
Հաստատուն մնալ աստվածային կոչմանը հետևելու մեջ
2025թ. հուլիսի 26-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցավ ճեմարանական Էմմանուել Մուրադյանի փոքր կարգերի եւ կիսասարկավագության տվչության գեղեցիկ արարողությունը։ Նախ կատարվեց փոքր կարգերի տվչության խորհրդավոր արարողությունը, որն իր մեջ ներառում է սաղմեսերգուների, ավելածուների, դռնապանության, ընթերցողության, երդմնեցուցչության, ջահընկալության կարգերը, որոնցից հետո՝ կիսասարկավագության կարգը: Սրանք ներածական աստիճաններ են, որոնք պատրաստում են քահանայական ծառայության:
Իր քարոզում Սրբազան Հայրն ասաց.
«Մեծ ուրախություն է այսօր, որ վայելում ենք Աստծո շնորհը, որ տրվում է Մուրադյան ընտանիքին, որտեղից Տերն Էմմանուելին կանչեց քահանայական ծառայության: Այս կոչումը իրականում տարիների պատմություն ունի, այն սկսեց դողդոջուն ձեռքերով և վախկոտ ոտքերով առաջանալով դեպի Խորան՝ Պատարագին սպասավորելու համար … Դա ոչ այլ ինչ է, քան՝ Աստծո միջամտությունը մեր կյանքի նրբությունների մեջ: Աստծո Հոգին առաջնորդելու էր մեր եղբայր Էմմանուելի քայլերը և ստիպելու էր նրան գնալու հեռուները՝ փնտրելով իմաստություն, գիտություն՝ սկսելու իր ճեմարանական ուսումը՝ աստվածաբանության և եկեղեցաբանության մեջ: Հաջող արդյունքներով նա ավարտեց իր ուսումը և ստացավ կիսասարկավագության աստիճանը, որը նրան շնորհեց եկեղեցում սպասավորելու իրավունքներ: Սրանով չի ավարտվելու նրա ծառայությունը Եկեղեցում: Նրա երազանքն է՝ ընդառաջելով Աստծո կոչին, զգեստավորվել պատարագելու համար, ծառայելու ամեն մի հավատացյալի, որ ծարավն ունի աստվածային մխիթարության և Սուրբ Հոգու շնորհների: Մի որոշ ժամանակ հետո, չի բացառվում, որպեսզի նորից հանդիպենք այստեղ՝ ձեռնադրության և քահանայական ծառայությանդ սկիզբ դնելու համար»:
Սրբազանը եղբայր Էմմանուելին զգուշացրեց, որ սատանան հիմա ավելիով է ջանալու շեղել նրան քահանայական ծառայություն սկսելու բարի տրամադրվածությունից, որպեսզի ձախողվի. «Արթու՛ն եղիր և հսկի՛ր կոչմանդ վրա, առիթ մի՛ տուր, որ որևէ մեկը կարողանա քեզ ասել, թե ինչի՞ց ես հրաժարվել՝ ընտրելով քահանայական ծառայությունը, պետք է կարողանաս այնպես ապրել կոչումդ, որ որևէ մեկը չկարողանա այդպիսի հարց տալ քեզ»:
Էմմանուել Մուրադյանը սովորում է Լեհաստանի Վարշավայի բարձրագույն հոգեւոր մետրոպոլիտական ճեմարանի վեցերորդ կուրսում եւ կավարտի հաջորդ տարի։
Դիվան Հայ Կաթողիկէ Առաջնորդության
28 հուլիսի, 2025թ.





