Ճանաչողական այցելություն
Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի Հայ Կաթողիկէ Եկեղեցու Առաջնորդ Արհ․ Տ. Գևորգ Արքեպս․ Նորատունկյանն այսօր ճանաչողական այցելություն է տվել Շիրակի մարզպես Դավթի Առուշանյանին: Սրբազան Հորն ուղեկցում էր Հայաստանի Հայ Կաթողիկէ համայնքների Ավագերեց Գերպ․ Հ․ Ներսես Վրդ․ Գալստյանը։
Ողջունելով Առաջնորդին` Շիրակի մարզպետը նախ շնորհավորել է Հայ Կաթողիկե եկեղեցու առաջնորդի պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել հաջողություններ ու ձեռքբերումներ` կարևոր առաքելության մեջ.
«Ինձ համար պատիվ է հյուրընկալել Ձեզ, Սրբազան Հայր, ուրախ եմ հանդիպման համար և վստահ եմ, որ մեր ճանաչողական այս հանդիպումը նոր գործակցության, փոխադարձ հետաքրքրության հարցերի լայն շրջանակ քննարկելու հնարավորություն է։ Ուրախ եմ, որ Ձեր նստավայրը Գյումրիում է և Ձեր հովանու ներքո գործող հաստատությունների հետ մեր համագործակցությունը, որ երկար տարիների փորձություններով ամրապնդված բարեկամություն է դարձել, կամրապնդվի այսուհետ։ Հավատացնում եմ՝ մենք պատրաստ ենք Ձեզ հետ համատեղ անել հնարավորը մեր մարզի բնակիչների հոգսերի թեթևացման, խնդիրների լուծման ու օգտակար նախաձեռնություններ իրականացնելու համար»։
Արհ. Տ. Գևորգ Արքեպիսկոպոս Նորատունկյանը շնորհակալություն է հայտնել Դավիթ Առուշանյանին ընդունելության համար և նշել, որ հանդիպում նախաձեռնելու նպատակն իր համար եղել է հենց համագործակցության ամրապնդումը․
«Պարոն մարզպետ, Աստված թող հաստատ պահի Ձեզ, Ձեր հավատն ու նվիրվածությունը հայրենի մարզի հանդեպ, առանց սայթաքումի առաջ շարժվեք ու դյուրին լինի Ձեր ընթացքը, վստահ եմ՝ եթե կա փոխադարձ ցանկություն ու կամք կկարողանանք մեր ջանքերն ուղղել հոգսերի թեթևացմանը»։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր բնագավառներում հետաքրքրություն ներկայացնող հարցերի, համագործակցության և Հայ Կաթողիկէ Եկեղեցու հովանու ներքո Շիրակի մարզում գործող հաստատությունների գործունեության վերաբերյալ։
12 հունիսի, 2025թ․
Աղբյուրը` ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջ