• ՀՀ Սփյուռքի նախարարը այցելել է Հայ Կաթողիկէ պատրիարքարան

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու հայրենանպաստ գործունեությունը անարձագանք չի մնում:


    Աղբյուր` Ռադիո Վատիկանի հայկական բաժին

     

    2016 թ.  դեկտեմբերի  13-ին Մեծի  Տանն  Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքը Հայ կաթողիկէ պատրիարքարանում ընդունեց Հայաստանի Հանրապետության  սփյուռքի  նախարար  Հրանուշ Հակոբյանին,  ում ուղեկցում էին   Լիբանանում  Հայաստանի արտակարգ եւ լիազոր  դեսպան  Սավել Մկրտչյանն  ու  դեսպանատան անձնակազմի անդամները:  Հանդիպմանը  ներկա էին  արհիապատիվ, գերհարգելի,  գերապատիվ  եւ արժանապատիվ  հայրեր, հայ կաթողիկէ համայնքի միութենական մարմինների  անդամներ և այլոք:

     

    Մեկ ժամից ավելի տևած  եւ շատ ջերմ ու սրտաբաց զրույցի  ընթացքում  անդրադարձ կատարվեց համայն հայությանը հուզող  հարցերին: Նախարար Հակոբյանն  անդրադարձավ Հայաստանում  ընթացող  բարեփոխումներին: Նա  շեշտեց հայրենի պետականության հզորացման և  տնտեսության զարգացման կարևորության մասին և  այս նպատակով ներդրումների անհրաժեշտության կարևորության մասին:  Նախարար Հակոբյանը  բարձր գնահատեց Հայ կաթողիկէ եկեղեցու  հայրենանպաստ գործունեությունը և  մասնավորապես  սիրիահայ գաղթականների Հայաստան ընդունման և  տեղավորման աշխատանքների  աջակցությունը:

     

    Նախարարը  արտահայտեց իր կարծիքը նաև  ամենապատիվ  հոգևոր  տիրոջ անդրադարձների վերաբերյալ` կրթական, քրիստոնեական  դաստիարակության,  Արցախի շուրջ բանակցութիւնների  ընթացքի, սփյուռքի նախարարության  ծավալած  գործունեության  և  Ֆրանցիսկոս սրբազան քահանայապետի Հայաստան կատարած այցելության շուրջ:

     

    Այսպիսի օգտակար  հանդիպումները ավելի  հաճախակի դարձնելու  մաղթանքով նախարար Հրանուշ Հակոբյանը  հրաժեշտ տվեց Ամենապատիվ Հոգևոր Տիրոջը:

     

Օրացույց

Օրացույց