• Ամուսնական զույգերի օրհնության կարգ՝ Տեառնընդառաջի նախատոնակին, Գյումրիի Մայր Տաճարում

    Կարևորելով ամուսնական զույգերի հովվական ուղեկցությունը


    2026թ. փետրվարի 1-ի երեկոյան Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում հանդիսապետությամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, առընթերակայությամբ Ավագերեց Վարդապետ Հ. Ներսես Գալստյանի և համայնքների ժողովրդապետների, տեղի ունեցավ Տեառնընդառաջի Նախատոնակի երեկոյան ժամերգություն և Անդաստանօրհնեքի կարգ՝ Խարույկի շուրջ: Մասնակցեցին մոտ 15 զույգեր՝ Հայաստանի տարբեր համայնքներից, որոնք պսակվել են անցած տարվա ընթացքում:  Ժամերգությունից հետո տեղի ունեցավ մոմերի օրհնության կարգ, ապա զույգերը նորոգեցին իրենց ամուսնական խոստումներն Աստծո առաջ՝ առ այն, թե հավատարիմ եմ մնալու միմյանց և իրենց Սուրբ Պսակի միությանը՝ ամբողջ կյանքում: Խոստումից հետո նրանք միասին աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ աստվածային գերբնական շնորհապարգևներ խնդրելով իրենց ամուսնական սիրո, հավատարմության, Քրիստոսին նմանվելու, միմյանց մեջ Քրիստոսի ներկայությունը տեսնելու համար, ինչպես նաև Սրբազան Հոր և Հայ Կաթողիկէ Եկեղեցու դիտավորություններով: Աղոթքներից հետո վառված մոմերով դուրս եկան տաճարից և կատարվեց Քրիստոսի լույսը խորհրդանշող խարույկի վառման արարողությունը՝ Սուրբ Գրային ընթերցումներով, որից հետո կատարվեց Անդաստանօրհնէքի կամ աշխարհի չորս կողմերի օրհնության գեղեցիկ կարգը:

     

    Աղոթական արարողություններից հետո բոլորը միասին տաճարի ներքևի սրահում զրուցեցին սուրճի սեղանի շուրջ՝ Հ. Ներսես Վրդ. Գալստյանի հյուրասիրությամբ: Սրբազան Հայրն անդրադարձավ ամուսնական զույգերի հոգևոր առաջնորդությանը և աջակցությանը, որը հարկավոր է առավել զարգացնել համայնքներում: Ոչ բոլոր ամուսնական զույգերն ու ընտանիքներն են, որ կենդանի կապ ունեն հոգևոր հովիվների հետ, մինչդեռ նրանց հետ հաճախակի հաղորդակցությունը կարող է օգնել ընտանեկան և ամուսնական հարաբերություններում առաջացող խնդիրների, վեճերի լուծմանը, քրիստոնեական ամուր ընտանիքի կառուցմանը: Կարևոր է նաև, որ տարբեր համայնքներում ապրող զույգերը հաղորդակցվեն միմյանց հետ և մեկուսացված չլինեն, սա կարող է լինել լավ հնարավորություն փոխադարձ օգնության և եկեղեցական հաղորդության ամրացման համար: Ընտանիքի աջակցությունը շատ ծավալուն ոլորտ է հովվական աստվածաբանության մեջ և շատ բան պետք է  ձեռնարկել գործնականում: Սրբազանը խոսեց այն մասին, թե նախատեսում է առաջիկայում ավելի կամզակերպված բնույթ հաղորդել ընտանքիների հովվական ուղեկցման աշխատանքներին:

     

    Տ. Հովսեփ Քհն. Գալստյան

    Դիվան Առաջնորդության

    2 փետրվարի, 2026թ, Տօն Տեառնընդառաջի

     

Օրացույց

Օրացույց