• Գյումրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Տիրոջ Սուրբ Մարմինն ու Արյունն առաջին անգամ ընդունեցին 16 երեխաներ

    Տոն, որը միշտ կմնա նրանց հետ


    2025թ. հունիսի 15-ին Գյումրիի Սրբոց Նահատակաց Հայ Կաթողիկէ Մայր Տաճարում Առաջին Սուրբ Հաղորդություն ստացան Անարատ Հղության հայ քույրերի միաբանության Տիրամայր Հայաստանի կենտրոնի 16 սաներ՝ ձեռամբ Արհ. Տ. Գևորգ Արքեպս. Նորատունկյանի, հընթացս Սուրբ Պատարագի հոգեպարար արարողության: Միաբան քույրերը հավուր պատշաճի կազմակերպել էին երեխաների պատրաստությունը՝ այս խորհրդավոր տոնական իրադարձության համար, որի հիշատակը երեխաների սրտերում մնալու է ամբողջ կյանքի ընթացքում:

     

    Սրբազան Հայրն իր քարոզում նախ խոսեց Կենաց Հացի մասին, որ Սուրբ Հաղորդության Հացն է.

     

    «Կենաց Հացը Ինքը Տերն է: Ավետարանում մեր Տերն ասում է՝ Ես եմ Կյանքի Հացը, կերակուրը, այսինքն՝ այն ամենն, ինչ անհրաժեշտ է կյանքի պահպանության համար: Տերը կամեցավ մեզ հետ լինել Հացի կերպարանքի տակ»:

     

    Ապա խոսեց ճերմակ հագուստի մասին, որ հագնում են առաջին անգամ Սուրբ Հաղորդություն ստացողները: Այդ հագուստը հիշեցնում է մկրտության սպիտակափայլ պատմուճանը.

     

    «Այս սպիտակ հագուստը ունի մկրտության պատմուճանի նույն անմեղությունը, թափանցիկությունը և մաքրությունը… սպիտակ հագուստը ցույց է տալիս սրտի մաքրությունը, ճերմակությունը… երեխայի սիրտը պղտորողը մենք ենք՝ մեծահասակները, հետևաբար, մենք պետք է բծախնդիր լինենք ինքներս մեր հանդեպ, որպեսզի նրանց հոգիները չպղտորենք… Այսօրվա Սուրբ Հացի հետ միասին ուրիշ մեղսալից կերակուրներ չպետք է տանք նրանց: Այլ պետք է միշտ ջանանք զորացնել նրանց սրտերն ու հոգիները»:

     

    Սուրբ Պատարագի արարողությունից հետո Սրբազան Հայրը 16 մանուկների և քույրերի հետ միասին ներկա գտնվեց Տիրամայր Հայաստանի կենտրոնում կազմակերպված տոնական հյուրասիրությանը՝ կիսելով երեխաների և քույրերի անհուն բերկրանքը՝ ուրախություն, որը մի գեղեցիկ երանգ է հաղորդում նրանց դժվարին կյանքին, որտեղ կա լիարժեք ծնողավարության, ծնողական ջերմության պակաս, որը սակայն իրենց սիրով ջանում են լրացնել Անարատ Հղության միաբան քույրերը՝ խնամելով նրանց և դարձնելով հասարակության լիարժեք անդամներ, լավ քրիստոնյաներ:

     

    Դիվան Հայ Կաթողիկէ Առաջնորդության

    16 հունիսի, 2025թ.

     

Օրացույց

Օրացույց