• Տեղի ունեցավ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունը

    2015թ. օգոստոսի 9-ին, Լիբանանի ժամանակով ժամը 17:00-ին Զմմառի վանքի մոտ տեղի ունեցավ Ամեն. Տ. Գրիգոր Պետրոս Ի Կաթողիկոս Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը, յընթացս Սբ. Պատարագի, որը կմատուցեց անձամբ նորընտիր Հոգևոր Տերը՝ մասնակցությամբ հայ կաթողիկէ եպիսկոպոսաց դասի:


    10 օգոստոսի, 2015թ.

     

     Գահակալության արարողությանը ներկա էին Հռոմի Սուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների հանձնախմբի ներկայացուցիչներ, պապական նվիրակը Լիբանանում, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա-ը, Էջմիածի կաթողիկոսության ներկայացուցիչ Արհ. Տ. Նաթան արքեպս. Հովհաննսիյանը, հայ և այլազգի բարձրաստիճան հոգևորականներ, Զմմառի Պատրիարքական կղերի միաբանության հայրեր, հայ և այլազգի քաղաքական, հասարակական գործիչներ, այլ հյուրեր և հավատացյալների մեծ բազմություն:

     

    Գահակալության ընթացքում եպիսկոպոսները երեք անգամ երգեցինն.

     

     «Աստուածային և երկնաւոր շնորհ…կոչէ զԳրիգոր Պետրոս յԵպիսկոպոսութենէ ի Հայրապետութիւն Տանն Կիլիկիոյ»:

     

    Ապա աղոթեցին այսպես.

     

    «Տէր, ընկա՛լ զպաղատանս մեր ամենեցուն ժողովելոցս ի տաճար փառաց սրբութեան անուանդ քոյ եւ զծառայս քոյ զոր ընտրեցեր, կոչեցեր զնա յառաջնորդութիւն ժողովրդեան քոյ և ի սպաս պաշտման Սուրբ, Կաթողիկէ և Առաքելական Եկեղեցւոյ, լինել վերակացու եւ քարոզ ճշմարտութեան ուղղափառ հաւատոյ: Ընկա՛լ եւ շնորհեա՛ սմա զօրութիւնս եւ շնորհս առաքելականս…

     

    Աղաչեսցու՛ք զմարդասերն Աստուած, վասն ծառայիս նորին, որ ընտրեցաւ եւ կոչեցաւ ի կարգ պաշտաման եւ ի պատիւ քահանայապետական աթոռոյ սրբոյն Թադէոսի եւ Բարդուղիմէոսի, խոստովանողին Քրիստոսի սրբոյն Գրիգորի…»:

     

     

    Արարողության երկրորդ մասում տեղի ունեցավ նորընտիր Գահակալ Հայրապետի քողարկության կամ հանդերձավորման կարգը: Գահերեցն ու եպիսկոպոսները նախ հագցրեցին կարմիր քողը, ապա՝ Գահակալին հանձնեցին հայրապետական գավազանը: Այս ամենը ուղեկցվում էին գեղեցիկ շարականներով:

     

    Երգեցողությունը կատարեց պատրիարքական «Կռունկ» երգչախումբը, գեղ. ղեկ.՝ դոկտ. Էդուարդ Թորիկյան:

     

    Արարողությունը ուղիղ եթեր հեռարձակվեց Telelumiere Noursat  հեռուստակայանով և համացանցով.

     

     

Օրացույց

Օրացույց