«Աղոթում ենք առ Աստված, որպեսզի Տերը Ձեզ շնորհի երկար կյանք և լիառատ քաջառողջություն»:
2016թ. դեկտեմբերի 17-ը Ն.Ս. Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 80-ամյա հոբելյանն է:
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէ համայնքները ջերմորեն շնորհավորում են Սրբազան Քահանայապետին` ծննդյան հոբելյանի գեղեցիկ առիթով, խնդրում Աստվածամոր բարեխոսությունը Եկեղեցու Վեմի համար, որպեսզի Աստված երկար ու արևշատ օրեր և առատ շնորհներ պարգևի Նորին Սրբությանը` իր Տիրանվեր առաքելությունը արդյունավետ շարունակելու համար։ Դեկտեմբերի 17-ին Հայ Կաթողիկէ Եկեղեցու բոլոր հոգևորականները Սբ.Պատարագ կմատուցեն Նորին Սրբության համար։
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արլ. Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը շնորհավորական նամակ է ուղարկել Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետին` տարեդարձի առթիվ: Նամակում ասված է հետևյալը.
«Ձերդ Սրբությու՛ն,
Մեր մտքերում մինչ օրս թարմ է Ձեր ներկայությունը, որ վայելեցինք Հայաստան և Վրաստան Ձեր այցելության ժամանակ: Դեռևս ապրում ենք երախտագիտությունն՝ առ Տերն Մեր Հիսուս Քրիստոս՝ այդ անմոռանալի երջանիկ պահերի և հոգևոր հարստացման համար: Այդ օրերից ի վեր մեր առաջնորդության բոլոր հավատացյալները շարունակում են ամեն օր հետևել Ձեր նախախնամական գործունեությանը՝ հանուն աշխարհի խաղաղության, մասնավորապես, Միջին Արևելքում խաղաղության հաստատման և խաղաղ համակեցության համար:
Միջին Արևելքը օրրան է քրիստոնեության և երկրորդ հայրենիք՝ շատ հայերի համար: Ձեր ծննդյան 80-ամյակի առթիվ բնական է, Ձերդ Սրբությու՛ն, որ մենք էլ՝ հայ կաթողիկէ կղերականներս, միանձնուհիները, նվիրյալ անձինք և հավատացյալները, շնորհավորենք Ձեզ՝ հղելով մեր անկեղծ բարեմաղթանքները՝ մի մեծ փունջ աղոթքներով, ի մասնավորի, Ձեր և Ձեր ծառայության համար:
Աղոթում ենք առ Աստված, որպեսզի Տերը Ձեզ շնորհի երկար կյանք և լիառատ քաջառողջություն, որպեսզի Դուք կարողանաք շարունակել Ձեր առաքելությունը՝ վերարթնացնելով մարդկային խիղճն ընդհանրապես և մեր մեջ, որպեսզի մեզանում՝ որպես քրիստոնյաներ, երբեք չպակասի աշխատանքը՝ վկայելու մեր հավատքն առ Քրիստոս:
Ad multօs annos. (Ցանկանում եմ բազում տարիներ)
Առիթն օգտագործելով՝ ուզում ենք շնորհավորել նաև Սբ. Ծնունդը և Ամանորը՝ հայցելով երկնային շնորհներ:
Վերստին վստահեցնելով, որ աղոթում ենք Ձեզ համար, խնդրում ենք, Ձերդ Սրբությու՛ն, Ձեր հայրական օրհնությունը:
Ռաֆայել արքեպս. Մինասյան
Հայաստան»
Նամակի իտալերեն տարբերակը՝
Կենսագրական տեղեկություններ՝ Սրբազան Քահանայապետի մասին
Ն.Ս. Ֆրանցիսկոս Պապը կամ Խոսե Մարիո Բերգոլիոն ծնվել է 1936թ. դեկտեմբերի 17-ին Բունեոս Այրեսում, իտալացի արտագաղթյալների ընտանիքում:
Հայրը երկաթգծի աշխատող է եղել, իսկ մայրը զբաղվում էր տնային տնտեսությամբ: Խոսեն սովորել ու քիմիայի գծով մագիստրոսի աստիճան է ստացել Բուենոս Այրեսի համալսարանում, իսկ հոգևորական դառնալու որոշումն ընդունել է միայն 21 տարեկանում:
Խոսե Բերգոլիոն Հիսուսյանների միաբանություն է մտել 1958թ. և քահանայության համար սկսել է իր ուսումը Հիսուսյան ճեմարանում, 1960թ. ստացել է փիլիսոփայության լիցենցիատի գիտական կոչում, 1964-66թթ. Արգենտինայում բուհերի ուսանողներին դասավանդել է գրականություն և հոգեբանություն:
1967թ. Բերգոլիոն ավարտել է աստվածաբանական կրթությունն ու քահանա ձեռնադրվել 1969թ. դեկտեմբերին: Սան Միգելում նա շարունակում էր զբաղվել կրթական գործով`որպես ստավածաբանության պրոֆեսոր:
1973-79թթ. Բերգոլիոն Հիսուսյան միաբանության Արգենտինայի եղբայրության ղեկավարն էր: 1980-86թթ. աշխատեց որպես Սան Միգելի ճեմարանի ռեկտոր, այն ճեմարանի, որտեղ ինքն էր սովորել:
1980-ականների վերջին Գերմանիայում պաշտպանելով իր դոկտորական թեզը`իր կրթական ու հոգևոր գործունեությունը շարունակեց Արգենտինայում:
1992թ. Բերգոլիոն ձեռնադրվեց եպիսկոպոս և մինչև 1998թ. պաշտոնավարում էր որպես Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսի օգնական:
1998թ. փետրվարից նա ղեկավարել է Բուենոս Այրեսի և Արգենտինայի արևելյան կաթողիկեների թեմը:
2001թ. Հռոմի պապ Հովհաննես Պողոս Բ-ն արքեպիսկոպոս Բերգոլիոյին շնորհեց կարդինալի տիտղոսը և հռոմեական ծերակույտի տարբեր հաստատություններում ստանձնեց մի քանի վարչական պաշտոններ:
2013թ. մարտի 13-ին Կարդինալ Խոսե Բերգոլիոն ընտրվեց Հռոմի Սրբազան Քահանայապետ՝ Ֆրանցիսկոս անունով: