• Սքեմավորման արարողություն՝ Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում

    «Հարատև նմանվի՛ր Քրիստոսին»:


    24 նոյեմբերի, 2015թ.

     2015թ. նոյեմբերի 22-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Կաթողիկէ Մայր Տաճարում, յընթացս Սբ. Պատարագի, տեղի ունեցավ դպիր Լևոն Գալստյանի սքեմավորման կարգը: Արարողությունը կատարեց Գյումրիի և Աշոցքի կաթողիկէների ժողովրդապետ Գերպ. Հ. Պետրոս վրդ. Եսայանը:

     

    DSC06887

    Արարողությունը Սբ. Պատարագի առաջին մասում՝ առաքելական թղթերի ընթերցումից առաջ, ատյանում: Վարդապետը նստեց աթոռին, իսկ դպիրը ծունկի եկավ նրա առջև: Արարողության մի հատվածը հարցուպատասխան էր՝ քահանայի և դպիրի միջև.

     

    «Քահանա-Սիրելի՛ որդիս, Հիսուս Քրիստոս, մտահոգ ամբողջ մարդկության փրկությամբ, կանչեց առաքյալներին և ուղարկեց նրանց աշխարհ և ասաց.

    -Հունձը առատ է, իսկ մշակները՝ սակավ: Արդ, աղաչեցե՛ք հնձի Տիրոջը, որ մշակներ հանի իր հնձի համար (Մտթ., 9:37):

    Քրիստոսի այս կոչին հնազանդ լինելով՝ ամբողջ Եկեղեցին աղոթում է քո քահանայական ծառայության կոչման շնորհի համար և ուրախանում, որ պատրաստակամությամբ ես պատասխանում Աստծո կոչմանը: Հոգևոր ճեմարանի շեմն անցնելն արդե՛ն իսկ վկայում է քո պատրաստակամության մասին՝ հետևելու Աստծո կանչին: Այսօր, ծնողներիդ, դաստիարակներիդ և Աստծո ամբողջ ժողովրդի հետ միասին, սքեմավորման արարողությանը մասնակցելիս խոնարհությամբ խնդրում ենք Տիրոջը, Ով կանչում է Իրեն ծառայության, որպեսզի քեզ ամրացնի կոչմանդ ճանապարհին: Թո՛ղ, որ այս սքեմը, որն այսօր կհագնես, քեզ համար լինի խթան, որպեսզի ավելի ամուր բռնես գութանը՝ Աստծո դաշտում և երբեք հետ չնայես: Հարատև նմանվի՛ր Քրիստոսին, որպեսզի երբևէ դառնաս Նրա Ավետարանի քարոզիչն ու Սբ. Խորհուրդների սպասավորը: Գիտակցելով այս վսեմ կոչումը՝ ևս մեկ անգամ ամբողջ ժողովրդի առջև պատրաստակամությունդ հայտնի՛ր՝ ծառայելու Աստծուն և Նրա Սբ. Եկեղեցուն: Հարցնում եմ քեզ (ձեզ).ուզու՞մ ես ընդունել և կրել հոգևորականի սքեմը՝ Աստծուն անմնացորդ նվիրվելու տեսանելի նշանը:

     

    DSC06889Դպիր-  Կամենում եմ…»:

     

    Հիշեցնեմ, որ Լևոն Գալստյանը դպիր (կիսասարկավագ ձեռնադրվեց 2015թ. նոյեմբերի 20-ին, նույն տաճարում, ձեռամբ՝ Գերհ. Հ. Մեսրոպ թ.ծ.վ. Սյուլահյանի):

     

    Այն անձի համար, ով պատրաստվում է լինել հոգևորական, կամ արդեն ձեռնադրյալ հոգևորական է, սքեմը մի օժանդակ արտաքին նշան է, որը մշտապես հիշեցնում է անձի հոգևոր կոչման, Տիրոջ և Եկեղեցու հանդեպ պարտականությունների ու աղոթական պարտավորության մասին, այլ մարդկանցից իր առաքելությամբ և պարտականություններով տարբերվելու անհրաժեշտության մասին: Սքեմակրությունը նաև վկայություն է արտաքին աշխարհին՝ սեփական առաքելության և Տիրոջը ծառայելու մասին, իսկ երիտասարդների համար այն կարող է լինել նաև օրինակ ու ոգևորություն՝ նմանվելու հոգևորականին և ընտրելու հոգևոր ծառայությունը:

     

    DSC06894

     

Օրացույց

Օրացույց