• Մամլո հաղորդագրություն

    Հայ կաթողիկէ առաջնորդարան, մամլո գրասենյակ:


    23 սեպտեմբերի, 2015թ.

    2015թ. սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Գյումրիի «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու օծումը՝ նախագահությամբ Հռոմի Պապի ներկայացուցիչ կարդինալ Լեոնարդո Սանդրիի (Արևելյան կաթողիկէ եկեղեցիների ժողովի նախագահ) և համանախագահությամբ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Կաթողիկոս Պատրիարք Գրիգոր Պետրոս 20-րդի: Օծման արարողությանը կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդ Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը, հայ կաթողիկէ եպիսկոպոսներ, վարդապետներ և քահանաներ:

     

    Օծման արարողությանը ներկա կլինեն ՀՀ նախագահ Սերժ Սարգյանը և առաջին տիկինը, Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում պապական նվիրակ արքեպիսկոպոս Մարեկ Սոլչինսկին, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի ներկայացուցիչ բարձրաստիճան հոգևորականներ, Շիրակի թեմի առաջնորդ Գերշն. Տ. Միքայել եպս. Աջապահյանը, Հայ Ավետարանական Եկեղեցու հովիվներ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում օտար երկրների արտակարգ և լիազոր դեսպաններ, միջազգային բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ, եկեղեցու շինարարության բարերարներ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հայ կաթողիկէ համայնքների ղեկավարներ՝ իրենց համայնականների հետ միասին, Անարատ Հղության հայ քույրեր, Գթության միսիոներ քույրեր, այլ հասարակական ու մշակութային գործիչներ, Հայաստանում Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո ապաստանած սիրիահայեր:

     

    Տեղեկություններ՝ «Սրբոց նահատակաց» առաջնորդանիստ եկեղեցու և հայ կաթողիկէների մասին

     

    «Սրբոց նահատակաց» եկեղեցին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների առաջնորդանիստ կամ մայր եկեղեցին է, գտնվում է հայ կաթողիկէ առաջնորդարանի հարևանությամբ՝ Գյումրի, Հաղթանակի պողոտա, 45 հասցեում: Կառուցման աշխատանքները սկսվել են 2010թ., ավարտվել՝ 2015թ. սեպտեմբերին: Գյումրիի հայ կաթողիկէ համայնքը մոտ 90 տարի գործող եկեղեցի չի ունեցել, Սբ. Պատարագի մատուցումը և եկեղեցական մյուս խորհրդակատարությունները տեղի են ունեցել առաջնորդարանի մատուռում: Մասամբ պահպանվել է քաղաքի հին կաթողիկէ եկեղեցին՝ կառուցված 1843-1855թթ., Ալեքսանդր վարդապետ Արարամյանի ջանքերով: Այն մասնակի ավերվել է 1926թ. երկրաշարժի ժամանակ, ապա դարձել ապաստարան՝ անօթևան ընտանիքների համար, որոնց սերունդներն այդտեղ են ապրում մինչ օրս: Այդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու բարդ խնդիրը լուծել չկարողանալով՝ հայ կաթողիկէ առաջնորդարանը, մեծ դժվարություններով և բարերարների օգնությամբ, կառուցեց նոր եկեղեցի:

     

    Հայ կաթողիկէ հոգևորականների գործունեությունը համայնավարների ռեժիմի տարիներին արգելված էր ամբողջ ԽՍՀՄ տարածքում: Չնայած հալածանքներին, Հայաստանի և Վրաստանի հայ կաթողիկէների մի զգալի մասը իր կրոնական ջերմեռանդության շնորհիվ պահպանել է իր հավատքը, դավանական ինքնությունը՝ աղոթելով փակ եկեղեցիներում կամ տներում: Մի մասն էլ իրենց հավատքի պահպանության գրավականը գտել է հայ առաքելական եկեղեցիներում, ապա՝ 1990-ականներին, վերադարձել Հայ Կաթողիկէ Եկեղեցու գիրկը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի հայ կաթողիկէների առաջնորդությունը (կամ թեմը) ձևավորվել է 1991թ. Հռոմի Սրբազան Պապ Սբ. Հովհաննես Պողոս Բ-ի կողմից և գտնվում է նրա հովանու ներքո՝ պահպանելով ժողովական միությունը աշխարհասփյուռ հայ կաթողիկէների հետ՝ Ամենապատիվ Տեր Գրիգոր Պետրոս 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի հոգևոր առաջնորդությամբ: Առաջնորդության ներկայիս գլուխն է Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը:

