• Քարոզում ենք իմաստություն, որն այս աշխարհինը չէ. Տօն Ամենասուրբ Երրորդութեան

    «Ինչ որ աչքը չտեսաւ եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իրեն սիրողների համար»


    Հոգեգալստյան տոնին հաջորդող Ա կիրակին Սուրբ Եկեղեցին նվիրել է Ամենասուրբ Երրորդության տոնին: Առավոտյան ժամերգության ընթացքում երգվում է հետևյալ գեղեցիկ շարականը. (աշխարհաբար թարգմանությամբ)

     

    «Որ անքնին ես էությանդ մեջ՝ համագոյ Երրորդություն. երեքսրբեան մի տերություն՝ մի բնությամբ աստվածություն… Որ Հայր ես Որդուդ՝ ծնունդ տալով նրան՝ հավիտյաններից առաջ, որից Հոգիդ ճառագայթել է անորոշ բաժանմամբ…Որ էակից ես Հորը՝ Որդիդ, լույս՝ լույսից, ծագում անճառ: Անեղակից Սուրբ Հոգիդ՝ հավասար Հորը և Որդուն. Քեզ ենք բարեբանում՝ Աստված մեր հայրերի», յԱռաւօտուն, Հարց ԴԿ:

     

    Ամենասուրբ Երրորդության խորհուրդը մեծագույն հայտնությունն է, որ մեզ շնորհում է Սուրբ Հոգին՝ որպես մեր հոգևոր կյանքի հիմք և առաջնորդող լույս: Բայց ինչպե՞ս պետք է ընդունել այս անճառելի, մարդկային մտքի համար անհասանելի աստվածային խորհուրդը: Պողոս առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին նամակում գրում է. «Իմաստութիւնը քարոզում ենք հոգեպէս կատարեալներին, իմաստութիւն, որն աշխարհինը չէ, ոչ էլ՝ այս աշխարհի՝ կործանման սահմանուած իշխանների իմաստութիւնը, այլ քարոզում ենք Աստծո խորհրդաւոր՝ թաքուն իմաստութիւնը, որը ծածկուած է մարդկանցից եւ որն Աստուած սահմանել էր մեր փառքի համար նախքան յաւիտեանները. Եւ այս աշխարհի իշխաններից ոչ մէկը չճանաչեց այն, որովհետեւ եթէ ճանաչուած լինէր, արդարեւ փառքի Տիրոջը չէին խաչի. այլ ինչպէս գրուած էլ է. «Ինչ որ աչքը չտեսաւ եւ ականջը չլսեց, եւ մարդու սիրտը չընկաւ, Աստուած այն պատրաստեց իրեն սիրողների համար», Ա Կոր. 2, 6-9: Իմաստությունը, որի մասին խոսում է Սուրբ Պողոսը, նախևառաջ Սուրբ Երրորդության ճշմարտությունն է, որը սահմանված է միայն «հոգեպես կատարյալների» համար, ինչպես ինքն է գրում: Հոգեպես կատարյալները Հիսուս Քրիստոսին իրավամբ հավատացողներն են, դու՛ք եք և բոլորս, որ իր անունով ենք հավաքվում՝ ձգտելով կատարելության՝ Իր միջոցով: Ուրեմն Աստծո թաքուն իմաստությունը մե՛զ համար է. այն ծածկված է և թաքուն՝ այս աշխարհի իշխանների կամ «իմաստունների» համար, ովքեր գերադասում են ոչ թե խոնարհությամբ ընդունել աստվածային ճշմարտությունները, այլ այնքան լի են իրենց հորինած գաղափարախոսություններով, մոլություններով, իշխանասիրությամբ, փառասիրությամբ, որ նրանցից մշտապես ծածկված է մնում աստվածային իմաստությունը, ճշմարտությունները, որոնք հասկանալու համար պետք է լինել երեխայի նման միամիտ, վստահող, ներքուստ մաքուր և ինքն իրեն իմաստուն մեկը չհամարել: Նույն թղթի մեջ Պողոսը գրում է. «Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի: Եթէ ձեզնից մէկը կարծում է, թէ ինքը իմաստուն է այս աշխարհում, յիմար թող լինի, որպէսզի իմաստուն դառնայ. որովհետեւ այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծոյ առաջ», Ա Կոր. 3, 18: Այս աշխարհի իմաստութիւնը սատանայից է, որը մարդու մեջ բորբոքում է մեծամտությունը, հպարտությունը՝ սեփական «ես»-ով և մարդուն տանում է դեպի կործանում: Մինչդեռ Տիրոջ Սուրբ Հոգին մեղմացնում է մարդու սիրտն ու միտքը, խոնարհեցնում, փխրեցնում՝ որպես պարարտ հող, որտեղ աճում է Աստծո հանդեպ անմնացորդ սիրո տունկը՝ ամենավսեմը առաքինությունների մեջ: Աստծո Հոգին է Աստծուն սիրողներին տալիս աստվածային իմաստության գիտությունը: Աստծո Հոգով զինվա՛ծ, և ոչ թե մարդկային ճարտարախոսությամբ ենք սովորում և քարոզում աստվածային ճշմարտությունները: «Հոգեւոր բաները հոգեւոր խոսքերով ենք բացատրում», գրում է Պողոսը: Իսկ մի քանի տող վերևում այս բացատրությունն է տալիս. «Ես տկարութեամբ, երկիւղով եւ սաստիկ դողով եղայ ձեզ հետ.