• 2-րդ օր. Ուխտագնացություն դեպի Հռոմ

    1 օգոստոսի, 2025թ.


    2025թ. հուլիսի 30-ին հայ ուխտավորներն այցելեցին Հռոմի Լեւոնյան Հայկական Վարժարան եւ նախ Վարժարանին պատկանող Սուրբ Նիկողայոս Տոլենտինացու եկեղեցում մասնակցեցին Սուրբ Պատարագի, որը մատուցեց Արհ. Տ. Գեւորգ Արքեպս. Նորատունկյանը` առնըթերակայությամբ ուխտավորներին ուղեկցող 4 հոգեւոր հայրերի եւ ներկայությամբ Պոլսի Հայ Կաթողիկէների Առաջնորդ Գերհ. Հ. Վարդան Ծ. Վրդ. Գազանճյանի։

     

    Նորատունկյան Սրբազանը քարոզի մեջ երիտասարդների ուշադրությունը հրավիրեց հոբելյանական ուխտագնացության խորհրդի վրա` հրավիրելով ավելի խորությամբ մտածել Հույսի եւ Կաթողիկէ ինքնության մասին, որը լավագույն ձեւով արտահայտվում է մանավանդ տարբեր ազգությունների հավատացյալ երիտասարդների միասնականության մեջ` եկած աշխարհի տարբեր երկրներից եւ կիսելով միեւնույն կաթողիկէ հավատքն ու հույսը.

     

    “Այս է Կաթողիկէ լինելու ամբողջ հոգեւոր  հարստությունը հայ ժողովրդիս համար, սիրելի երիտասարդներ, երբ բոլորը նույն հավատքով ժողովվում են մեկտեղ` մի կողմ թողնելով տարաձայնությունները եւ թշնամանքը,  քանդելով պատերը, պատնեշները եւ ամրացնելով միեւնույն հավատքը”:

     

    Սուրբ Պատարագից հետո ուխտավորները Սրբազան Հոր առաջնորդությամբ ճանաչողական շրջայց կատարեցին Լեւոնյան Վարժարանում, ծանոթացան հոգեւոր ուսումնական նշանավոր կաճառի պատմական անցյալին եւ ներկային, տեսան Աստծո Ծառա Վսեմաշուք Կարդինալ Գրիգոր Պետրոս ԺԵ Աղաջանյան Կաթողիկոս Պատրիարքի սենյակին, թանգարանային նմուշներին եւ նրա թողած ժառանգության վկայություններին։ Ողջ Հայ Կաթողիկէ Եկեղեցին աղոթում էր Աստծո Ծառա Կարդինալ Աղաջանյանի սրբադասման համար։

     

    Տ. Հովսեփ Գալստյան

     

Օրացույց

Օրացույց