     

    Հայ կաթողիկէները Շիրակի մարզում և Գյումրիում

     

     Ըստ հայ կաթողիկէ առաջնորդարանի տեղեկությունների, Շիրակի մարզում կա 13 կաթողիկէ համայնք՝ Մեծ Սեպասար, Ղազանչի, Բավրա, Սարագյուղ, Սիզավետ, Արփենի, Զովասար, Փանիկ, Արևիկ, Լանջիկ, Հովտուն, Ձիթհանկով, Ազատան.վերջին երկուսում կաթողիկէները կազմում են գյուղի բնակչության մոտ 30%-ը, իսկ մյուս գյուղերը ամբողջությամբ կաթողիկէ են, եթե չհաշվենք առաքելականների հետ խառն ամուսնությունների չնչին տոկոսը: Շիրակի գյուղական համայնքների կաթողիկէների ընդհանուր թիվը մոտ 10.000 է: Գյուղերում գործում է 8 եկեղեցի:

     

    Գյումրիի կաթողիկէ բնակչության թիվը հաշվելը դժվար է. մոտավոր հաշվարկներով, այն կարող է 10.000-ից ավելին լինել: Բանն այն է, որ մեծ թվով կաթողիկէներ կաթողիկէ գյուղերից տեղափոխվել է Գյումրի, օրինակ, 1930-60-ականներին, ըստ տվյալների, Սիզավետից Գյումրի տեղափոխվեցին հարյուրավոր ընտանիքներ և հաստատվեցին Աղյուսի փողոցին հարող թաղամասում՝ Ավզնոցում, որն այսօր գրեթե ամբողջությամբ կաթողիկէ է: Տարիների ընթացքում Գյումրի են տեղափոխվել նաև Ղազանչի և այլ կաթողիկէ գյուղերի բնակիչներ, որոնք ապրում են Գյումրիի տարբեր թաղամասերում: Դժվար է այսօր պարզել, թե Գյումրիում քանի կաթողիկէ արմատներ ունեցող ընտանիքներ կան, մանավանդ, որ մեծամասնությունը ակտիվ Եկեղեցի հաճախող չէ: Կաթողիկէ արմատներով բնակչության մի ստվար հատվածն էլ կոմունիստական տարիներին մկրտվել է առաքելական հոգևորականների կողմից: Այդ խմբի մի մասը վերադարձել է կաթողիկէ Եկեղեցու գիրկը: Այս պահին եկեղեցի հաճախող, սեփական դավանական ինքնությանը գիտակից կաթողիկէների թիվը Գյումրիում մոտ 200 է:

     

    Կաթողիկէները Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում, Արևելյան Եվրոպայում

     

    Հայաստանում հայ կաթողիկէները ապրում են հիմնականում Շիրակի և Լոռու մարզերում, Երևանում (5 քաղաք, 36 գյուղ): Լոռու մարզում կա ամբողջությամբ կաթողիկէ բնակչությամբ 6 գյուղ, և մասամբ կաթողիկէ բնակչությամբ 11 գյուղ՝ Տաշիրի տարածաշրջանում և փախստականների մի քանի գյուղեր: Վրաստանում հայ կաթողիկէները ապրում են հիմնականում Թիֆլիսում, Բաթումիում, Ախալցխայի և Նինոծմինդայի շրջաններում (5 քաղաք, 20 գյուղ): Ռուսաստանում ապրում է մոտ 150.000 հայ կաթողիկէ, Ուկրաինայում՝ մոտ 8000:

     

    Ամբողջ աշխարհում հայ կաթողիկէների թիվը մոտ 700.000 է:

     

    Այլ տեղեկությունների և պատմական մանրամասների համար կարող այցելել armenianchurchco.com և armeniancatholic.org կայքերը, կամ՝ ֆեյսբուքյան «Հայ կաթողիկէ Եկեղեցի» էջը:

Օրացույց

Օրացույց