եւ իմ խոսքը եւ իմ քարոզութիւնը իմաստութեան ճարտար խօսքերով չէին, այլ՝ Հոգու համոզիչ զօրութեամբ, որպէսզի ձեր հաւատը չլինի մարդկանց իմաստութեամբ, այլ՝ Աստծու զօրութեամբ», Ա Կոր. 2, 5: Կորնթացիները, հավանաբար, սովոր էին լսել զուտ մարդկային իմաստությամբ, հունական փիլիսոփայական մտքի թռիչքով հպարտացող մտածողների, ճարտասանների գոռոզամիտ խոսքերը, հռետորաբանությունները: Պողոսը նրանց բացատրում է, որ իր քարոզությունը այդպիսին չէ, որ պետք չէ իրենից սպասել այդպիսի պահվածք, այդպիսի խոսքեր, այլ իր քարոզությունը հոգու զորությամբ է, կենդանի հավատքի, առ Աստված վստահության, իր յուրաքանչյուր բառի հանդեպ խորագույն հավատքի, Սուրբ Հոգուց շնորհված ներքին անխախտ զորության արտահայտություն, ինչը Պողոսն ուզում էր տեսնել նաև կորնթացիների մեջ, որ իր հոգևոր զավակներն էին: Այդպիսին պետք է լինի նաև մեր և յուրաքանչյուր քրիստոնյայի իմաստությունը և խոսքը. այն պիտի բխի ոչ թե մարդկային իմաստության սնապարծությունից, կեղծավորությունից, պերճաշուք, բայց դատարկ խոսքերով, այլ՝ Սուրբ Հոգու զորությունից, Աստծո հետ մշտական միության զգացումից, աղոթքից, Աստծո և մերձավորի հանդեպ նվիրյալ կյանքից՝ ամենապարզ, բայց և ամենազորե՛ղ, ազդու բառերով, առանց հռետորաբանության, որովհետև հռետորաբանությունը պետք է նախապե՛ս տեղի ունենա մեր հոգու խորխորատներում՝ Տեր Հիսուս Քրիստոսի հետ հանդիպման մեջ, հանդիպում, որ պետք է լինի մեր հոգևոր կյանքի ուղեցույցը: Սուրբ Հոգին մեզ օգնում է կառուցել մեր ներքին՝ հոգևոր մարդուն, հոգևոր ինքնությունը: Պողոսն ասում է.«ոչ հոգևոր մարդը Աստծու Հոգուց եկած ճշմարտությունները չի ընդունում, որովհետեւ այդ յիմարութիւն է նրա համար. եւ չի կարող հասկանալ, քանզի հոգեւոր կերպով են քննւում դրանք», Ա Կոր. 2,14: Հովհաննեսի ավետարանի այսօրվա հատվածում Հիսուս իր խոստացած Մխիթարչի՝ Սուրբ Հոգու մասին ասում է.«Ճշմարտութեան հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի», Հվհ. 14, 17: Քրիստոսին սիրողները և նրա պատվիրանները կատարողները տեսնում և ճանաչում ենք ճշմարտության Հոգին, որ իրենց մեջ է և իրենց տրված է առատորեն, քանզի «Աստված հոգին տալիս է առանց չափի». Սուրբ Հոգին առանց չափի սնում և կառուցում է մեր հոգևոր կյանքը և օգնում է մեզ տեսնել Աստծո ներկայությունը մեր մեջ, օգնում է ինքներս մեզ ընկալել որպես Աստծուն մեր մեջ կրող սրբության անոթներ, «չգիտե՞ք, թե Աստծո տաճար եք դուք և Աստծո Հոգին բնակվում է ձեր մեջ», հարցնում է Պողոսը:

     

    Երբ Հիսուսի աշակերտներից մեկը հարցրեց նրան, թե ինչպես հասկանալ, թե Հիսուսն ինքն իրեն պիտի հայտնի աշակերտներին և ոչ թե աշխարհին, Հիսուսը պատասխանում է. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կըպահի, եւ իմ Հայրը նրան կըսիրի. Եւ մենք նրա մօտ կգանք ու նրա մօտ կօթեւանենք», Հվհ. 14, 23:

     

    Ե՜կ Տեր Հիսուս և բնակվի՜ր մեր մեջ, որ մենք էլ Քեզ միացած՝ լինենք մի սուրբ զոհ՝ ընծայված Երկնավոր Հորը. Ամեն:

     

    27 մայիսի, 2018

    Տ. Հովսեփ 

Օրացույց

Օրացույց