Եկեղեցին կառուցվում է համայնականների միջոցներով:
13 հոկտեմբերի, 2015թ.
Վենյովի հայ կաթողիկէ եկեղեցու շինարարական աշխատանքներն այժմ ընթացքի մեջ են: Կատարվում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարությունը լայն թափով կշարունակվի 2016թ. գարնանը:
2015թ. սեպտեմբերի 14-ին նախագահությամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի, և առընթերակայությամբ Վենյովի ժողվրդապետ Գերպ. Հ. Սեդրակ վրդ. Խիթարյանի, Գերպ. Հ. Նարեկ վրդ. Մնոյանի, Ռուսաստանի Վենյով քաղաքում կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողությունը:
Եկեղեցին կառուցվում է տեղի հայ կաթողիկէ համայնքի միջոցներով: Հիմքերի կառուցման աշխատանքները հովանավորել է Պետրոս Օքրոյանը: Հողատարծքը ևս գնվել է համայնքի միջոցներով: Ըստ նախագծի, նորակառույց եկեղեցին նման կլինի Ջավախքի Տուրցխ գյուղի եկեղեցուն: Երկարությունը 17մ է, լայնքը՝ 12մ, բարձրությունը՝ մոտ 10մ: Եկեղեցուն կից կկառուցվի նաև սրահ՝ քրիստոնեական դասընթացների կազմակերպման համար:
Այժմ Վենյով քաղաքում ապրում է հայ կաթողիկէ մոտ 100 ընտանիք, ովքեր հիմնականում 1990-ականների սկզբին Տուրցխից հեռացած և Վենյովում բնակություն հաստատած ընտանիքներն են: Նրանք իրենց ապրուստն ապահովում են հիմնականում շինարարությամբ: Ունեն մատուռ, որտեղ Սբ. Պատարագ մատուցվում է ամեն օր, իսկ կիրակի օրը՝ 2 անգամ: Բացի այդ կատարում են նաև ջերմեռանդական աղոթքներ. ամեն օր՝ երեկոյան, Սբ. Վարդարան են աղոթում:
Տուրցխեցի հավատացյալները Վենյովում էլ աչքի են ընկնում իրենց բարեպաշտությամբ և աղոթասիրությամբ, կրոնական ավանդույթների, ազգային ու համայնական դիմագծի պահպանման վճռակամությամբ: Եկեղեցի ունենալը նրանց համար ավելի կարևոր է, քան օրվա հացն ու ջուրը վաստակելը: Հիմնարկեքի արարողությունը նշվեց հանդիսավորությամբ, ուրախ միջոցառմամբ: