• Սրբազան Քահանայապետի դեպի Վրաստան և Ադրբեջան այցի ծրագիրը

    Քահանայապետի այցը Կովկասյան երկրներ՝ խաղաղության և սիրո զորեղ մի կոչ է:


    13 հուլիսի, 2016թ.

     

    Վատիկանի մամլո ծառայությունը հրապարակել է Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի առաքելական այցի ծրագիրը դեպի Վրաստան և Ադրբեջան, որը տեղի կունենա սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 2-ը:

     

    Սրբազան Քահանայապետը կժամանի Թբիլիսիի Շոտա Ռուսթավելիի անվան միջազգային օդանավակայան սեպտեմբերի 30-ի օրվա երկրորդ կեսին: Օդանավակայանում պաշտոնական ողջյունի արարողությունից հետո Ֆրանցիսկոս Քահանայապետը քաղաքավարության այց կկատարի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին: Սեպտեմբերի 30-ի երեկոյան Նախագահական նստավայրի բակում Սրբազան Քահանայապետը ողջյունի խոսքով կդիմի իշխանության, քաղաքացիական հասարակության և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին:

     

    Երեկոյան Վրաց Ուղղափառ Եկեղեցու Հայրապետական պալատում տեղի կունենա Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիայ II հանդիպումը: Այնուհետև Սրբազան Քահանայապետը կհանդիպի ասորա-խալդեյան կաթողիկե համայնքի հետ:

     

    Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Միքայել Մեսխիի անվան մարզադաշտում Ֆրանցիսկոս Պապը կմատուցի Սուրբ Պատարագ: Սուրբ Պատարագից հետո Սուրբ Աստվածածին Վերափոխման եկեղեցում Սրբազան Քահանայապետը կհանդիպի վրաց կաթողիկե քահանաների, Եկեղեցու սպասավորների ու աշխարհականնեերի հետ: Այնուհետև Ֆրանցիսկոս Պապը կայցելի Մցխեթայի Սվետիցխովելի  Հայրապետական տաճար:

     

    Հոկտեմբերի 2-ին, հրաժեշտի արարողությունից հետո Սրբազան Քահանայապետը Թբիլիսիից կուղևորվի Բաքու: Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը Կույս Մարիամի Անարատ Հղության եկեղեցում Սբ. Պատարագ կմատուցի, որից հետո կկայանա համատեղ ճաշկերույթ՝ սալեզյան կաթողիկէ համանքի հետ:

     

    Նույն օրը դիմավորման պաշտոնական արարողությունից հետո Ֆրանցիսկոս Քահանայապետը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ: Ֆրանցիսկոս Պապը նաև մտադիր է ողջյունի խոսքով դիմել իշխանության ներկայացուցիչներին Հեյդար Ալիևի անվան կենտրոնում:

     

    Նախկին նախագահ Հեյդար Ալիևի անվան մզկիթում Սրբազան Քահանայապետը կհանդիպի Կովկասի մահմեդականների Վարչության ղեկավարի հետ: Նույն օրը երեկոյան Սրբազան Քահանայապետը մտադիր է հանդիպելու Բաքվի ուղղղափառ եպիսկոպոսի և հրեական համայնքի նախագահի հետ, որից հետո Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետը կվերադառնա Հռոմ:

     

Օրացույց

Օրացույց