«Դուք հույս եք սերմանում քրիստոնյա արևելքում…»
2025թ. հունիսի 26-ին ՌՈԱՔՈ-յի 98-րդ լիագումար նստաշրջանն ավարտվեց Ն.Ս. Լևոն ԺԴ Քահանայապետի հետ ժողովականների հանդիպմամբ, որին մասանկցում էր նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը:
Նորին Սրբությունը ջերմորեն ողջունելով ժողովականներին՝ ընդգծեց, որ ՌՈԱՔՈ-յի անդամների նպաստը Արևելքի քրիստոնյաների կյանքին «ավետարանական ուրախություն է և հույսի առաքելություն»: Նա ասաց.
«Շնորհակալություն Ձեզ, որովհետև Ձեր նվիրատուների հետ միասին դուք հույս եք սերմանում քրիստոնյա արևելքում… որ ավերված է պատերազմներից, պարուրված է ատելության վերմակով, որն օդը դարձնում է անշունչ և թունավոր… Դուք թթվածին եք Արևելյան Եկեղեցու համար և փայլող հույս՝ ատելության խավարում»:
Պապը խնդրեց, որպեսզի շարունակեն ամեն ջանք գործադրել՝ Արևելքի թանկարժեք և վիրավոր եկեղեցիներին օգնելու համար: Նա իր խոսքը կենտրոնացրեց երեք նյութերի շուրջ՝ հակամարտություններ, ավետարանական վկայություն և Արևելյան Եկեղեցիների վերարժևորումը Տիեզերական Եկեղեցում:
«Հետևենք Քրիստոսին, ով մեզ կոչ է ուղղում դարմանելու պատմության վերքերը միայն Իր փառավոր Խաչի զորությամբ, որտեղից ցայտում է ներման ուժը, նորից սկսելու հույսը, կաշառակերության ծովում ազնիվ և թափանցիկ մնալու պարտականությունը, -ասաց Նորին Սրբությունը՝ հրավիրելով հետևել Քրիստոսին, և ուզեց շնորհակալություն հայտնել և ողջագուրել բոլոր քրիստոնյաներին, ովքեր գիտեն չարիքին պատասխանել բարությամբ,- շնորհակալությու՛ն եղբայրներ և քույրեր, ձեր տված վկայության համար, հատկապես, երբ մնում եք ձեր երկրներում՝ որպես Քրիստոսի աշակերտներ և վկաներ»:
Պապը խոսեց նաև Արևելքի քրիստոնյաների ապրած բռնությունների և խոշտանգումների մասին, արևելյան ծիսակատարությունների գեղեցկության մասին, որոնք «հարուստ են խորհրդավորությամբ և անդադար ներման խնդրանք են աղերսում մարդկության համար»:
Լևոն ԺԴ Պապը համոզված է, որ Արևմտյան աշխարհը պետք է ավելի լավ ճանաչի իրենց արևելյան եղբայրներին և քույրերին, նրանց հոգևոր ժառանգությունը, որպեսզի կարողանա ավելի շատ սիրել, որովհետև «քրիստոնյա Արևելքը կարող է պաշտպանված լինել միայն այն ժամանակ, երբ սիրված է, երբ ճանաչված է»:
Քահանայապետն իր ուղերձը ավարտեց հավատքի միասնական աճը վստահելով Սուրբ Կույս Մարիամին և Սուրբ Պետրոս ու Պողոս առաքյալների բարեխոսությանը՝ իր օրհնությունը բերելով ներկաներին և նրանց քաջալերելով շարունակել բարեգործական աշխատանքները՝ ի բարօրություն Արևելքի ժողովուրդների:
Աղբյուրը՝ Vatican News
Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց