• Անգլերէնի դասեր՝ Մեծ Սեպասար համայնքում

    Կամաւոր աշխատանքը՝ յանուն դիմացինի բարօրութեան եղբայրասիրութեան դպրոց է


    Մեծ Սեպասար համայնքի պատանիներն ու երիտասարդներն այսուհետեւ հնարաւորութիւն ունեն սովորելու անգլերէն՝ գիւղի Յիսուս Փրկիչ եկեղեցուն կից երիտասարդական կենտրոնում: Դասերն անցկացնում է Գիւմրիի Կազա շուեյցարական մարդասիրական հիմնադրամի կամաւորական, ազգութեամբ լեհ Յակուբ Բիենիաշը, դարձեալ կամաւորական հիմունքներով՝ ցանկանալով իր նպաստը բերել գիւղի երիտասարդութեան զարգացման մէջ, խնդրանքով Տ. Հովսէփ Քհնյ. Գալստեանի:

     

    Դասերն անցկաւում են երկու խմբերի համար՝ 9-13 եւ 14-16 տարեկան պատանիների համար, ազատ զրոյցի, դիտակտիկ նիւթերի միջոցով, որոնք պատրաստում են իրենք՝ պատանիները Յակուբի օգնութեամբ: Յակուբը անգլերէնի դասընթացներ է անցկացնում նաեւ Գիւմրում եւ երեխաների եւ երիտասարդների հետ աշխատանքի օգտակար փորձառութիւն ունի, միայն թէ Մեծ Սեպասարի երիտասարդական կենտրոնի շենքային պայմաններն առայժմ շատ վատն են.շենքը կարիք ունի հիմնանորոգման: Չնայած դասասենեակի պատերի մաշուած, քայքայուած տեսքին, պատանիները փորձում են դրանք աւելի ակնահաճոյ դարձնել՝ փակցնելով անգլերէն բառեր, գոյնըզգոյն նկարներ:

     

    Գիւղի դպրոցում դասաւանդուող օտար լեզուն գերմաներէնն է, որը լայնօրէն կիրառելի լեզու չէ, եւ անգլերէն լեզուից բազային գիտելիքներ անվճար ստանալը գիւղի պայմաններում լաւ հնարաւորութիւն է: Պատանիների համար նաեւ հետաքրքիր է լեհ կամաւորականի հետ շփումը, որը առիթ է հասկանալու կամաւոր՝ անշահախնդիր, աշխատանքի, ծառայութեան արժեքը, ինչը քրիստոնէական եղբայրասիրութեան առաջնային սկզբունքներից է:

     

    Եթէ հնարաւոր լինի մօտ ապագայում շենքը վերանորոգել, ապա պայմաններ կստեղծուեն նաեւ այլ դասընթացների եւ հոգեւոր, մշակութային միջոցառումների կազմակերպման համար:

     

Օրացույց

Օրացույց