• Հայաստանի հայ կաթողիկէ համայնքը հյուրընկալեց Կարդինալ Քուրտ Քոխին

    Սուրբ Պատարագը քրիստոնեական միության հիմքն է


    2018թ. փետրվարի 5-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու Հայաստանի համայնքը երջանկությունն ունեցավ հյուրընկալելու Հռոմի Սուրբ Աթոռի Քրիստոնեական միության խորհրդի նախագահ Վսեմաշուք Կարդինալ Քուրտ Քոխին և ներկա լինելու նրա ձեռամբ մատուցված Սուրբ և Անմահ Պատարագին, հրավերով Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանի: Վսեմաշուք Ծիրանավորը Սուրբ Զոհը մատուցեց Երևանի Սբ. Գրիգոր Նարեկացի ժողովրդապետության մատուռում՝ համապատարագությամբ Արհ. Ռաֆայել Արք. Մինասյանի, Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանի, Կովկասում պապական նվիրակի ժամանակավոր պաշտոնակատարի և Հայաստանում ծառայող հայ կաթողիկէ հոգևորականների, ներկայությամբ Անարատ Հղության հայ միաբան քույրերի և Հայաստանի տարբեր շրջաններից եկած հայ կաթողիկէ երիտասարդների:

     

    Սուրբ Պատարագից առաջ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպս. Մինասյանն իր ողջույնի խոսքն ուղղեց Վսեմաշուք Կարդինալին՝ ուրախություն հայտնելով նրա այցելության և հայ կաթողիկէ համայնքի համար Սուրբ Պատարագ մատուցելու պատրաստակամության, եղբայրական սիրո այդ հոգեշահ քայլի համար:

     

    Սուրբ Պատարագը մատուցվեց լատինական ծիսակատարությամբ և Հայ Եկեղեցու շարականների երգեցողությամբ: Վսեմաշուք Կարդինալն իր քարոզի ընթացքում ներկաների ուշադրությունը հրավիրեց Սուրբ Գրքիc ընթերցվածի վրա, որը Երուսաղեմի տաճարի կառուցման մասին էր: Կարդինալը բացատրեց «Եկեղեցի» հասկացությունը՝ որպես Քրիստոսի Խորհրդավոր Մարմին, Քրիստոսի աշակերտների միություն և զոդ, փրկության տապան և մարդկության սրբագործման ճանապարհ, որի առանցքային շարժիչ ուժը Սուրբ Հաղորդությունն է՝ խորհրդավոր միությունը Տեր Հիսուս Քրիստոսի Անձի և Զոհաբերության հետ: Կարդինալը կոչ արեց հարատև մասնակցել միասնական աղոթքի՝ խմբված Հիսուսի Սուրբ Զոհի շուրջ, որն ի Քրիստոս եղբայրների և քույրերի միության միակ գրավականն է: «Քրիստոնեական մեր ողջ ինքնությունը կարող ենք համառոտել ձեռքերի երեք ժեստերի մեջ։ Առաջինը դա ընդունելու ժեստն է, ձեռքեր, որ բացվում են՝ ընդունելու Աստծո պարգևները։ Երկրորդ ժեստը դա դեպի վեր բարձրացող ձեռքերի ժեստն է, որոնք փառաբանում են Աստծուն ստացված պարգևների համար։ Երրորդ ժեստը դա ստացած պարգևները ուրիշներին փոխանցելու, ավանդելու ժեստն է։ Եվ այսպես՝ ընդունելով, փառաբանելով, ավանդելով է, որ կերտվում է մեր քրիստոնեական ողջ ինքնությունը».ասաց Կարդինալը:

     

    Սուրբ Պատարագից հետո Վսեմաշուք Կարդինալին և ներկաներին իր խոսքն ուղղեց հայ կաթողիկէ երիտասարդների խմբի նախագահ Գերհ. Հ. Գառնիկ Ծ. Վրդ. Հովսեփյանը: Հայր Սուրբը շեշտեց, որ Վսեմաշուք Կարդինալի ներկայությունը մեծ օրհնություն է և խրախուսանք հայ երիտասարդների համար՝ հարատևելու և ամրանալու քրիստոնեական առաքելության մեջ, ապրելու եղբայրության մեջ, որպեսզի կարողանան վկայել Տիեզերական Եկեղեցու միության ճշմարտությունը: Հայր Գառնիկը գոհունակությամբ շարունակեց, թե հայ կաթողիկէ երիտասարդները քաջատեղյակ են Կաթողիկէ Եկեղեցու վարդապետությանը, դաստիարակված և պատրաստված են հանդիպելու և շփվելու քրիստոնեական այլ համայնքների ներկայացուցիչների հետ: Նա պատմեց Հռոմի Սրբազան Քահանայապետի հետ հայ երիտասարդների հանդիպումների մասին՝ 2016-ի հունիսին, Հայաստանում և 2016-ի հուլիսին՝ Լեհաստանի Կրակով քաղաքում, Երիտասարդության համաշխարհային օրվա ընթացքում, ինչպես նաև ներկայացրեց ամեն տարի Հայաստանի Աղաջանյան կենտրոնում կազմակերպվող երիտասարդական միջոցառումները և ապագա ծրագրերը: Իր խոսքի վերջում Հայր Գառնիկը Վսեմաշուք Կարդինալին հանձնեց մի նվեր՝ հայ կաթողիկէ երիտասարդաց խմբի նշանը:

     

    Հայր Գառնիկից հետո դարձյալ խոսք առավ Կարդինալ Քոխը և շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և միասնական աղոթքի համար:

    Սուրբ Պատարագից հետո հայ կաթողիկէ հոգևորականները միասին ճաշեցին Վսեմաշուք Կարդինալի հետ և մտերմիկ զրուցեցին սեղանի շուրջ:

     

    Կարդինալ Քուրտ Քոխը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու հունվարի 30-ից փետրվարի 4-ը Սուրբ Էջմիածնում գումարվող Արևելյան Ուղղափառ և Կաթողիկէ Եկեղեցիների միջև աստվածաբանական երկխոսության միացյալ հանձնախմբի 15-րդ հանդիպմանը, որին ներկա էին նաև Սիրիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Պետրոս Արքեպս. Միրիաթյանը և Թուրքիայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Լևոն Արքեպս. Զեքիյանը:

     

Օրացույց

Օրացույց