
Հույսով առաջնորդված
Հույսի Հոբելյանական տարվա առիթով և արձագանքելով Սրբազան Պապի հրավերին՝ Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի հայ կաթողիկէ 50 երիտասարդներ՝ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի և 4 հոգևոր հայրերի առաջնորդությամբ կմեկնեն Հռոմ՝ ուխտագնացության և մասնակցելու Երիտասարդների Հոբելյանական օրերին, որոնք տեղի կունենան 2025թ. հուլիսի 29-ից օգոստոսի 3-ը: Այս 25 տարին մեկ տեղի ունեցող հոգևոր ձեռնարկին ամբողջ աշխարհի կաթողիկէ համայնքներից կմասնակցեն ավելի քան կես միլիոն երիտասարդ, ովքեր հրավիրված են հնագույն սրբավայր քաղաքում միասին անցկացնելու ուխտի և հոգևոր ապրումի, ապաշխարության և հոգևոր վերանորոգման, Սրբազան Պապի հետ միասնական աղոթքի անմոռանալի պահեր:
Հայ երիտասարդների օրակարգը բավական հագեցած է՝ ներառելով ուխտագնացություններ Հռոմի գլխավոր սրբավայրերը՝ Սուրբ Պետրոսի Մայր Տաճարը, թափոր և անցում Սուրբ Դռնով, այցելություն պապական գետնադամբաններին, այլ եկեղեցիներ՝ Մարիա Մաջիորե Մայր Տաճար, որտեղ ամփոփված է Ֆրանցիսկոս Պապի մարմինը, Լաթերանի և Սբ. Պողոսի տաճարներ, այլ սրբերին նվիրված բազմաթիվ եկեղեցիներ՝ Հռոմի պատմական կենտրոնում, ծանոթություն Հռոմի քաղաքակրթական ժառանգությանը, նաև՝ հեթանոսական անցյալին, նահատակված քրիստոնյաների գետնադամբաններին, այցելություն Սբ. Ֆրանցիսկոս Ասսիզեցու և Սրբուհի Քիարայի սրբավայրերը՝ Ասսիզի քաղաքում, Սրբուհի Ռիտայի սրբավայրը՝ Քաշիա քաղաքում, միասնական ապաշխարություն, խոստովանություններ և գիշերային հսկում՝ Լևոն ԺԴ Սրբազան Պապի հետ միասին, հանդիպում և միասնական աղոթք հայ կաթողիկէ սփյուռքահայ տարեկիցների հետ, այցելություն Լևոնյան հայկական վարժարան, հաղորդակցություն այլազգի կաթողիկէ երիտասարդների հետ՝ նրանց հետ միասին կիսելով նույն Սուրբ Պատարագի Սուրբ Հաղորդությունը, որը քրիստոսապատվեր եկեղեցական միության հիմքն է:
Հայ երիտասարդներն իրենց հոգևոր հայրերի առաջնորդությամբ սրբավայրերում կաղոթեն Հայ Կաթողիկէ Եկեղեցու և Առաջնորդության հոգևոր բարօրության, սրբության, հիվանդների առողջության, հայ հասարակության միաբանության, բոլորիս ապաշխարության և հավատքի և հույսի ամրության դիտավորություններով:
Ամենայն սուրբք Երկնի, բարեխօսեցե՛ք վասն հայ ուխտավորացս եւ Հայ Կաթողիկէ համայն Եկեղեցւոյս մեր. Ամեն:
24 հուլիսի, 2025թ.
Տ. Հովսեփ Քհն. Գալստյան
Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան





