• «Աստված ողբում է հանուն փողի սանձազերծված պատերազմների համար»

    «Լավ կլինի, որ մտածենք և այն մասին, թե ինչպես Հայր Աստված մարդ դարձավ, որպեսզի կարողանար լացել, և թե ինչպես է մեր Հայր Աստված լացում մեր օրերում…»


    Սրբազան Քահանայապետն ասաց, որ Աստված  ողբում է աղետների համար,  այն պատերազմների, որոնք ընթանում են` «փողի կուռքը» երկրպագելու պատճառով: Նա նշեց, որ Աստված սգում է, քանի որ մարդկությունը չի հասկանում «այն խաղաղությունը, որը Տերն առաջարկում է մեզ»: Քահանայապետն այս խոսքերն ասաց հոկտեմբերի 27-ին, Սբ. Մարթայի տաճարում մատուցած Սբ. Պատարագի ժամանակ:

     

    Ոգեշնչվելով այդ օրվա Ղուկասի ավետարականական հատվածից, որտեղ Հիսուս ողբում է Երուսաղեմի համար, այն «փակված» քաղաքի համար, որը սպանում էր մարգարեներին ու քարկոծում էր իր մոտ ուղարկվածներին, Սրբազան Քահանայապետն իր քարոզում անդրադարձավ Քրիստոսի ծառայության այն դրվագներին, երբ Նա ողբում էր: Նորին Սրբությունը բացատրեց, որ Հիսուս Իր Հոր քնքշանքով էր նայում Իր զավակներին, երբ Նա սգում էր Երուսաղեմի համար, ավետարանական հատվածում ասելով.

     

    «Քանի՜ քանի՜ անգամ կամեցայ հաւաքել քո որդիներին, ինչպէս հաւը իր 35 ձագերին՝ թեւերի տակ, բայց դու չկամեցար»։

     

    «Ինչ-որ մեկն ասել է, որ Աստված մարդ դարձավ, որպեսզի կարողանար սգալ, սգալ Իր զավակների կատարած արարքների համար: Ղազարոսի գերեզմանի դիմաց սգալը ընկերոջ լաց է: Սա Հոր ողբ է»:

     

    «Նույն կերպ, մենք կարող ենք նայել անառակ որդու հոր վարվելակերպին, և թե ինչ պատահեց այն ժամանակ, երբ նրա որդին խնդրեց իր ժառանգությունը և հեռացավ տնից». շարունակեց Քահանայապետը: Նա ասաց, որ հայրը չգնաց իր մերձավորների մոտ ու չասաց. «Տեսե´ք, թե ինչ պատահեց ինձ հետ: Նա ինձ հետ սարսափելի վարվեց: Բայց ես կանիծեմ այս որդուն…», Քահանայապետն ասաց, որ ինքը վստահ է, որ հայրը չանիծեց նրան, թեև, երևի, նա գնաց «իր սենյակում մենակ սգալու»:

     

    «Ինչու՞ եմ սա ձեզ ասում: Քանի որ Ավետարանում այս մասին չի խոսվում, այնտեղ ասվում է, որ երբ նրա որդին վերադարձավ տուն, նա նրան տեսավ հեռվից. սա նշանակում է, որ Հայրը շարունակաբար բարձրանում էր կտուրը՝ նայելու իր որդու վերադարձի ճանապարհին: Եվ հայրը, ով վարվում է այս կերպ, այն հայրն է, ով ապրում է լացելով՝ սպասելով իր որդու վերադարձին: Սա Հայր Աստծո ողբն է: Եվ այս ողբով, Հայրը իր Որդու միջոցով վերստեղծում է ամբողջ արարչությունը»:

     

    Վերադառնալով այն պահին, երբ Հիսուս խաչը տանում է Գողգոթա, Սրբազան Քահանայապետը անդրադարձավ այն աստվածավախ կանանց, ովքեր ողբում էին՝ ասելով, որ նրանք ոչ թե ողբում են Քրիստոսի, այլ՝ իրենց սեփական զավակների համար: Նա նշեց, որ այս ողբը, որը նման է հոր և մոր լացի, այն ողբն է, որ Աստված դեռևս շարունակում է անել մեր օրերում:

     

    Նույնիսկ այժմ՝ արհավիրքների առջև, փողի կուռքը երկրպագելու համար մղվող պատերազմների ժամանակ պայթյունների հետևանքով շատ ու շատ սպանված անմեղ մարդիկ կան, Աստված ողբում է և նաև ասում.

    «Երուսաղէ՜մ, Երուսաղէ՜մ, իմ զավակներ, ի՞նչ եք դուք անում»:

    Եվ Նա այս ամենն ասում է նաև խեղճ զոհերին, զենքեր վաճառողներին և բոլոր նրանց, ովքեր վաճառում են մարդկանց կյանքը: Լավ կլինի, որ մենք մտածենք և այն մասին, թե ինչպես Հայր Աստված մարդ դարձավ, որպեսզի կարողանար լացել, և թե ինչպես է մեր Հայր Աստված լացում մեր օրերում. Նա ողբում է մարդության համար, որն այդպես էլ չի հասկանում այն խաղաղությունը, որը Նա առաջարկում է մեզ՝ սիրո խաղաղությունը»:

     

    Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Օրացույց

Օրացույց