
Սուրբ Աթոռի վերատեսչությունները փոխանցում են հովվական ծառայության դարավոր փորձառությունը՝ նորօծ եպիսկոպոսներին
Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանն այս օրերին Հռոմում է և մասնակցում է Սուրբ Աթոռի տարբեր Վերատեսչությունների կողմից կազմակերպված վերապատրաստության դասընթացներին, որոնց մասնակցում է ընդհանուր թվով 192 եպիսկոպոսներ` բոլոր մայրցամաքներից և գրեթե բոլորը ձեռնադրված անցած տարի: Դասընթացները սկսվել են սեպտեմբերի 3-ին և կշարունակվեն մինչև սեպտեմբերի 11-ը:
Ըստ սովորության, սեպտեմբերին անցկացվող այս վերապատրաստության դասընթացները դարձել են Հռոմեական կուրիայի ծրագրի անբաժանելի մասը: Սեպտեմբերի 8-9-ի դասընթացները անցկացվել են Պապական Ուրբանյան Համալսարանում: Մասնակցել են նաև Եպիսկոպոսների Վերատեսչության անդամ եպիսկոպոսները:
78 նոր ձեռնադրված եպիսկոպոսներ մասնակցում են Ավետարանացման Վերատեսչության կողմից կազմակերպված վերապատրաստության դասընթացներին, իսկ 114-ը՝ Եպիսկոպոսների Վերատեսչության դասընթացներին: Վերջիններիս թվում 5-ը՝ արևելածես եպիսկոպոսներ են (Արևելյան Եկեղեցիների Վերատեսչության ենթակայության ներքո), այդ թվում և Հայ Կաթողիկէ Առաջնորդության Արքեպիսկոպոս Արհ. Տ. Գևորգ Նորատունկյանը, և 5-ը՝ Հռոմեական կուրիայում ծառայող նոր ձեռնադրված եպիսկոպոսներ:
Դասընթացների մասնակից եպիսկոպոսներն ունկնդրում են դասախոսություններ, մասնակցում են կոնկրետ թեմաներով քննարկումների, կլոր սեղանների, ինչպես նաև առանձին վերապատրաստության դասընթացների:
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 6-ի առավոտյան, եպիսկոպոսներն անցան Սուրբ Դռնով, ապա մատուցվեց ընդհանուր Սուրբ Պատարագ և տեղի ունեցավ Պետրոս Առաքյալի մասունքներին հարգանքի աղոթական տուրք մատուցելու արարողություն Սբ. Պետրոսի տաճարում: Կիրակի՝ սեպտեմբերի 7-ին, վերապատրաստության դասընթացների համար Հռոմում հավաքված բոլոր եպիսկոպոսները Սբ. Պետրոսի տաճարում մասնակցեցին հանդիսավոր Սուրբ Պատարագին՝ նվիրված Պիեր Ջորջիո Ֆրասսաթիի և Քարլո Աքութիսի սրբադասմանը:
Մասնակից եպիսկոպոսները սեպտեմբերի 8-ին միասնական Սուրբ Պատարագ ունեցան Սանթա Մարիա Մաջիորե բազիլիկ տաճարում` նախագահությամբ հայտնի աստվածաբան Կարդինալ Քրիստոֆ Շյոնբորնի: Սեպտեմբերի 10-ին՝ Սբ. Պետրոսի Պապական Վարժարանում տեղի կունենան եզրափակիչ դասընթացները և դասախոսությունները: Հինգշաբթի՝ սեպտեմբերի 11-ին նոր ձեռնադրված եպիսկոպոսներին կընդունի Սրբազան Լևոն ԺԴ Պապը:
Նոր ձեռնադրված եպիսկոպոսների համար կազմակերպվող վերապատրաստության դասընթացների ավանդույթը սկսվել է 1994թ.-ից՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել նրանց համար ծառայության սկզբում դիմակայել եպիսկոպոսական ծառայության հետ կապված բազմաթիվ մարտահրավերներին, ինչպես նաև աղոթքի և երկխոսության համատեղ օրեր անցկացնել Հռոմում՝ ամբողջ աշխարհից հավաքված եղբայր եպիսկոպոսների հետ:
Հոդվածի աղբյուրը` Agenzia Fides, 2/9/2025
Պատրաստեցին` Գոհար Սողոմոնյան, Տ․ Հովսեփ Գալստյան
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց





