• Հայ կաթողիկէ եպիսկոպոսները Պիքֆայայում ներկա գտնվեցին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մյուռոնօրհնեքի արարողությանը

    Հայ Կաթողիկէ Եկեղեցու 20-րդ Կաթողիկոս Պատրիարքի ընտրությունները դեռ չեն ավարտվել:


    20 հուլիսի, 2015թ.

    2015թ. հուլիսի 18-ին Լիբանանի Պիքֆայա գյուղաքաղաքում գտնվող Սբ. Աստվածածին վանքի մոտ տեղի ունեցավ Հայ Առաքելական Եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սրբալույս Մյուռոնի օրհնության կարգը: Այն, ըստ ավանդության կատարվում է 7 տարին մեկ անգամ, Վեհափառ Հայրապետի ձեռամբ, հանդիսավոր արարողությամբ:

     

    Այս անգամ ևս հրավերքը սիրով ընդունեցին և արարողությանը մասնակցեցին նաև Հայ Կաթողիկէ Եկեղեցու եպիսկոպոսները՝ չնայած այս օրերին ընթացող և դեռևս չավարտված սինոդական ժողովի նիստերին, որոնք գումարվել են՝ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 20-րդ Կաթողիկոս Պատրիարքին ընտրելու համար: Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը ևս ներկա է եղել արարողությանը:

    Մյուռոնօրնեքին ներկա էին Լիբանանում պապական նվիրակ Գաբրիելէ եպս. Քաչիան, Սրբազան Ֆրանցիսկոս Պապի ներկայացուցիչ կարդինալ Քոխը, Սբ. Էջմիածնի կաթողիկոսության և Պոլսի հայ առաքելական պատրիարքության ներկայացուցիչ եպիսկոպոսներ, Հույն Կաթողիկէ, Ասորի Կաթողիկէ, Հույն Ուղղափառ, Ռուս Ուղղափառ, մարոնի, ղպտի, ավետարանական եկեղեցիների առաջնորդներ, բարձրաստիճան քաղաքական և հասարակական գործիչներ, հարյուրավոր հայ առաքելական հավատացյալներ:

    Այս անգամ Մյուռոնի օրհնության արարողությունը համընկավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին և դրանով իսկ յուրահատուկ պատմական նշանակություն ստացավ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն իր խոսքի վերջում ասել է հետևյալը.

     

    «Սրբալոյս միւռոնին օրհնութիւնը հրաւէր մըն է մեր ժողովուրդի զաւակներուն` իրենց քրիստոնէական հաւատքը խորացնելու, սէրը ամրապնդելու ու պահանջատիրական կամքը պրկելու: Սրբալոյս միւռոնին օրհնութիւնը կոչ մըն է մեր ժողովուրդի զաւակներուն մեր ազգային պահանջատիրական պայքարը միւռոնի հոգեւոր զօրութեամբ թրծելու»:

     

    Հիշեցնեմ նաև, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը 2015թ. հունիսի 30-ին ներկա եղավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Երանաշնորհ Տ. Ներսես Պետրոս ԺԹ Կաթողիկոս Պատրիարքի թաղման արարողությանը: Իսկ թաղումից հետո հայ հաթողիկէ եպիսկոպոսները այցելեցին Արամ Ա Կաթողիկոսին և շնորհակալություն հայտնեցին՝ թաղման արարողությանն իր ներկայությամբ Հայ Կաթողիկէ Եկեղեցու ցավը կիսելու համար:

     

    Քանի որ այս օրերին հայ կաթողիկէներին ամենաշատ հուզող իրադարձությունը նոր Կաթողիկոս Պատրիարքի ընտրության ընթացքն է, պետք է ասել, որ Սինոդը ոչ մի տեղեկություն առայժմ չի հրապարակել ընտրական նիստերի մասին: Ըստ եկեղեցական կանոնների, ընտրությունների գործընթացը դռնփակ է, եպիսկոպոսներից բացի ոչ ոք իրավունք չունի մասնակցելու և որևէ պաշտոնական տեղեկություն հրապարակելու ընտրությունների կամ առավել քվեներ հավաքած թեկնածուների մասին: Ըստ Արևելյան կաթողիկէ եկեղեցիների կանոնագրքի 72-րդ կանոնի, եթե 15 օրվա ընթացքում պատրիարքի ընտրությունները չպսակվեն հաջողությամբ, կմիջամտի Սրբազան Պապը: Հուլիսի 20-ը ընտրական նիստերի 7-րդ օրն է.նիստերը մեկնարկել են 2015թ. հուլիսի 14-ին:

     

Օրացույց

Օրացույց