքանչյուրը: Միշտ օգտակար է Աստծուն պատմել մեր պատմությունը, քանզի «աշխարհում ոչ ոք ավելորդ չէ, և յուրաքանչյուր պատմություն ենթակա է հնարավոր փոփոխության»: Այդ պատճառով, երբ «նույնիսկ մենք խոսում ենք չարի մասին», մենք կարող ենք ճանաչել բարին և «տեղ բացել՝ բարու համար», – ընդգծում է Սրբազան Քահանայապետը:
Հասարակական հաղորդակցության միջոցների համաշխարհային 54-րդ օրվա ուղերձն ավարտվում է աղոթքով՝ ուղղված Սուրբ Կույս Մարիամին, որպեսզի Նա լսի մեր պատմություններն ու դրանք Իր սրտում պահի: Հիշատակելով Աստվածամոր իր սիրելի սրբապատկերը, որ գտնվում է Վատիկանի Սուրբ Մարթայի մատուռում, Նորին Սրբությունը խնդրում է Քրիստոսի Մորը քանդել «հանգույցների կծիկը, որում խճճված է մեր կյանքը» և օգնել մեզ «կառուցել խաղաղության ու ապագայի պատմութուններ»:
Vatican News, русская служба,
Թարգմ.՝ Նաիրա Բաղդասարյան
Սրբ.՝ Տ. Հովսեփ