• Հարկ է կրթությունը դարձնել ավելի մարդակենտրոն՝ ավետարանական սկզբունքներով և նոր մոտեցումներով

    Երեխայի ամբողջական զարգացումը Եկեղեցու առաքելություններից մեկն է


    Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայկական Կարիտաս բարեսիրական կազմակերպության անձնակազմի համար 2018-ի ապրիլի 10-ին կազմակերպված հերթական հանդիպում-քննարկման թեման կրթությունն էր՝ Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքի վերլուծությամբ: Հանդիպումները վարող քահանան՝ Տ. Հովսեփ Գալստյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց հիմնականում երեք կարևորագույն փաստաթղթերի բովանդակության վրա՝ Gravissimum Educationis հռչակագիրը (1965, Վատիկանի Բ տիեզերաժողով), Կաթողիկէ կրթության հանձնաժողովի «Կրթել՝ հանուն եղբայրասեր մարդկության» (Educating to Fraternal Humanism, 2017), «Կրթական ուղեցույց՝ մարդկային սիրո մասին» (Educational Guidance in Human Love, 2017):

     

    Առաջին փաստաթուղթը հիմնարար է Կաթողիկէ Եկեղեցու ամբողջ կրթական գործունեության համար.այն մատնանշում և բացատրում է առանցքային սկզբունքները, որոնք հիմնված են մադկային արժանապատվության հարգման, մարդ անհատի ամբողջական զարգացման կրթական հնարավորությունների ստեղծման և կրթության քրիստոնեական ընկալման, նպատակների վրա:

    Փաստաթղթում գրված է .«Ճշմարիտ կրթության նպատակը մարդ անհատի ձևավորումն է՝ հասնելու իր վերջնական նպատակին և հասարակության բարիքին, որի մեկ անդամն է ինքը և որի պարտականությունները կիսելու է», Gravissimum educationis, 1:

    Կրթության քրիստոնեական ընկալման առանձնահատկություններից մեկն այն է, որ կրթությունը ի սկզբանե չպետք է սահմանափակվի միայն տեղեկատվություն փոխանցելով, այլ պետք է կարևորի նաև բարոյական և հոգևոր արժեքների սերմանումը երեխայի մեջ և այդ արժեքների համաձայն գործնական կյանքը, այսինքն՝ այդ արժեքները կյանքում ապրելու հնարավորություններ ստեղծի: Ընդ որում այդ գործնական կիրառությունը պետք է ապահովվի ոչ թե միայն անհատական, այլ՝ հատկապես հավաքական մակարդակի վրա՝ ձևավորելով եղբայրասիրության օրրաներ, միասնական առաքելության և աշխատանքի, նվիրման և հանձնառության հնարավորություններ:

    Տեր Հովսեփը շեշտեց, որ Եկեղեցին դոգմատիկ մոնոլիտ համակարգի ջատագով չէ, այլ՝ անխախտ ճշմարտությունների վրա հիմնված դինամիկ զարգացման և նոր մտածողության ձևերի որդեգրման առաջամարտիկ, որ քայլում է ժամանակի պահանջների հետ համահունչ և որպես դրանց մեկնաբան՝ ներշնչված Աստծո հետ կենդանի երկխոսությամբ:

     

    Սերունդներ կրթելը Եկեղեցու կարևորագույն առաքելություններից է, որովհետև կրթությամբ ենք ստեղծում ավելի լավ ապագայի, ավելի հոգևոր, առավել բարոյական մարդ արարածի կերպարը՝ Տիրոջ շնորհի հույսով և վստահությամբ: Հարկ է կրթությունը ստատիկ, բոլոր համահարթեցնող, զուտ տեղեկատվություն տրամադրոց համակարգից դարձնել ավելի մարդակենտրոն.

    «1.Կրթությունը դարձնել մարդկային՝ նշանակում է մարդ-անհատին դնել կրթության կենտրոնում, կենդանի համայնք ստեղծող մարդկային հարաբերությունների մեջ, որտեղ կա փոխադարձ կապվածություն և ընդհանուր նպատակ:

    Սա եղբայրասեր հումանիզմ է:

    2.Կրթությունը դարձնել մարդկային՝ նշանակում է թարմացնել կրթական դաշինքը սերունդների միջև՝ընտանեկան կրթությամբ:

    3.Ավելի մարդկային կրթությունը չի ստեղծում բաժանումներ, այլ՝ միասնականության, հանդիպման տարածություններ, կրթական ծրագրեր որտեղ կրթությունը պետք է զարգացնի համերաշխություն, ընդհանրություն և միություն (solidarity, sharing, communion:

     

    Բանախոսը առաջարկեց մտածել երկխոսության էության վրա, թե ինչպես ենք երեխային սովորեցնում հաղորդակցվել, երկխոսել մարդկանց հետ, ինչպե՞ս է դա կազմակերպվում Կարիտասի կենտրոններում, որտեղ աշխատում են երեխաների հետ: Ներկաները պատմեցին իրենց փորձառության մասին, ծավալվեց քննարկում:

     

    Առանձին անդրադարձ եղավ նաև սեռական կրթության վերաբերյալ, որը մեծ թերություններ ունի և անուշադրության է մատնվում դպրոցներում, ինչպես փաստեցին աշխատակիցները: Անուամենայնիվ, Հայկական Կարիտասի Փոքրիկ իշխան կենտրոններում կատարվում է խմբային և անհատական աշխատանք՝ սեռական զարգացման և դրա հետ կապված խնդիրների վերաբերյալ: Բանախոսն առաջարկեց առավել մեծ ուշադրություն դարձնել այս կետին՝ փորձելով աշխատանքն այստեղ առավել խարսխել Եկեղեցու փաստաթղթերի և քահանաների հետ միասնական աշխատանքի վրա:

     

    Պետք է ասել, որ կրթության մասին այս հանդիպումը շարունակությունն էր ընտանիքի թեմայով հանդիպումների շարքի, որոնց ընթացքում բանախոսն անդրադարձել է ընտանիքի մասին Եկեղեցու ուսմունքի հիմնական կետերին և փաստաթղթերին: Կարիտասին անձնակազմին տրամադրվել են «Եկեղեցու սոցիալական ուսմունքի ամփոփ» գրքի հայերեն թարգմանության օրինակներ: Հանդիպումները կազմակերպվում են երկու շաբաթ մեկ անգամ հաճախականությամբ, առայժմ միայն Գյումրիի կենտրոնների անձնակազմի համար:

    Power Point presentation file:

    Education

     

     

     

     

Օրացույց

Օրացույց