• «Անթույլատրելի է բնական երևույթ համարել սովը».Սրբազան Քահանայապետի խոսքը ՄԱԿ-ի գրասենյակում

    «Աղքատությունն ունի դեմք…»


    15 հունիսի, 2016թ.

     

    2016թ. հունիսի 13-ի առավոտյան Ֆրանցիսկոս Սրբազան Պապն այցելեց ՄԱԿ-ի Հռոմում գտնվող Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակ:

     

    ՊՀԾ Գործադիր խորհրդի ամենամյա նստաշրջանի ժամանակ Հռոմի Եպիսկոպոսը իր ուղերձում ասաց մասնակիցներին, թե հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը մեր փոխկապակցված և հիպեր-կոմունիկացիոն աշխարհում ստեղծում է տպավորություն, թե աշխարհագրական հեռավորությունները նվազել են: Դա հնարավորություն է տալիս արագ կապի մեջ մտնել «աշխարհի մյուս կողմերում տեղի ունեցող իրադարձությունների հետ», ավելի մոտ լինել «ցավալի, հիվանդագին իրադարձություններին»՝ ուրիշներին օգնելու համար՝ դրսևորելով կարեկցանք ու համերաշխություն: Սակայն, ամեն դեպքում մեր չափից շատ իրազեկ լինելը բերում է պարադոքսի, պարզաբանեց Պապը. «Մենք աստիճանաբար դառնում ենք անզգա, անտարբեր՝ մարդկային ողբերգությունների նկատմամբ, դրանք համարելով ինչ-որ բնական բան, երևույթ»:

     

    «Տեղեկատվական տարբեր ալիքների միջոցով մենք տեսնում ենք ցավ, սակայն չենք դիպչում նրան, մենք լսում ենք լաց, սակայն չենք հանգստացնում, չենք մխիթարում լացողին, մենք տեսնում ենք ծարավ մարդու, բայց չենք հագեցնում նրա ծարավը: Այսպիսով, մարդկային շատ կյանքեր դառնում են լրատվության մաս, որոնք շուտով կփոխարինվեն այլ նորություններով: Այն ժամանակ, երբ նորությունները փոխարինում են մեկը մյուսին, ցավը, սովը և ծարավը չեն փոխվում, դրանք մնում են»:

     

    Այս կոնտեքստը բացահայտում է այն կարևոր դերը, որոնք ունեն ՊՀԾ-ի նման կազմակերպությունները, որոնց համար բավական չէ միայն իմանալ մարդկանց դրության, իրավիճակի մասին: Բավական չէ զարգացնել երկար խորհրդածություններ կամ խորասուզվել դրանց շուրջ անվերջ քննարկումների մեջ: Պապը ընդգծեց, որ աղքատությունը պետք է դարձվի ոչ սովորական մի երևույթ, և չպետք է դիտարկվի որպես բնական փաստ, երևույթ, որն ունի գոյության իրավունք, որովհետև աղքատությունը ունի դեմք: Դա երեխայի, ընտանիքի, երիտասարդների ու ծերերի դեմքն է: Այն ունի գործազրկության, հարկադիր արտագաղթի, լքված կամ կործանված տների դեմքը: Մենք չենք կարող սովորական երևույթ համարել մարդկանց մեծ մասի սովը, մենք իրավունք չունենք ասելու, որ նրանց իրավիճակի, դրության պատճառը կույր ճակատագիրն է, որի դեմ մենք անզոր ենք:

     

    Երբ մոռանում են, որ աղքատությունն ունի կոնկրետ դեմք, ապա սկսում են խոսել այնպիսի վերացական կատեգորիաների մասին, ինչպիսիք են «սովը», «սնունդը, սնուցումը», «բռնությունը»՝ հեռանալով «կոնկրետ, իրական մարդուց, ով այսօր էլ թակում է մեր դուռը», ասել է Քահանայապետը:  Առանց դեմքի ու առանց պատմության «մարդկային կյանքերը սկսում են դառնալ թվեր, և վտանգ է առաջանում ուրիշների ցավը վերածելու բյուրոկրատական ընթացակարգի»: Սակայն բյուրոկրատները «թղթերի հետ գործ ունեն», այն ժամանակ, երբ մարդկանց հանդեպ անհրաժեշտ է կարեկցանք: Դրա համար էլ մենք պետք է աշխատենք «ոչ սովորական դարձնել և ապա-բյուրոկրատացնել մեր եղբայրների աղքատությունն ու սովը»:

     

