• Ավարտվեց Հայ Կաթողիկէ Եկեղեցու Եպիսկոպոսաց Սինոդը

    Կայացվել են կարևոր որոշումներ, որոնց իրագործման համար պետք է մշակվեն գործողության ծրագրեր:


     

    Աղբյուր՝ Ռադիո Վատիկանի հայկական բաժին

     

     

    Հայ կաթողիկէ եկեղեցու եպիսկոպոսաց տարեկան սինոդը, որը սկսվել էր 2016թ. օգոստոսի 25-ին, պաշտոնապես փակվեց սեպտեմբերի 2-ին Զմմառու վանքի մեջ`Տանն Կիլիկիոյ կաթողիկէ  հայոց Գրիգոր Պետրոս Ի. կաթողիկոս պատրիարքի նախագահությամբ և հայ կաթողիկէ թեմերի եպիսկոպոսների և վիճակավորների մասնակցությամբ:

     

    Հրապարակված հաղորդագրության մեջ նշված էր, որ ժողովները մեծ մասամբ ընդգրկում են ներկա պայմաններում Եկեղեցու առաքելության դիմագրաված դժվարությունները: Հատուկ ուշադրություն է դարձվել հոգևորականների պատրաստման համար կատարվելիք աշխատանքներին՝ հոգևոր և ազգային ոլորտներում:

     

    «Ողորմության տարվա» շրջանակներում`հետապնդելով Եկեղեցու առաջադրած «Նոր ավետարանի» առաքելությունը, հոգևորական ու աշխարհական դասերի միջև համագործակցությունը առաջ տանելու անհրաժեշտություն նկատվեց, որպեսզի խորացվի քրիստոնեական հավատքի ճշգրիտ ըմբռնումը՝ 21-րդ դարի մարտահրավերների դիմաց:

     

    Սինոդի հայրերը գոհունակությամբ նշեցին, որ մոտ ապագայում լույս կընծայվի հոգեշահ մի քանի հրատարակություններ: Նախատեսված է նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու պատմության պատրաստությունը: Շեշտվել է նաև հաղորդակցության միջոցները առավելագույն կերպով օգտագործելու անհրաժեշտությունը, հատկապես արդիական լսատեսողական միջոցներն ու մամուլը:

     

    Ժողովին մասնակցող հայրերը քննարկեցին նաև Ֆրանցիսկոս Սրբազան Պապի Հայաստան կատարած հովվական այցի  դրական ազդեցությունը:

     

    Սինոդի  հայրերը հայտարարեցին, որ  իրազեկ լինելով Միջին Արևելքի և հատկապես Լիբանանի ու Սիրիայի  քաղաքական անկայուն կացությանը վերաբերող խնդիրներին` կիսում են այդ ժողովուրդների մտահոգությունը և իրենց աջակցությունն են հայտնում նրանց հայրենասեր կոչին:

    Սինոդի հայրերը, ողջունելով հայ կաթողիկէ  հոգևորականներին  ու հավատացյալներին ի սփյուռ աշխարհի, հայցեցին նրանց աղոթքները, որպեսզի ամենաբարի Աստծո բարեխոսությամբ սուրբ Աստուածամայրը հաջողությամբ պսակի  Սինոդի աշխատանքները:

Օրացույց

Օրացույց