«Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ», Հվհ., 20:25
2 սեպտեմբերի, 2016թ.
2016թ. սեպտեմբերի 3-ը Նիկիայի սուրբ ժողովի 318 հայրապետների և Թովմաս առաքյալի հիշատակության օրն է:
Ավետարանի հատվածը Թովմաս առաքյալի կասկածամտության մասին պատմությունն է, որը կարդում ենք միայն Հովհաննեսի ավետարանում (20, 24-31):
Թովմասը մյուս աշակերտների հետ չէր, երբ Հիսուս Հարությունից հետո եկավ նրանց մոտ և Իր խաղաղությունը տվեց նրանց, ապա Սուրբ Հոգին փչեց ու մեղքերը ներելու զորությունը տվեց: Երբ Թովմասը գալիս է տուն, աշակերտները պատմում են եղելությունը, բայց Թովմասը չի համոզվում: Հետաքրքիր է, որ նա ուզում է տեսնել ոչ թե Հիսուսի դեմքը, նրա հարություն առած մարմինը, կամ զորավոր մի գործ, մի բուժում, այլ ուզում է տեսնել նրա վերքերը.
«Եթէ չտեսնեմ նրա ձեռքերի վրայ մեխերի նշանը եւ իմ մատները մեխերի տեղերը չդնեմ ու իմ ձեռքը նրա կողի մէջ չխրեմ, չեմ հաւատայ», 20:25:
Թովմասի համար առավել կարևոր է Հիսուսի չարչարանքի փաստը, որը բնորոշում է իր վարդապետի առաքելությունը, դա Նրա կյանքի ու խոսքի վկայության պսակն է, որով Նա տարբերվում է մյուս կեղծ ուսուցիչներից: Սա անհասկանալի էր շատերի, նույնիսկ՝ աշակերտների համար, բայց Թովմասի համար Հիսուսի հետ իր մերձավորության, անհատական հարաբերության ամենակարևոր արտահայտությունն էր: Նա ուզում է Հիսուսի հետ մերձավորությունը, կենդանի լինելը զգալ՝ իր մատները դնելով մեխերի արյունոտ վերքերի վրա, իր ձեռքը խրելով նրա կողի մեջ.սա Հիսուսի հետ լիակատար միության մի գեղեցիկ և արտասովոր փափագ էր, որը դժվար է համարել անհավատություն: Աստվածաբան Պիեր Դյումուլենը Թովմասի կասկածը համարում է սիրո նշան, ըստ նրա Թովմասը ուզում է տեսնել այն Հիսուսին, որը սիրեց իրեն և մյուս աշակերտներին ի սպառ և իր կյանքը տվեց հանուն իրենց: Դյումուլենը Հովհաննեսի Ավետարանի իր մեկնության մեջ գրում է.
«Նա գիտի, որ միայն չարչարանքների վերքերն են վկայում սիրո մասին, նրա համար Հիսուսի ճշմարիտ անձը կարելի է ճանաչել միայն այդ վերքերով» (գլ.15, բ):
Թովմասի անհամբեր փափագը` տեսնելու Հիսուսին և համոզվելու, անպատասխան չմնաց, որովհետև Հիսուս երբեք չի ուշանում ընդառաջ գալու մեր փափագին՝ Իր հետ հանդիպելու, Իր հետ միանալու, Իր սերը վայելելու: Ութ օր հետո Հիսուս դարձյալ եկավ աշակերտների մոտ, Թովմասն էլ այդտեղ էր, գրում է Հովհաննեսը: Հիսուս անցավ փակ դռներով և Թովմասին ցույց տվեց իր վերքերը. «բե՛ր քո ձեռքը ու մտցրո՛ւ իմ կողի մէջ. անհաւատ մի՛ եղիր, այլ՝ հաւատացեալ»: Թովմասը խոստովանեց.«Տէ՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ»: Թովմասը Տեր է խոստովանում Հիսուսին, որովհետև Հիսուս Իր կյանքը տվեց իր համար, սա Տիրոջ և ծառայի հարաբերություն է՝ հիմնված սիրո վրա: Թովմասը հասկանում է, որ Աստված իր Տերն է՝ նախևառաջ Իր անհուն սիրով, և իր համար Իր կյանքը մատնելով, որը եղավ փրկության շնորհ՝ բոլորիս համար: Թովմասը հավատաց, որ Հիսուսն է իր առջև կանգնած՝ ոչ թե որովհետև Հիսուս անցավ դռների միջով և ոչ թե որովհետև տեսավ Նրա դեմքը, այլ՝ տեսավ Նրա վերքերը, որոնք իր և բոլոր մարդկանց համար Տիրոջ մեծագույն սիրո անհերքելի փաստն էին, հետևաբար և՝ Հիսուս Քրիստոսի ճշմարիտ ինքնությունը:
Հիսուս ասաց Թովմասին. «…երանի՜ նրանց, որոնք չեն տեսել եւ սակայն կը հաւատան»: Այս խոսքն ուղղված է յուրաքանչյուր մարդ արարածի, որպեսզի հավատա, որ Հիսուս Կենդանի է և մեզ հետ է ամեն վայրկյան, թեև մենք նրան չենք տեսնում և չենք տեսել, ինչպես տեսան Թովմասը և մյուս առաքյալները: Բայց նրանց ավանդը պահում է Եկեղեցին՝ իր Սրբազան Ավանդությամբ, որը փոխանցվում է ժամանակի ու տարածության մեջ՝ առ ի հավատ յուրաքանչյուրին, ով միանում է Տիրոջ Ընտանիքին:
Յուրաքանչյուրս պետք է հիշենք և մեզ համար միշտ ներկա դարձնենք Տեր Հիսուս Քրիստոսի վերքերը, որոնք մե՛զ համար են, և ամեն անգամ Սբ. Հաղորդության ժամանակ պետք է Թովմասի հետ միասին ապրենք Հիսուսի վերքերին միանալու, մեր մատները նրա վերքերի մեջ դնելու Վսեմ Խորհուրդը:
Աստվածածինը եղավ Նոր Ուխտի առաջին ծաղիկը, ով հավատաց՝ առանց տեսնելու: Հիշենք Եղիսաբեթի խոսքերը.
«Երանի՜ նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն», Ղկ.,1:45
Պատահական չէ, որ Սրբազան Ավանդությունը Թովմասին է վերագրում Աստվածածնին ուղղված հետևյալ աղոթքը՝ հայկական ժամերգության Երեքսրբյան փառաբանությունից հետո.
Փառաւորեալ եւ օրհնեալ միշտ Սուրբ Կոյս Աստուածածին Մարիամ, Մայր Քրիստոսի, մատո զաղաչանս մեր Որդւոյ քո եւ Աստուծոյ մերոյ:
Տ. Հովսեփ քհն. Գալստյան