
Երեխայի լավագույն շահը
2026թ. հունիսի 11-19-ը Հայ Կաթողիկէ Առաջնորդությունը՝ օրհնությամբ և նախաձեռնությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, Ծաղկաձորի «Տիրամայր Նարեկի» ճամբարում կազմակերպեց ամառային ճամբար՝ Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների 10-13 տարեկան 100 պատանիների և աղջիկների համար: Ճամբարի կազմակերպական աշխատանքները կամավորության սկբունքով իրականացրեցին ՀԿԵՄ անդամները և այլ նվիրյալ երիտասարդներ՝ պրն. Նաիրի Հաջյանի համակարգմամբ և Տ. Հովսեփ Քհն. Գալստյանի պատասխանատվությամբ: Ճամբարի կազմակերպման մեջ իրենց անգնահատելի նպաստը բերեցին նաև Հայաստանի հայ կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերհ. Հ. Ներսես Ծ. Վրդ. Գալստյանը և Արժ. Տ. Միքայել Քհն. Դոմբուրյանը, Անարատ Հղության հայ քույրերը՝ ք. Նարինե Սիմոնյանը, ք. Մարիամ Հարությունյանը՝ սիրահոժար աջակցությամբ մեծավորուհի ք. Արուսյակ Սաճոնյանի, ով սիրով տրամադրեց ճամբարի տարածքը՝ որպես մեկ միասնական եկեղեցական առաքելության արտահայտություն: Սպորտային պարապմունքներն ու խաղերը մեծ վարպետությամբ ացնկացնում էր սպորտային մարզիչ պրն. Պետրոս Բաղդասարյանը: Երգեցողության դասը վարում էր երգեցողության ուսուցչուհի Մաքրուհի Խաչատուրյանը։
Ճամբարի նպատակը երեխաների համար լիարժեք հանգստի կազմակերպումն էր` ի նպաստ երեխայի լավագույն շահի, որը բխում է Տեր Հիսուս Քրիստոսի ավետարանական պատգամներից, մարդու լիարժեք զարգացման մասին Կաթողիկէ Եկեղեցու սոցիալական ուսմունքից և երեխայի իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավական փաստաթղթերի դրույթներից: Երեխայի լիարժեք հանգիստը ենթադրում է ոչ միայն ազատ ժամանց, այլև` ակտիվ ֆիզիկական հանգիստ և հոգևոր, բարոյական նկարագրի, սոցիալական հմտությունների զարգացման նպատակ ունեցող դասընթացների, զրույցների կազմակերպում` համայնքային սիրո և հաղորդության մթնոլորտում` բացառելով այն բացասական երևույթները, որոնց երեխաները հանդիպում են առօրյա կյանքում:
Ամառային ճամբարի օրերը լի էին աղոթքով, ամենօրյա Սուրբ Պատարագի մասնակցությամբ, դասընթացներով, որոնք անցկացվում էին զրույցների և երեխաների տարիքին հարմարեցված սեմինարների ձևաչափերով՝ քրիստոնեականի, բնապահպանության, ընկերային հարաբերությունների, հաղորդակցության, առաջնորդության և նախաձեռնողականության, նյութական արժեքների կառավարման, առողջ ապրելակերպի, աղետների կառավարման թեմաներով: Ակտիվ խաղերը՝ մրցումները, սպորտլանդիաները, ինտելլեկտուալ խաղերը լրացնում էին մնացած ժամանակը՝ լիարժեք դարձնելով հանգստի և զարգացման ներդաշնակությունը: Ութ օրերի ընթացքում երեխաների հետ աշխատեցին և վերջում Տեր Հիսուս Քրիստոսի զատկական խորհրդի դրվագները երեխաների հետ միասին բեմադրեցին՝ «ՆՓԱԿ» էքսպերիմենտալ արվեստի կենտրոնի դերասանները: Հունիսի 13-ին՝ Աստվածամոր Սուրբ Սրտի տոնին, ճամբարականները միասնական Վարդարանի թափոր կատարեցին դեպի ճամբարի բարձունքի խաչը: Հունիսի 18-ին տեղի ունեցավ երեք երեխաների Մկրտության Սուրբ Խորհրդակատարությունը: Նույն օրը ճամբարականներին իր ներկայությամբ և գեղեցիկ երգով մեծ ուրախություն պարգևեց Գերհ․ Հ․ Ներսես Ծ․ Վրդ․ Գալստյանի հրավերով ճամբար այցելած սիրված երգիչ Արկադի Դումիկյանը՝ եղբոր հետ միասին։ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը մշտապես իր ներկայությամբ ուրախացնում էր ճամբարականներին, որոնք վայելեցին նաև նրա հայրական քարոզներն ու խրատները, որոնք ամբողջ կյանքի համար են:
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
22 հունիսի, 2026թ.





