• «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»

    Փոխե´նք ինքներս մեզ։


     

    Ստորև ներկայացնում ենք Սրբազան Քահանայապետի ուղերձը, որը նա կեսօրյա Հրեշտակ Տեառն աղոթքից առաջ հղել է Սբ. Պետրոսի Հրապարակում հավաքված մարդկանց:

     

    Բարի՛ առավոտ, սիրելի՛ եղբայրներ և քույրեր։
    Այս կիրակի օրվա Ավետարանի ընթերցման ժամանակ մենք լսում ենք Հովհաննես Մկրտչի կոչը «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է» (Մտթ. 3:2): Այս նույն խոսքերով Հիսուս իր առաքելությունն է սկսելու Գալիլիայում (Մտթ. 4:17) և սա նաև կլինի մի ազդարարում, որը կբերի աշակերտներին իրենց առաջին առաքելական փորձությանը (Մտթ. 10:7): Մատթեոս Ավետարանիչը ցանկանում է Հովհաննեսին ներկայացնել որպես մի մարդու, ով ճանապարհ է պատրաստում Հիսուսի գալստյան համար և աշակերտներին՝ որպես Հիսուսի քարոզչության շարունակողներ: Սա նույն ուրախ Ավետիսն է. Եկե՛ք, Աստծո թագավորությունը մոտեցել է. անշուշտ այն մեր մեջ է: Սա շատ կարևոր է: «Աստծո թագավորությունը ձեր մեջ է». ասում է Հիսուս: Եվ Հովհաննեսը հայտարարում է, որ Հիսուս ավելի ուշ ասելու է. «Աստծո Թագավորությունը եկել է և այն ձեր մեջ է»: Սա ողջ քրիստոնեական առաքելության հիմնական պատգամն է: Երբ միսիոները, քրիստոնյան գնում է հռչակելու Հիսուսին, նա չի գնում քարոզելու կարծես մի երկրպագու, ով ձգտում է ավելի մոտ լինել իր թիմին: Չպետք է պարզապես հայտարարել, որ «Աստծո Թագավորությունը ձեր մեջ է», միսիոները ճանապարհ է պատրաստում Հիսուսի համար, Ով հանդիպում է Իր ժողովրդի հետ:

     

    Սակայն ո՞րն է Աստծո Թագավորությունը, երկնքի Արքայությունը: Սրանք հոմանիշներ են: Մենք հիմա մտածում ենք մահվան, հավերժական կյանքի մասին: Անշուշտ, այս ամենը ճշմարիտ է, Աստծո Թագավորությունը անվերջ ընդարձակվելու է և դուրս է գալու երկրային կյանքից, բայց Ավետիսը, որը Հիսուս բերում է, և որը Հովհաննեսն ակնկալում է, դա այն է, որ Աստծո Թագավորությունում մենք կարիք չունենք ապագայում Նրան սպասելու, Նա մոտենում է և ինչ-որ ձևով Նա արդեն ներկա է: Հենց հիմա մենք կարող ենք ապրել այս հոգևոր ուժը: «Աստծո թագավրությունը ձեր մեջ է». ասում է Հիսուս: Աստված գալիս է Իր տիրապետությունը հաստատելու մեր պատմության մեջ, մեր կյանքի ամեն օրվա «այսօրվա» մեջ: Որտեղ այն ընդունում են հավատով և խոնարհությամբ, այնտեղ սերը, ուրախությունն ու խաղաղությունը ծաղկում են:

     

    Այս Թագավորության մի մասը դառնալու պայմանը, մեր կյանքում ինչ-որ բան փոխելն է, այսինքն՝ վերափոխվելը, ամեն օր ինքներս մեզ վերափոխելը, ամեն օր մեկ քայլ առաջ գնալը: Սա այն է, երբ թողնում ես հարմարավետ, բայց ապակողմնորոշիչ փողոցները, այս աշխարհի կուռքերը, ամեն գնով հասած հաջողությունը, թույլի հաշվին ձեռք բերած իշխանությունը, հարստության ծարավը, ամեն գնով ստացած հաճույքը: Եվ դրա փոխարեն ճանապարհ ես բացում Տիրոջ համար՝ Ով գալիս է: Նա չի խլում քո ազատությունը, այլ տալիս է ճշմարիտ երջանկություն: Բեթղեհեմում Հիսուսի ծննդով Աստված Ինքը եկավ ապրելու մեր մեջ, որպեսզի մեզ ազատի եսասիրությունից, մեղքից ու ընչաքաղցությունից, քանի որ այս ամենը բնորոշ է սատանային՝ ամեն գնով հաջողություն փնտրել, ձգտել հասնել իշխանության՝ ամենաթույլերի հաշվին, ունենալ հարստության ծարավ և ամեն գնով ձգտել հաճույքի:

     

    Սուրբ Ծնունդը մեծ ուրախության օր է, բայց առաջին հերթին այն հոգևոր իրադարձություն է, որի համար անհրաժեշտ է հոգևոր պատրաստություն: Հիսնակաց այս ժամանակահատվածում եկեք առաջնորդվենք Հովհաննես Մկրտչի հորդորով. «Պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք մեր Աստծու շաւիղները» (Ես. 40:3): Եկե՛ք պատրաստենք Տիրոջ ճանապարհը և հարթենք Նրա շավիղները, երբ մենք քննում ենք մեր խիղճը, երբ մենք նայում ենք մեր սովորություններին, որպեսզի ազատվենք այն մեղավոր սովորությունների հետապնդումից, որոնք ես նշեցի՝ ամենաթույլերի հաշվին հասած իշխանություն, հարստության ծարավ, հաճույք՝ ամեն գնով:

     

    Թո՛ղ Կույս Մարիամը հանդիպում պատրաստի այս ավելի մեծ սիրո հետ, որը բերում է Հիսուս, և Ով Սուրբ Ծննդյան օրը լույս աշխարհ եկավ որպես մի փոքր սերմ, որն ընկել է երկրի վրա: Եվ Հիսուս այս սերմն է, Աստծո Թագավորության սերմը:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

     

     

Օրացույց

Օրացույց