• Սրբազան Պապի հոգեպարար քարոզը՝ Ավագ Շաբաթվա վերջին օրերի խորհրդի վերաբերյալ

    «Սիրեց իւրայիններին այս աշխարհում, ի սպառ սիրեց նրանց» (Հվհ., 13:1):


    24 մարտի, 2016թ.

     Հատվածներ՝ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի 2016թ. մարտի 23-ի հրապարակային ունկնդրության քարոզից՝ Ավագ շաբաթվա առաջիկա օրերի մասին:

     

    «Մենք կապրենք Ավագ Հինգշաբթին, Ավագ Ուրբաթը, Ավագ Շաբաթը՝ որպես կարևոր մի ժամանակ, որը մեզ ի զորու կդարձնի ավելի ու ավելի մտնել մեր հավատքի խորհրդի՝ Տեր Հիսուս Քրիստոսի Հարության խորհրդի մեջ: Այս երեք օրերին ամեն ինչ խոսում է ողորմության մասին, որովհետև դրանք ցույց են տալիս, թե ի՛նչ աստիճանի կարող է հասնել Աստծո սերը: Կլսենք Հիսուսի կյանքի վերջին օրերի պատմությունը: Հովհաննես ավետարանիչը մեզ տալիս է բանալին՝ հասկանալու խորագույն իմաստը.

    «Սիրեց իւրայիններին այս աշխարհում, ի սպառ սիրեց նրանց» (Հվհ., 13:1):

    Աստծո սերը սահմաններ չունի: Ինչպես Սբ. Օգոստինոսն էր հաճախ կրկնում, դա մի սերը է, որը «մինչև վերջ է՝ առանց վերջի»: Աստված ճշմարտապես Ինքն Իրեն տալիս է մեզնից յուրաքանչյուրին և Ինքն Իրեն բացարձակապես չի խնայում: Խորհուրդը, որը մենք պաշտում ենք այս շաբաթ, մեծ պատմություն է մի սիրո, որը արգելքներ չի ճանաչում:

     

    Հիսուսի սերը մնում է մինչև վախճանն աշխարհի, որովհետև այն ամբողջ մարդկության տառապանքը կիսելու պատմությունն է և հարատև ներկայություն՝ յուրաքանչյուրիս անձնական կյանքի իրադարձություններում:  Այլ խոսքով, Զատկի այս եռօրյան սիրո դրամայի հուշն է, որը մեզ տալիս է վստահություն, որ մենք երբեք լքված չենէ լինի այս կյանքի փորձություններում:

     

    Ավագ Հինգշաբթի Հիսուս հաստատեց Սուրբ Հաղորդությունը՝ զատկական ընթրիքի ընթացքում կանխանշելով Իր զոհաբերությունը Գողգոթայի վրա: Որպեսզի Իր աշակերտներին հասկացնի այն սերը, որն առաջ է մղում Իրեն, Նա լվաց նրանց ոտքերը՝ մեկ անգամ ևս տալով անձնական մի օրինակ, թե ինչ պետք է անեն: Հաղորդությունը սեր է, որը դառնում է ծառայություն: Դա վսեմ ներկայությունն է Քրիստոսի, Ով փափագում է հագեցնել յուրաքանչյուր մարդու սովը, հատկապես՝ ամենաթույլերինը, նրանց կարող դարձնել վկայություն տալու այս աշխարհի դժվարությունների մեջ, բայց՝ ոչ միայն սա: Ինքն Իրեն տալով մեզ՝ որպես կերակուր, Հիսուս հաստատում է, որ մենք պետք է սովորենք այս սնունդը կիսել այլոց հետ, այնպես որ այն դառնա կյանքի ճշմարիտ հաղորդություն, միություն նրանց հետ, ովքեր կարիք ունեն: Նա Ինքն Իրեն տալիս է մեզ և խնդրում մեզ, որ անենք ինչպես Ինքը:

     

    Ավագ Ուրբաթը սիրո գագաթնակետն է: Հիսուսի մահը, Ով Խաչի վրա Ինքն Իրեն տալիս է Հորը՝ աշխարհին նվիրելով փրկություն, արտահայտում է սերը, որը տրվում է ի սպառ՝ առանց սպառվելու: Սեր, որը փափագում է ընդգրկել բոլորին՝ առանց բացառության: Սեր, որը տարածվում է բոլոր ժամանակների և ցանկացած տարածության վրա՝ փրկության անսպառ աղբյուր, որից կարող է խմել մեղավորիներիցս յուրաքանչյուրը: Եթե Աստված իր վսեմ սերը ցույց տվեց Հիսուսի մահվամբ, ուրեմն, մենք ևս, վերածնված Սուրբ Հոգով, կարող ենք և պետք է սիրենք միմյանց:

     

    Ավագ Շաբաթը օրն է Տիրոջ լռության…Դամբարանում ամփոփված Հիսուս ամբողջ մարդկության հետ կիսում է մահվան ողբերգությունը: Դա լռություն է, որը արտահայտում է սեր՝ որպես համերաշխություն բոլոր նրանց հետ, ովքեր երբևէ լքված են եղել կամ լքված են, Աստծո Որդին նրանց հասնում է՝ լցնելով դատարկությունը, որը կարող է լցնել միայն Հայր Աստծո անսահման ողորմությունը: Ավագ Շաբաթ այդ լուռ սերը դառնում է սպասում՝ այն կյանքի, որը Հարության մեջ է…

     

    Լավ կլինի, որ խորհրդածենք Տիրամոր լռության մասին, ով լռության մեջ սպասում էր Հարությանը: Տիրամայրը մեզ համար պետք է լինի Ավագ Շաբաթվա սրբապատկերը: Մտածենք, թե ինչպես էր Տիրամայրը ապրում այդ օրը, սպասման մեջ: Դա սերը է, որը չի կասկածում, այլ վստահում է Տիրոջ Խոսքին…»

     

     

Օրացույց

Օրացույց