Առաջիկայում սպասվում է հույժ կարևոր եպիսկոպոսական սինոդ՝ երիտասարդության խնդիրների վերաբերյալ:
Հաջորդ «Երիտասարդության համաշխարհային օր» միջոցառումը տեղի կունենա 2019թ. Պանամայում: Նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են թե Պանամայում և թե Հռոմում, որտեղ Maria Mater Ecclesiae պապական քոլեջում 2017թ. ապրիլի 5-9-ը տեղի ունեցավ ընդհանուր հանդիպում՝ տարբեր երկրների, այդ թվում և Հայաստանի, ներկայացուցիչների հետ: Հայ երիտասարդության խմբին ներկայացնում էին խմբի ղեկավար Հոգշն. Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը և կազմակերպիչներից Սիրանուշ Մինասյանը:
Հանդիպման առաջին օրը ներկայացուցիչները պատմել են ԵՀՕ 2016-ի իրենց փորձառության մասին, կիսվել իրենց տպավորություններով: Հայր Գառնիկը ներկայացրել է մասնակիցներին, թե ինչպես են հայ կաթողիկէ երիտասարդները պատրաստվում ԵՀՕ-2019-ին, մասնավորապես 2017թ. հուլիսին Հայաստանի Աղաջանյան կենտրոնում կայանալիք ազգային երիտասարդական օրերին: Նույն օրը հայկական պատվիրակության անդամները հարցազրույց են ունեցել լրագրողների հետ:
Երկրորդ և երրորդ օրերին ներկայացվել է Երիտասարդության հարցերով կաթողիկէ եպիսկոպոսների 2018թ. հրավիրվելիք սինոդոսի նախապատրաստական փաստաթուղթը, որը կոչվում է «Երիտասարդները, հավատքը և կոչման ընկալումը»: Այդ փաստաթղթի հիմնական կետերը հետևյալն են.
«Մենք ապրում ենք՝ ներդրումներ անելով երիտասարդության մեջ…նորարարություններն ու նոր մոտեցումները շատ կարևոր են ապագա զարգացման համար: Մենք պետք է բաց լինենք նորության առջև»:
Չորրորդ օրը Պանամայի պատվիրակությունը ներկայացրեց նախապատրաստական աշխատանքները, որոնք արդեն մեկնարկել են Պանամայում: Դա մի երկիր է, որտեղ երիտասարդները, հեռավորության և աղքատության բարձր մակարդակի պատճառով բավական կտրված են համաշխարհային եկեղեցական երիտասարդական միջոցառումներից: Ուստի, սա մի գեղեցիկ հնարավորություն կլինի նրանց համար շփվելու և ձեռք բերելու նոր ընկերներ և, իհարկե, աղոթելու Սրբազան Քահանայապետի հետ միասին:
Թեմական օրերը կկազմակերպվեն ոչ միայն Պանամայում, այլև՝ Կոստա Ռիկայում և Նիկարագուայում:
Ուխտավորները կհյուրընկալվեն ընտանիքների մոտ, դպրոցներում, սպորտային դահլիճներում և ճամբարներում:
Հայտերի լրացման համակարգը նույնն է, ինչ որ կիրառվեց Լեհաստանի պարագայում:
Ժողովի երկրորդ օրը Հ. Գառնիկ վրդ. Հովսեփյանը Հայաստանի հայ կաթողիկէ առաջնորդության անունից հայկական փայտե մի խաչ նվիրեց Սուրբ Աթոռի «Աշխարհականների, ընտանիքի և կյանքի» վարչության պրեֆեկտ Կարդինալ Քեվին Ֆարրելին:
Հայկական պատվիրակության անդամները այցելեցին նաև Հռոմի Լևոնյան վարժարան, Ռադիո Վատիկանի հայկական բաժին: Ռադիոյի լրագրողը հարցազրույց ունեցավ Սիրանույշ Մինասյանի հետ՝ ԵՀՕ Հայաստանի նախապատրաստության մասին:
Ապրիլի 8-ին քառօրյա ժողովի բոլոր մասնակիցները անմոռանալի մի հնարավորություն ունեցան միասին աղոթելու Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի հետ միասին, Հսկումի երեկոյան, Ծաղկազարդի տոնի նախօրեին, ըստ լատին սովորության: