• Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը մասնակցում է ՌՈԱՔՈ-յի 98-րդ լիագումար նստաշրջանին

    Քրիստոնեական եղբայրասիրությունը՝ ընդգրկելով Արևելքի քրիստոնյաներին


    2025թ. հունիսի 23-26-ը Հռոմում տեղի է ունենում ՌՈԱՔՈ-յի՝ Արևելյան Եկեղեցիներին օգնություն տրամադրող գործակալությունների միավորման, 98-րդ լիագումար նստաշրջանը, որի ընթացքում քննարկվում են Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների ներկայիս վիճակը և խնդիրները, որոնք պահանջում են հրատապ լուծումներ կամ ֆինանսական աջակցություն: Նստաշրջանին մասնակցում է նաև Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը:

     

    Հունիսի 24-ին նստաշրջանի բացումը տեղի ունեցավ Սուրբ Պատարագի մատուցմամբ՝ ձեռամբ Նորին Վսեմություն Կարդինալ Կլաուդիո Գուջերոթթիի, ով ի պաշտոնե՝ որպես Արևելյան Կաթողիկէ Եկեղեցիների Վերատեսչության Պրեֆեկտ, նախագահում է ՌՈԱՔՈ-յում: Սուրբ Պատարագը մատուցվել է Արևելյան Եկեղեցիներին մշտապես սատարող ողջ և ննջեցյալ բարերարների դիտավորությամբ, ինչպես նաև՝ խաղաղության համար, Տիրոջը վստահելով պատերազմների հետևանքով տառապող երկրների ժողովուրդներին:

     

    Սուրբ Պատարագից հետո ներածական խոսքով հանդես եկավ Կարդինալ Կլաուդիո Գուջերոթթին, ապա Երուսաղեմի լատինածես համայնքի Պատրիարք կարդինալ Պիերբատտիստա Պիցաբալլան նիստի մասնակիցներին ներկայացվեց Սուրբ Երկրում՝ Երուսաղեմում և հարակից սրբավայրերում, տիրող ներկա իրավիճակը, Գազայում տեղի ունեցող դեպքերը: Ապա ներկայացվեց Սուրբ Երկրին օգնելու համար կատարվող ամենամյա «Pro Terra Sancta» դրամահավաքի 2024-ի ընթացքում ամբողջ աշխարհից հավաքված հանգանակությունների մասին տեղեկատվություն:

     

    Կեսօրից հետո ժողովականներին հայ կաթողիկէ համայնքների վերաբերյալ զեկույցներ ներկայացրեցին նախ Հայաստանում և Վրաստանում Առաքելական Նվիրակ, Արքեպիսկոպոս Արհ. Անտե Յոզիչը և ապա՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկէների Առաջնորդ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանը:

     

    Նորատունկյան Սրբազանը մանրամասն ներկայացրեց իր եկեղեցական իրավասության ներքո գտնվող հսկա տարածաշրջանում ապրող հայ կաթողիկէ համայնքների համառոտ պատմությունը՝ կոմունիստական տարիների հալածանքներից, աքսորից, 1992-ի վերահաստատումից մինչև մեր օրերը, հավատքի պահպանության ջանքերը համայնքներում, հոգևոր զարթոնքի ընթացքը, ներկա մարտահրավերները, ձեռքբերումները և խնդիրները, իր նշանակմամբ մեկնարկած խորքային բարեփոխումները՝ հոգևոր ծառայության, Ավետարանի քարոզության և Առաջնորդության ֆինանսատնտեսական համակարգի արդիականացման ուղղություններով:

     

    ՌՈԱՔՈ-յի նստաշրջանը կամփոփվի հունիսի 26-ին՝ ժողովականների՝ Ն.Ս. Լևոն ԺԴ Պապի հետ հանդիպմամբ:

     

    Դիվան Առաջնորդության Կաթողիկէ Հայոց

    24 հունիսի, 2025թ.

     

     

     

Օրացույց

Օրացույց