• Բակային ճամբարներ` Բավրայում և Ղազանչիում

    <<Թույլ տվեք երեխաներին և մի արգելեք, որպեսզի ինձ մոտ գան, որովհետև այդպիսիններին է երկնքի արքայությունը>>Մտթ․ 19։14


    2025թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 5-ը Բավրայում, իսկ հուլիսի 21-25-ը Ղազանչիում կազմակերպվեցին ամառային բակային ճամբարներ: Բավրայում ճամբարը կազմակերպեցին Մարիամի Լեգեոնի «Մայր Հույսի» երիտասարդական պրեզիդիումի անդամները` «Հույսի Որդիներ» խորագրով, որին մասնակցեցին 25 երեխաներ, իսկ Ղազանչիում` Մարիամի Լեգեոնի «Մայր Երիտասարդաց» պրեզիդիումի անդամները` 35 երեխաների մասնակցությամբ: Երկու համայնքներում էլ ճամբարային օրակարգը հարուստ էր և՜ աղոթքով, և՜ հոգևոր զրույցներով, և՜ հմտությունները զարգացնող տարատեսակ նախաձեռնություններով: Օրակարգերն ամբողջությամբ մշակել էին երիտասարդները` հոգևոր հովվի առաջնորդությամբ:

     

    Հոգևոր զրույցների ժամանակ դիտում էին Սուրբ Գրքի պատմությունները և քննարկում` յուրաքանչյուրին հնարավորություն տալով արտահայտել սեփական պատկերացումները և ընկալումները` սուրբգրային իրադարձությունների մասին` Աստծո Խոսքը դարձնելով ավելի գրավիչ և կարևոր իրենց կյանքում: Բավրայում հոգևոր զրույցները վարում էին երիտասարդները, իսկ Ղազանչիում` չափահաս լեգեոնականները, ովքեր նաև գյուղում կազմակերպում են կանոնավոր կրոնի դասեր: Հմտությունների զարգացման նպատակով անցկացվել են բնապահպանական թեմայով քննարկումներ, գիտելիքներով զինում, տարածքի պահպանության գործողություններ, սպորտային, երգեցողության, նկարչական հմտությունների և պատկերացման զարգացնող գործողություններ: Օրվա երկրորդ կեսը միշտ հագեցած է եղել սպորտային խաղերով:

     

    Նվիրյալ երիտասարդների կազմակերպչական ջանքերին մեծապես սատարեցին ծնողներն` իրենց զավակներին խրախուսելով կանոնավոր մասնակցել ճամբարի օրակարգին և հետևել կանոններին, սովորել հանձնարարվածը, լինել ընկերասեր:

     

    Ճամբարների կազմակերպմանը փոքրիկ հովանավորություններով օգնել են անհատ բարերարներ և ծնողները:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Եկեղեցու
    25 հուլիսի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց