• Մենք շատ բան ունենք սովորելու աղքատներից.Նորին Սրբությունը հանդիպել է անտունների և անապահովների հետ

    Մի դադարեք երազել։


    2016թ. Նոյեմբերի 11-ի հրապարակային ունկնդրությանը ներկա էր մոտ 6000 մարդ` եվրոպական տարբեր ազգերից, ովքեր ապրել են կամ դեռևս շարունակում են ապրել փողոցում` անապահովներ, անտուններ:

     

    Այս իրադարձությունը հնարավոր դարձավ “Fratello” կազմակերպության օգնությամբ, որն այլ անդամ կազմակերպությունների հետ կազմակերպում և անցկացնում է միջոցառումներ՝ օգնելու այն մարդկանց, ովքեր մերժված են:

     

    Հետևելով մասնակիցներից երկուսի վկայություններին՝ Քահանայապետն իր խոսքն ուղղել է ներկաներին` իր շնորհակալությունը հայտնելով նրանց, որ եկել են Հռոմ, որպեսզի հանդիպեն նրան ու նրա հետ միասին աղոթեն: Քահանայապետն անդրադարձել է որոշ մտքերի, որոնք իր խոսքից առաջ բարձրաձայնել էին երկու անձինք:

     

    Սրբազան Քահանայապետը նրանց հետ խոսել է այն ցանկության մասին, ոը հաճախ մեզ ստիպում է տառապել, մեր մեջ ստեղծում է ներքին և արտաքին խոչընդոտներ, հիվանդագին ցանկություն, սակայն նաև` առաջ ընթանալու ցանկություն, այն լավ ցանկությունը, որը ստիպում է երազել:

     

    Ավելին, նա վստահեցրել է նրանց, որ իր համար աղքատ մարդը նա է, ով կորցնում է «երազելու, իր ցանկությունն առաջ մղելու կարողությունը»: Ուստի Քահանայապետը նրանց խնդրեց չդադարել երազել.
    «Երազել, որ մի օր աշխարհը կփոխվի»:

     

    Նորին Սրբությունը նաև նշել է, որ «աղքատությունն Ավետարանի սրտում է»: Միայն այն մարդն է նայում վեր ու երազում, ով զգում է, որ ինչ-որ բանի կարիք ունի: Այն մարդը, ով ամեն ինչ ունի, չի կարող երազել:

     

    Քահանայապետը անապահով պայմաններում ապրող ներկաներին խնդրել է մեզ բոլորիս, ովքեր տանիք ունեն, ովքեր սննդի ու դեղորայքի կարիք չունեն, սովորեցնել, որ չլինենք բավարարված»:

     

    Մեկ այլ հասկացություն, որին Քահանայապետն իր խոսքում հղում է արել՝ արժանապատվությունն էր, այսինքն «կարողաբալ վատագույն իրավիճակներում գտնել գեղեցիկ կյանք»:

     

    Միայն արժանապատիվ մարդն ունի կարողություն` նույնիսկ ամենատխուր և ամենադժվար բաների մեջ գտնել գեղեցիկը: «Այո´ աղքատ, բայց ոչ վարկաբեկված: Սա է արժանապատվությունը». ասել է Քահանայապետը:

     

    «Սա այն նույն արժանապատվությունն է, որն ուներ Հիսուս, Ով ծնվեց աղքատ և աղքատ էլ ապրեց»:

     

    «Այո´ աղքատ, բայց ոչ հպատակ, ոչ շահագործված»: Զգացմունք՝ տեսնելու, որ կյանքը գեղեցիկ է, որ այս արժանապատվությունը ձեզ փրկել է ստրկությունից». նշել է Քահանայապետը: «Այո´ աղքատ, բայց ոչ ստրուկներ»: Ավելին, նա անդրադարձել է համերաշխության նշանակությանը: «Կարողանալ օգնել, ձեռք մեկնել նրան, ով ինձանից շատ է տառապում»:

     

    «Համերաշխ լինելու կարողությունը աղքատության պտուղներից մեկն է». շարունակել է Սրբազան Քահանայապետը:

     

    «Երբ մարդը հարուստ է լինում, ապա, մոռանում է համերաշխ լինելու մասին, քանի որ նա ոչնչի պակաս չունի». զգուշացրել է Քահանայապետը: Մինչդեռ, «աղքատությունը մարդուն դարձնում է համերաշխ ու օգնում ձեռք մեկնել այն մեկին, ով ավելի դժվար կացության մեջ է»: Հետևաբար Քահանայապետը իր երախտագիտությունն է հայտնել ներկաներին՝ իրենց տված օրինակի համար և խնդրել է նրանց այս համերաշխությունն ուսուցանել աշխարհին:

     

    Խաղաղություն

     

    Քահանայապետը խոսել է նաև խաղաղության մասին. «Խաղաղություն, որը մեզ, քրիստոնյաներիս համար սկսվեց կայուն, արհամարհված ընտանիքում»:

     

    Հետևաբար, Քահանայապետը վստահեցրեց ներկաներին, որ նրանք «խաղաղության ճարտարապետներ են»: Այս կապակցությամբ Քահանայապետը նշել է. «պատերազմը տեղի է ունենում հարուստների միջև, որպեսզի նրանք ձեռք բերեն ավելին: Այդ իսկ պատճառով շատ վատ է, երբ պատերազմը տեղի է ունենում աղքատների միջև». շարունակել է Քահանայապետը: Իրենց աղքատությամբ աղքատներն ավելի հակված են լինել խաղաղության ճարտարապետներ։

     

    «Բոլոր կրոնները պետք է աճեն խաղաղության մեջ, քանի որ բոլոր կրոնները խաղաղության սուրհանդակներ են».ասաց Նորին Սրբությունը։

     

    Իր ուղերձի վերջին մասում Քահանայապետը խնդրել է բոլորի ներողամտությունը, եթե ինչ-որ ժամանակ նա վիրավորել է իր խոսքերով կամ չի ասել այն խոսքերը որոնք պետք է ասեր: Նա խնդրեց ներկաների ներողամտությունը նաև հանուն այն քրիստոնյաների, ովքեր կարդում են Ավետարանը՝ «հիմնական ուղերձում չգտնելով աղքատությունը»: «Ես հայցում եմ այն քրիստոնյաների ներողամտությունը, ովքեր աղքատ մարդուն կամ աղքատության իրավիճակին այլ կերպ են նայում». ասել է Քահանայապետը:

     

    Միևնույն ժամանակ նա հանդիպման մասնակիցներին վստահեցրել է, որ իրենց ներողամտությունը «մեզ համար սուրբ ջուր է»: «Այն օգնում է մեզ կրկին հավատալ, որ աղքատությունը Ավետարանի սրտում է՝ որպես մի մեծ ուղերձ». ավելացրել է Քահանայապետը:

     

    Հանդիպման ավարտին Քահանայապետն աղոթեց այսպես.

     

    Աստված, Հայր մեր, ես խնդրում եմ մեզ տալ տոկունություն, ուրախություն, սովորեցնել մեզ երազել առաջ նայել, սովորեցնել մեզ լինել համերաշխ, քանի որ մենք եղբայրներ ենք և օգնել մեզ պաշտպանել մեր արժանապատվությունը: Դու մեր բոլորիս Հայրն ես: Օրհնի´ր մեզ: Ամեն:

     

    Թարգմանեց` Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց