• Թեմը կունենա նորօծ վարդապետ. Գյումրիում կկատարվի քահանայական ձեռնադրության կարգ

    «Ես սպասում եմ Քրիստոսի հետ միացմանը, ինչպես հարսն է սպասում փեսայի հետ միությանը».ասում է Տ. Նարեկ սարկավագ Մնոյանը:


    10 օգոստոսի, 2015թ.

    2015թ. օգոստոսի 15-ին, ժամը 12-ին, յընթացս Սբ. Պատարագի, Գյումրիում տեղի կունենա Տ. Նարեկ սարկավագ Մնոյանի քահանայական ձեռնադրությունը՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի: Տ. Նարեկ սարկավագը քահանայական ձեռնադրությամբ կստանա վարդապետի աստիճան և կլինի կուսակրոն քահանա:

     

    Տ. Նարեկ սարկավագ Մնոյանը ծնվել է 1990թ. մարտի 29-ին, Գյումրիում:

    Միջնակարգ կրթությունը ստացել է նախ Գյումրիի թիվ 9 դպրոցում, ապա՝ Գյումրիի Անանիա Շիրակացու անվ. քոլեջում:

    Զուգահեռ՝ 2003թ. –ից սովորել է Հայ Կաթողիկէ Եկեղեցու Սբ. Ներսես Մեծ Պարթև ընծայարանում, Արհ. Հ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի վարժապետությամբ, Գյումրիում:

     

    2005-2008թթ.սովորել է Երևանի Պետական Համալսարանի Աստվածաբանության ֆակուլտետում:

     

    2008-2010թթ. ծառայել է բանակում:

     

    2010-12թթ. հոգևոր կրթությունը շարունակել է Սբ. Ներսես Մեծ Պարթև ընծայարանում, արդեն Երևանում և զուգահեռ Սբ. Էջմիածնում մասնակցել Գևորգյան հոգևոր ճեմարանի քահանայական լսարանի խտացված դասընթացներին՝ խորանալով հայ ծեսի և հայագիտական առարկաների ուսումնասիրության մեջ:

     

    2012թ. հոկտեմբերից, արդեն մտադրված առաջ ընթանալու հոգևոր ծառահության ճանապարհով, Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի հավանությամբ և ցուցումով, ընդունվել է Հռոմի Սալեզյան միաբանության պապական համալսարանը, ապրել Սալեզյան միաբանության համայնքում: Ուսմանը զուգահեռ աշխատակցել է Ռադիո Վատիկանի հայկական բաժնին՝ պատրաստելով հոդվածաշարեր, նաև համագործակցել է telepacearmenia հեռուստակայանի հայկական բաժնի հետ՝ հայ ծեսի, մասնավորապես Սբ. Պատարագի վերաբերյալ հաղորդաշարերում:

     

    Սարկավագ ձեռնադրվել է 2012թ. սեպտեմբերի 2-ին՝ ձեռամբ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանի:

     

    Քահանայական ձեռնադրությունից հետո Տ. Նարեկ սրկ. Մնոյանը կշարունակի գիտելիքների կատարելագործումը Հռոմում՝ արդեն որպես վարդապետ:

     

    Մեզ հետ զրույցում Տ. Նարեկ սարկավագը պատմեց, որ 6 տարեկանից իր բարեպաշտ տատի հետ հաճախել է Գյումրիի հայ կաթողիկէ եկեղեցի, Սբ. Խորանի սպասավորություն կատարել, լսել և հոգևորապես սնվել է հատկապես Արհ. Հ. Ներսես արքեպս. Տեր-Ներսեսյանի հոգեպարար քարոզներով, վարդապետությամբ, ում համարում է օրինակելի հոգևորականի իր առաջին մեծ կերպարը: Խոստովանում է, որ հայ Եկեղեցու, հայ ծեսի, հայ մշակույթի հանդեպ սերն իր մեջ սերմանել է հենց Ներսես Սրբազանը:

     

    Տ. Նարեկ սարկավագի խոսքերով, Ներսես Սրբազանի մահից հետո հոգևոր ծառայության կոչման մասին լրջորեն սկսել է մտորել Արժ. Տ. Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի հոգևոր խորհրդատվությամբ, ապա՝ նորընծայարանում սովորելու տարիներին, երբ նորընծայարանի տեսուչն էր Գերպ. Հ. Ներսես վրդ. Գալստյանը, ով նոր ավիշ է բերել իր հոգևոր կյանքում:

     

    Տ. Նարեկ սարկավագի հոգևոր կյանքի ձևավորման մեջ կարևորում է մոր ուրույն և անփոխարինելի դերը, ով մանկության տարիներին որդու համար կարդացել է հայ դասական գրականության գործեր, սնուցել գիր ու գրականության հանդեպ սեր, վստահ է Տ. Նարեկը:

     

    «Քահանայական ձեռնադրության սպասումը յուրահատուկ զգացողություն է, ես սպասում եմ Քրիստոսի հետ միացմանը, ինչպես հարսն է սպասում փեսայի հետ միությանը: Քահանայական ծառայության ձգտողը քայլում է դեպի Գողգոթա և երջանիկ է, որովհետև գիտե, թե ում է վստահում, որովհետև նվիրված է Անձի՝ Քրիստոսին, իսկ աշխարհը նրա համար ամփոփված է Քրիստոսի մեջ, ուստի յուրաքանչյուրի մեջ ջանում է տեսնել Քրիստոսին…Ինձ առաջ մղող ուժը աղոթքն է».ասում է Տ. Նարեկը:

Օրացույց

Օրացույց