
Անցյալի հոգևոր հարուստ ժառանգության գնահատման և վերարժևորման ճանապարհով
2025թ. օգոստոսի 10-ին Ալաստան գյուղում նշվեց Մխիթարյան միաբանության մեծանուն հայրերից մեկի՝ ծնունդով ալաստանցի՝ Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի ծննդյան 130-ամյակը: Այս առթիվ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ձեռամբ տեղի ունեցավ գյուղի մուտքի մոտ կառուցված Խաչի օրհնության և օծման արարողությունը: Խաչը տեղադրվել է ծնունդով ալաստանցի, ռուսաստանաբնակ Թումաս Դուդուկչյանի նախաձեռնությամբ և միջոցներով: Մեծ թվով հավատացյալների բազմություն էր հավաքված այս գեղեցիկ տոնակատարության առթիվ: Սրբազան Հորն ընկերակցում էին Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը և Մխիթարյան միաբանության սան, ծնունդով հալեպցի, մեծանուն հայագետ, բժիշկ-սրտաբան Հակոբ Այնթափլյանը: Ալաստանցիները նրանց դիմավորեցին գյուղի մուտքի մոտ:
Խաչի օրհնության և օծման արարողությունից հետո հավաքված բազմությունը շարժվեց դեպի գյուղի Վերափոխումն Սուրբ Աստվածածնի հայ կաթողիկէ եկեղեցին: Այն կառուցվել է 1856թ.՝ համայնքի ուժերով: 2008թ. ծնունդով ալաստանցի բարերարների և գյուղի հավատացյալների միջոցներով եկեղեցին վերանորոգվեց: 2008 թվականից ի վեր եկեղեցին չէր վերօծվել, և վերաօծման հոգեպարար արարողությունը վերջապես կատարվեց Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի ձեռամբ, նաև մատուցվեց անդրանիկ Սուրբ Պատարագը: Այնուհետև վերաօծված եկեղեցու բակում տեղի ունեցավ Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի հոգեհանգստյան արարողությունը, հուշաքարի բացումը, օրհնվեց Վարդապետ Փեչիկյանի Սբ. Ղազար կղզում գտնվող գերեզմանից բերված հողը և լցվեց եկեղեցու շուրջ՝ գերեզմանների կողքին: Արարողությունից հետո գյուղի մատուռում կատարվեց աղոթք: Ճաշից հետո Ալաստանի մշակույթի տանը՝ երեխաների մասնակցությամբ տեղի ունեցավ Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի ծննդյան 130 ամյակին նվիրված միջոցառում: Միջոցառման ընթացքում Սրբազան Հայրն իր շնորհակալության և հիացմունքի խոսքերն ասաց հայ ժողովրդի հավատքի հզորության և տոկունության մասին: Բժիշկ Հակոբ Այնթափլյանը խոսեց իր ուսուցչի՝ Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի նկարագրի և իր Մխիթարյան կրթության մասին: Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը ներկայացրեց Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի անտիպ ստեղծագործությունները, որից հետո ցուցադրվեց Հ. Գևորգի կողմից պատրաստված վավերագրական ֆիլմը Հ. Եղիա Վրդ. Փեչիկյանի մասին: Գյուղի տարեցները վերհիշեցին Մխիթարյան միաբանության սրբակենցաղ հորը, իսկ երիտասարդները ճանաչեցին մեծանուն վարդապետին:
Տեղեկություններ Ալաստան գյուղի մասին
Ջավախքի Ալաստան հայ կաթողիկէ գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1929-1930թթ. փոխադրվել են Կարնո Արծաթի և Թվանջ գյուղերից: Գյուղն ամբողջովին կաթողիկէ է, տվել է 10-ից ավելի հոգևորականներ: Ալաստանում է մանկությունն անցկացրել Կարդինալ Աղաջանյանը, քանի որ մայրը ծնունդով Ալաստանից էր:
Գյուղի եկեղեցին թվագրվում է 10-11-րդ դարերով: Ի սկզբանե եղել է բյուզանդածես եկեղեցի, սակայն 1830-ականներին այստեղ հաստատված հայ կաթողիկէները նորոգել և օծել են այն որպես հայ կաթողիկէ եկեղեցի: 1856թ. դրանից մի փոքր դեպի արևմուտք հիմնվել է նոր, ավելի ընդարձակ եկեղեցի, որը և ներկայիս վերաօծված եկեղեցին է:
Նյութերը սիրով տրամադրեց Գերպ. Հ. Գևորգ Վրդ. Սարգսյանը
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց
18 օգոստոսի, 2025թ.





