• Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի տարեմուտի մաղթանքը

    «…եթե Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց» (Ա Հովհ․ 4. 7-11


    24 դեկտեմբերի, 2015թ.

    Յո՛յժ սիրելի Հոգեւոր դաս եւ հաւատաւոր ժողովուրդ,

     

    Տարեմուտի սեմին մեր շնորհաւորական խօսքը եւ ի սրտէ բարեմաղթանքներն ենք յղում Ձեզ։ Մեր Տիրոջ` Յիսուս Քրիստոսի Ծննդեան խորհրդով սկսուող այս տարին ամէնքս հրաւիրուած ենք ապրելու առանձնաշնորհեալ մէկ նոր տարի՝ «Աստուածային Ողորմութեան Սուրբ տարին»։

     

    Անցնող 2015 տարում մենք ունեցանք նորանոր ձեռքբերումներ եկեղեցական եւ համայնքային կեանքում ինչպէս եւ ընդհանրական Եկեղեցու ծոցում։

     

    Միասնաբար ազգովի ոգեկոչեցինք ապրիլեան մեր Սրբոց Նահատակաց յաւերժ եւ անմար յիշատակը։ Վստահութիւն ապրեցինք, որ մեր Սուրբ Նահատակների արիւնը եղաւ մեզ սնուցող եւ ապրեցնող աւիշը հոգեւոր մեր հաւատի կեանքում եւ մեր փոքրիկ հայրենիքի ամրապնդման ու զարգացման մէջ։

     

    Անցնող տարուայ ապրիլի 12-ին Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի  ձեռամբ մատուցուած Սուրբ Պատարագը՝ ի յիշատակ մեր Սուրբ Նահատակների, ոչ միայն հարգանքի տուրք էր Նրանց, այլ նաեւ՝ մեր հոգեւոր վերանորոգման սրբազան մի առիթ:

     

    2016 տարում Սուրբ Եկեղեցին, Ֆրանցիսկոս Պապի տնօրինութեամբ, մեզ հրաւիրում  է ապրելու փրկութեան եւ շնորհի տարի՝ «Աստուածային Ողորմութեան Սուրբ Տարին»։

     

    Մեր մաղթանքն է, որ ամէնքս պատրաստենք մեր սիրտն ու հոգին՝ դիմաւորելու Յիսուս Մանկանը այս տարում, որ, յատուկ զուգադիպութեամբ, Ողորմութեան Սուրբ Տարի է հռչակուած։ Հառե՛նք մեր աչքերը խանձարուրում փաթաթուած Աստծոյ Միածին Որդուն, քանզի Մարդեղութիւնն Յիսուս Քրիստոսի՝ Աստծոյ մարդասիրութեան ու ողորմութեան գերագոյն արտայայտութիւնն է՝ հանդէպ համայն մարդկութեան։

     

    Մեր բարեմաղթանքի խօսքը կնքում ենք Սբ. Հովհաննէս առաքեալ աւետարանչի նամակի տողերով. «Եւ սրանում երեւաց Աստծոյ սէրը մեր հանդէպ. այն, որ Աստուած իր Միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպէսզի Նրանով կենդանի լինենք։ Սրանում է սէրը. մենք չէ, որ սիրեցինք Աստծուն, այլ Նա սիրեց մեզ եւ ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քաւութեան համար։ Սիրելինե՛ր, եթե Աստուած այսպէս սիրեց մեզ, ապա մենք եւս պարտաւոր ենք սիրել միմեանց» (Ա Հովհ․ 4. 7-11)։

     

    Ձերդ աղոթարար՝ Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյան՝ Առաջնորդ Կաթողիկէ Հայոց Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի

Օրացույց

Օրացույց