• Մայիսի  9-ը՝ Արևիկ գյուղում

    Յիշատակ արդարոց օրհնութեամբ եղիցի


    10 մայիսի, 2016թ.

     

    Պատերազմն սկսվելու հենց առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը, Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների հետ, մեկ մարդու պես ոտքի կանգնեց պաշտպանելու իր Հայրենիքը։

     

    Անցյալ դարի 1945թ.-ին ազդարարվեց նորագույն պատմության ամենադաժան պատերազմի հաղթական ավարտը: Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովուրդների, այդ թվում` հայերի տարած հաղթանակին գումարվեց 1992թ.-ին Շուշիի ազատագրման հաղթանակը, որին էլ հաջորդեց Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակի ստեղծումը:

     

    Այս կարևոր եռակի խորհուրդ ունեցող հաղթանակների առիթով էլ Շիրակի մարզի Արևիկ գյուղի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Հայ Կաթողիկե եկեղեցում Արժ. Տ. Նարեկ քհն. Թադևոսյանի ձեռամբ մատուցվեց Սուրբ պատարագ: Նա իր քարոզում շնորհավորեց  հայ ժողովրդին մայիսի 9-ի տոնի կապակցությամբ:

    13131333_662405740565542_3489418854340225668_o

    «Սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, երկրորդ համաշխարհային պատերազմը ամբողջ մարդկության պատմության մեջ ամենաարյունալի պատերազմն էր, քանի որ աշխարհի բնակչության ութսուն  տոկոսը ներառված էր այս պատերազմում:  Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է շուրջ 500 հազար հայ՝ Հայաստանից: Հայաստանը մեծ կորուստներ կրեց այդ պատերազմում, ռազմաճակատից չվերադարձավ յուրաքանչյուր երկրորդը՝ ընդհանուր առմամբ շուրջ 300 հազար մարդ: Հետևաբար, այսօր  մեր սուրբ պարտքն եմ համարում  պատարագել  այն մարտիկների համար, ովքեր ընկան մարտի դաշտում:

     

    Սիրելի ժողովուրդ  եթե այդ մարդիկ չլինեին, մենք չէինք ունենա այսօրվա մեր անկախությունը: Եվ մենք պետք է միշտ հիշեք նրանց, քանի որ նրանց արյան գնով է, որ մենք այսօր կանք ու ապրում ենք խաղաղ երկնքի տակ»:

     

    Պատմական ակնարկով հանդես եկավ Արևիկ գյուղի դպրոցի տնօրեն, պտմ.գիտ.թեկն.  Հակոբ Թորոյանը:

     

    13116083_662405940565522_8716163900454014111_o«Մենք հայրենական պատերազմում տվեցինք 107 խորհրդային միության հերոս, 31 զինվոր պարգևատրվել է Փառքի երեք աստիճանի շքանշաններով, հինգ մարշալ, վաթսունից ավել գեներալներ և պետք է նշեմ, որ Վրաստանի և Ադրբեջանի համեմատ, Հայաստանի զինվորների թվականակը գերազանցում էր մի քանի անգամ:

     

    Ռազմի դաշտում հայ զինվորը շատ լավ էր հասկանում, որ եթե ինքը այնտեղ պարտվի, ապա Հայաստանի Հանրապետության սահմանների մոտ կուտակված թուրքական 300.000 բանակը անմիջապես հարձակման կանցներ Հայաստանի վրա: Եվ կռվելով Ղրիմում, Մոսկվայում, Ստալինիգրադում և մյուս վայրերում, նրանք պաշտպանեցին իրենց հայրենիքը: Հայ ժողովուրդը ցույց տվեց իր նվիրվածությունը և պատահական չէր, որ բոլոր հուշահամալիրներում հայի անուններ կան:

     

    Պատերազմից հաղթականորեն վերադարձած այդ սերունդի զավակներն էին, որ փառքով պսակեցին իրենց անունը Արցախյան հերոսամարտում: Դա նախկին հայը չէր, որ գլուխը կախ, թուրքր ասքյարի սրին հետևած գնում էր դեպի մահ:

     

    Ես ձեզ մի օրինակ բերեմ. Այս եկեղեցում, որտեղ մենք հիմա գտնվում ենք, 1919թ-ին մոտ 125 արևիկցի երիտասարդներ ընդամենը երեք ասքյարով են տարվել դեպի Ալեքսանդրապոլ, նրանց նստեցրել գնացքը և տարել Կարս աշխատեցնելու:  Եվ այդ 125-ից ընդամնեը երեքը կամ չորսն են կարողացել փախչել և հետ վերադառնալ: Այսինքն, այդ գլուխը կախ սերունդը չէր. Հաղթանակած սերնդի զավակներն էին, որ Արցախյան հերոսամարտում փառքով պսակեցին իրենց անունները: Այդ հաղթանակը հայ ժողովուրդը բազում տարիներ չէր տեսել: Այդ հաղթանակը մենք արդեն 22 տարի է՝ տեսնում ենք:

     

    Հայ ժողովրդի պատմության մեջ  մենք պետք է նշենք, որ ապրիլը նույնպես մտավ, որպես հերոսամարտի ամիս: Այս քառօրյա պատերազմում, մեր 18-20 տարեկան  երիտասարդները ապացուցեցին, որ իրենք հայրենական պատերազմի զավակների սերունդներն էին, որոնք կանգնեցրին մեր թշնամուն…

     

    Շուշիի ազատագրմանը մեր գյուղից 19 երիտասարդ է մասնակցել, ցավոք, նրանցից երեքը այլևս կենդանի չեն»: Իր խոսքը եզրափակեց պատմաբան Հակոբ Թորոյանը:

    13147826_662406267232156_3098829799734022219_o

    Պատարագի ավարտին  հավատավոր ժողովուրդը թափորով շարժվեց դեպի Հայրենական պատերազմում զոհված մարտիկների համար կառուցված հուշահամալիր, որտեղ Տեր Նարեկը կատարեց Պաշտոն հանգստյան:

     

    Ապա Արևիկ գյուղի դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` նշելու համար  մայիսյան հաղթանակները:

     

    Լիլիթ Մկրտչյան

     

     

     

     

    13131322_662406390565477_8503190571909701685_o 13217145_662406560565460_6186618643037261361_o

    13116004_662408400565276_3982825378150018463_o 13064540_662407667232016_2237227873865787185_o

Օրացույց

Օրացույց