    Սրբազան Քահանայապետը համառորեն կոչ արեց տարբեր մակարդակներով միջամտել հանուն կոնկրետ մարդկանց, տառապյալների ու սովյալների: Անհրաժեշտ է «ոչ սովորական դարձնել աղքատությունը», դադարել այն համարել գոյության իրավունք ունեցող ինչ-որ բնական բան:

     

    «Սննդի պակասությունը չի հանդիսանում ինչ-որ բնական կամ էլ ինքն իրեն ենթադրվող ակնհայտ փաստ: Այսօր, 21-րդ դարում  շատ մարդիկ են տառապում այդ դժբախտությունից՝ կապված ռեսուրսների եսասիրական ու վատ տեղաբաշխման, սննդամթերքի առևտրականացման հետ»:

     

    Երկրի բարիքները դարձել են «քչերի արտոնությունը».- ընդգծեց Ֆրանցիսկոս Սրբազան Պապը: Ամբողջ մարդկությանը տրված պարգևները վերածվել են «մի քանիսի սպառման առարկաների», որն էլ ծնել է բացառությունը: Սպառումը, որով ներծծված է մեր հասարակությունը, մեզ մոտ առաջացնում է շռայլության ու ավելորդության սավորությունը: Պետք է հիշել, որ «սնունդ թափելը նշանակում է սնունդ գողանալ աղքատի սեղանից», անհրաժեշտ է խորհել սննդային ռեսուրսների անմտածված վատնելու մասին, հարկ է «ապա-բյուրոկրատացնել սովը»:

     

     

    Ցավոք սրտի, ընդգծեց Պապը.- «մեր քննարկումների ու շահերի մեջ»  գերակշռում են պատերազմներն ու հակամարտության սպառնալիքները: Դա խոչընդոտում է ռազմական գոտիներում սննդամթերքի բաշխմանը, որն էլ հանդիսանում է «միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների ու հրահանգների խախտում»: Այստեղից ևս մեկ պարադոքս- բարդ և անհասկանալի քաղաքական որոշումները խանգարում են օգնության ու զարգացման ծրագրերին, բայց ոչ՝ զենքի տեղաշարժին, որը «սնուցում է պատերազմը, ոչ թե՝ մարդկանց»:

     

    «Որոշ դեպքերում հենց սովն է օգտագործվում որպես պատերազմի զենք, զինամթերք: Շատանում են զոհերը, որովհետև մարդկանց թիվը, ովքեր մահանում են սովից ու հյուծվածությունից, գումարվում է մարտիկների թվին, որոնք մեռնում են ռազմի դաշտում, ինչպես նաև՝ խաղաղ բնակիչների թվին, որոնք մեռնում են ռազմական գործողությունների ու ահաբեկչությունների ժամանակ»:

     

    Ժամանակակից աշխարհին անհրաժեշտ են «իսկական հերոսներ՝ ունակ ճանապարհներ բացելու, կամուրջներ կառուցելու, ընթացակարգերը հեշտացնելու, ովքեր շեշտը կդնեին տառապյալների վրա»: Հենց այդ նպատակի վրա պետք է կետրոնանա միջազգային հանրությունը:

     

    Պապը կոչ արեց ՄԱԿ-ի անդամ-պետություններին համագործակցել ՊՀԾ հետ, որպեսզի այդ կազմակերպությունը ի վիճակի լինի բավարարել մարդկանց կարիքները՝ իրականացնելով նախագծեր և համագործակցելով «երկարատև զարգացման ծրագրերի հետ»:

     

    ՄԱԿ-ի Պարենի Համաշխարհային Ծրագրի աշխատանքը ցույց է տալիս, որ հնարավոր է «համակարգել գիտական գիտելիքները, մեթոդներն ու գործնական լուծումները և համատեղել ռեսուրսների հավաքման ու արդարացի տեղաբաշխման հետ ուղղված ջանքերին»,- եզրափակեց Ֆրանցիսկոս Պապը:

     

    Սրբազան Հայրը մեջբերեց Հիսուսի ավետարանական խոսքերը. «Ես սոված էի և դուք Ինձ կերակրեցիք, Ես ծարավ էի և դուք Ինձ ջուր խմեցրիք…», Մտթ.25: Սա քրիստոնեության կանոններից մեկն է, որը պետք է ուժ ունենա, զորեղ լինի բոլորի համար, քանի, որ «յուրաքանչյուր ազգի ապագան կախված է իր եղբայրների քաղցի ու ծարավի, ավելին՝ ամբողջ մարդկության համար պատասխանատվություն վերցնելու ունակությունից»:

     

     

    Ռադիո Վատիկանի ռուսերեն բաժնից թարգմանեց Նաիրա Բաղդասարյանը

Օրացույց

Օրացույց