• Հոգևոր կրթություն` կրոնուսույցների համար, առաջին անգամ, 13-17 հուլիսի, 2026թ.

    Ավետարանելու ընդարձակ դաշտը


    2026թ. հուլիսի 13-17-ը, Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի օրհնությամբ Երևանի հայ կաթողիկէ Առաջնորդարանում առաջին անգամ տեղի տեղի ունեցան հոգևոր կրթության օրեր կրոնուսույցների համար, որին մասնակցեցին 14 կամավորական կրոնուսույցներ` Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ համայնքներից: Հոգևոր կրթությունն իրականացվում է կրոնուսույցների պատրաստության ծրագրի շրջանակներում, որը մեկնարկել է դեռևս 2023թ. մայիսին` առցանց դասընթացի ձևաչափով և մի մասն է Առաջնորդության Ավետարանման ընդարձակ ծրագրի և ռազմավարության: Չորս տարիների ընթացքում առցանց դասընթացների մասնակիցները դասախոսություններ են լսել հայ կաթողիկէ հոգևորականներից և Անարատ Հղության հայ միաբան քույրերից, մասնակցել քննությունների, սկսել և վարել են կրոնուսուցման դասեր համայնքներում, կազմակերպել բակային ճամբարներ, որպես աշխարհական կամավորականներ, օգնել են ժողովրդապետներին հովվական ձեռնարկներում:

     

    Հոգևոր կրթությունից առաջ` հուլիսի 13-ին, տեղի ունեցավ աշխատանքային ժողով, որի ընթացքում քննարկվեցին կրոնուսույցների պատրաստության ծրագրի քառամյա ընթացքը, ձեռքբերումները, խնդիրները եւ մասնակիցների ակնկալիքները, առաջարկվեցին լուծումներ: Հոգևոր կրթությունը բացվեց Սուրբ Պատարագով, որը մատուցվեց ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և առընթերակայությամբ Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի:

     

    Հոգևոր կրթության օրակարգի բաղադրիչներն էին.
    -ամենօրյա Սուրբ Պատարագ,
    -ամեն օր Սուրբ Հաղորդության երկրպագություն և Վարդարանի աղոթք,
    -բանախոսություններ` հետևյալ թեմաներով. «Աշխարհականը` քրիստոսի առաքյալ եւ կրոնոսուցման առաքելությունը», Տ. Հովսեփ քհն. Գալստյան, «Քրիստոսի հետ անձնական մտերմությունը», Հ. Անտոն Ծ. Վրդ. Թոթոնջյան, «Երեխաների հետ կրոնուսուցման աշխատանքը` կոչում, նվիրում, սեր և մեթոդներ», Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյան,
    -Աստվածային ընթերցում և խորհրդածություն` Lectio divina, որի ընթացքում ընթերցվեցին ավետարանական հատվածներ առաքյալների կոչումների պատմություններից` Հվհ. 1:35-51, Ղուկ. 5:1-11, Ղուկ. 5:27-32, յոթանասուներկու աշակերտների ուղարկման պատմությունը` Ղկ. 10:1-20, Էմմավուսի ճանապարհի պատմությունը` Ղուկ. 24:13-35 և Հովհ 20:24-29-ը: Ըստ հոգևոր վարժանքի այս մեթոդի, մանսակիցները լռությամբ խորհրդածում են ավետարանական համարների բովանդակության վրա, նշումներ կատարում այն մասին, թե ինչպես են հասկանում և ինչն է առավել ազդում իրենց վրա, ապա կիսվում են իրենց մտքերով և զգացողություններով, որին հաջորդում է աղոթքը և լուռ մտահայեցողությունը: Այս վարժանքը Աստծո շնորհներով լցվելու բացառիկ հոգևոր փորձառության աղբյուր է, որ շատ սիրված է մանավանդ արևմտյան վանական ավանդության մեջ:

     

    -Սուրբ Քարլո Աքութիսի մասին վավերագրական ֆիլմի դիտում և քննարկում, որը հայերենի է թարգմանվել կրոնուսույց Մարիա Ավետիսյանի թարգմանությամբ, Ռադիո Մարիայի ստուդիայի հնչունային կրկնօրինակմամբ և տեսանյութի netforGod համացանցային հարթակի տնօրինության սիրահոժար տրամադրմամբ:

     

    Հոգևոր կրթության մի մասն էր ուխտագնացությունը դեպի հայ կրոնուսույցների և լուսավորիչների հովանավոր Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբավայրը` Խոր Վիրապ, որտեղ աղոթեցին Լուսավորչին ուղղված բարեխոսական մի գեղեցիկ աղոթք, Լուսավորչի Լիթանիան և այլ աղոթքներ:

     

    Երեկոյան հանգստի համար պատշաճ եղավ հուլիսի 15-ին Մնջախաղի Պետական Թատրոնի «Մացառուտ» բեմադրության դիտումը` Յուրի Կոստանյանի բեմադրությամբ և դերասանական անզուգական խաղով, որ խոր տպավորություն թողեց և խորհրդածության առիթ տվեց:

     

    Հոգևոր կրթությունն ամփոփվեց հուլիսի 17-ին` Սրբազան Հոր հետ հարցուպատասխանով, որ բոլոր այդ օրերին կրոնուսույցների հետ էր իր հայրական խորհուրդներով և աղոթակցությամբ:

     

    Կրոնուսուցման զարգացման ծրագրի շրջանակներում առաջիկա ամիսներին նախատեսված են հետևյալ գործողությունները`
    1.ԱՄՆ Սթյուբենվիլի համալսարանի կրոնուսուցման ինստիտուտի հետ համագործակցության շրջանակներում` առցանց աշխատարանների պատրաստություն և կրոնուսույցների մասնակցություն` առցանց դասընթացների ընթացքում,
    2.մանուկների համար պարզ կրոնագիտության դասագրքի հրատարակություն,
    3.կրոնուսուցման ընդհանուր ուղեցույցի մշակում,
    4.կրոնուսուցողական այլ տեսանյութերի և գրականության պատրաստում:
    Ծրագիրը հովանավորում են ԱՄՆ Եպիսկոպոսների Խորհուրդը` USCCB, և ֆրանսիական l’Ouvres d’Orient բարեսիրական կազմակերպությունը:

     

    17 հուլիսի, 2026թ.
    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

     

     

     

    Ավելի շատ լուսանկարներ տեսնելու համար կարող եք կայցելել Առաջնորդության ֆեյսբուքյան էջը

Օրացույց

Օրացույց