• Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի այցելությունը Մեսրոպյան բարձրագույն վարժարան

    Գրիգոր Պետրոս Ի. հորդորել է, որ բոլորը զինվեն մեծագույն համբերությամբ՝ մանուկների առողջ կազմավորման առաքելությունը լավագույնս կատարելու համար


    Հայ Կաթողիկէ Մեսրոպյան Բարձրագույն Վարժարանի տեղեկատվական գրասենյակից հայտնում են, որ  2016-ի հոկտեմբերի  28-ին  Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց  Ամենապատիվ  և  Գերերջանիկ  Տ. Գրիգոր  Պետրոս Ի. Կաթողիկոս  Պատրիարքն իր անդրանիկ այցելությունը  շնորհեց  Հայ Կաթողիկէ  Մեսրոպյան բարձրագույն վարժարանին,  որտեղ  նախագահեց  Սրբոց Թարգմանչաց  տոնին  նվիրված  դպրոցական  հանդիսությունն  ու այդ առիթով իր հայրական խոսքն ուղղեց աշակերտությանն  ու անձնակազմին:

     

    3

     

    Հոգևոր տերը Մեսրոպյան վարժարան է  ժամանել առավտյան ժամը իննին: Նրան  ուղեկցել են  Հայ Կաթողիկէ  պատրիարքության օգնական եպիսկոպոս Արհի. Հայր Գևորգ եպս. Ասատուրյանը,  Արհի. Հայր Մանուել եպս. Պաթագյանը,  ինչպես նաև Զմմառի վանքի պատրիարքական փոխանորդ  և պատրիարքական կրթական խորհրդի նախագահ Հայր Գաբրիել  Թ.Ծ.Վ. Մուրադյանը:

    4

    Այցելության առիթով  Մեսրոպյանի տեսչական բաժանմունքի  մուտքի մոտ  կատարվել է հուշաքարի բացում,  որով այդ  բաժանմունքը ստացավ  Գրիգոր Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքի անունը՝  ի վավերացումն այն փաստի,  որ նշվսծ բաժանմունքը կառուցվել է  բացառապես  Հոգևոր տիրոջ  ջանքերով, նրա՝ Մեսրոպյանի տնօրեն եղած ժամանակաշրջանում  (1961 – 1969):

     

    Այնուհետև  Հոգևոր Տերը  այցելել  է  Մեսրոպյան վարժարանի գրասենյակներն ու բաժանմունքները,  ծանոթացել է այնտեղ կատարվող  աշխատանքներին,  գոհաբանական աղոթք է հնչեցրել Մեսրոպյանի մատուռի մէջ, ինչից  հետո  Եսայան հանդիսասրահում կայացել է  հանդիպում՝ տեսչական կազմի անդամների  հետ:

    2

    Գրիգոր  Պետրոս Ի. Կաթողիկոս Պատրիարքը ասել է, որ  թե՛ որպես Հայ Կաթողիկէ  Եկեղեցու  առաջնորդ եւ թե՛ որպես նախկին  տնօրեն, Մեսրոպյանը մեծ տեղ ունի իր սրտում, և որի  գործունեությանը հետևում է  մեծագույն  ուշադրությամբ  և  հոգածությամբ: Նա  գոհունակություն է  հայտնել  այս  այցելության առիթով  և բարձր է գնահատել  վարժարանի մանկավարժական եւ վարչական անձնակազմի կատարած աշխատանքը՝  հայ սերունդների կրթության համար: Հոգևոր Տերը շեշտել է  սիրո կարևորությունը ուսուցչական գործունեության մէջ: Գրիգոր  Պետրոս Կաթողիկոս Պատրիարքը  հորդորել է, որ  բոլորը  զինվեն  մեծագույն համբերությամբ՝ մանուկների  առողջ կազմավորման առաքելությունը լավագույնս կատարելու համար:

     

    Այցելության առիթով, Հոգևոր Տերը, ընկերակից հոգևորական հայրերի  և  ընդունելությանը  մասնակցողների   հետ հարգանքի տուրք է  մատուցել  Սուրբ Մեսրոպ Մաշտոցի հիշատակին ՝ ծաղիկներ դնելով նրա հուշակոթողին:

     

    Աննման Մինասյան

Օրացույց

Օրացույց